Այսօր անհնար է պատկերացնել Երևանն առանց Իտալական փողոցի

Այսօր անհնար է պատկերացնել Երևանն առանց Իտալական փողոցի
_Սեպտեմբերի 13-ի համարում տեղ գտած «ԱԱԾ-ն նոր բացահայտում է խոստանում» վերնագիրը կրող հոդվածում այսպիսի տողեր կային՝ «...նաեւ առաջին «էլիտարն» Անգլիական այգում: Այդ շենքի, ինչպես նաեւ «Կոնգրես» հյուրանոցի կառուցման համար ահռելի տարածք «կտրեցին» այգուց: Ապօրինի այս որոշումն իր ստորագրությամբ եւ Քոչարյանի հրահանգով վավերացրել էր Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր»: Այս հատվածին արձագանքել է Նարեկ Սարգսյանը։ Պարզաբանումը տպագրում ենք ամբողջությամբ․_



««Ռենկո» ընկերության կողմից Երեւանի Սպանդարյանի գործկոմի (նախկին քաղաքային դումայի) շենքի, էլիտար բնակելի շենքի տարածքի եւ «Երեւան» հյուրանոցի առքուվաճառքի գործընթացները տեղի են ունեցել, հավանաբար, 1998 թվականին: Ես նշանակվել եմ Երեւանի գլխավոր ճարտարապետ 1999թ. նոյեմբերի վերջին եւ որեւէ առնչություն չեմ ունեցել այդ պայմանագրերին:



Մինչ այդ՝ 1998-1999թթ., Երեւանի քաղաքապետարանի կողմից քաղաքաշինական խորհրդին է ներկայացվել վերը նշված շենքի վերակառուցման նախագիծը, որի համաձայն՝ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված փողոց (ներկայիս՝ Իտալական) պետք է կառուցվեր, եւ շենքը պետք է վերակառուցվեր երկու կցակառույցի ավելացումով, նույն տարածքում, Շահումյան հրապարակի ետնամասի այգու հաշվին, իսկ փողոցը պետք է անցներ շենքի տակի կամարանցումով:



Հիշյալ նախագիծը հավանության չէր արժանացել: Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո իմ կողմից մոտեցումները փոխվել-վերանայվել են:



Երեւանի քաղաքաշինական խորհրդի համաձայնությամբ ես առաջարկել եմ պահպանել շենքի զբաղեցրած հատվածի հողամասի միայն այն հատվածը, որը չի խոչընդոտում ապագա Իտալական փողոցի բացման հնարավորությանը՝ Մյասնիկյան-Շահումյան հրապարակի զբոսայգին անխզելի շարունակելով նաեւ շենքի զբաղեցրած մյուս տարածքի հաշվին: Արդյունքում այգու տարածքի կորուստ տեղի չի ունեցել: «Կոնգրես» հյուրանոցի շենքը կառուցվել է փողոցի աջ կողմում, իսկ զբոսայգին բացվել է մինչեւ Շահումյան հրապարակ:



Այս տարբերակով «Ռենկո» ընկերությունը մեր բանակցությունների արդյունքում պարտադրված իր վրա է վերցրել Իտալական փողոցի կառուցման ամբողջական ֆինանսավորումը: Միաժամանակ, նրանց թույլատրվել է փողոցի իրականացման ընթացքում կառուցել Իտալական դեսպանատունը՝ տեղում գտնվող կիսակառույց շինության տարածքում: Դումայի շենքը հետագայում՝ 2015թ․, իմ նախաձեռնությամբ եւ նախագծով (համահեղինակ՝ Ա. Ադամյան, Ֆրանսիա) վերակառուցվել է Մելիք-Ադամյան փողոցում՝ որպես Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակի շենք:



Այդ նույն օրերին (1999թ. դեկտեմբեր) «Երեւան» հյուրանոցի արտաքին հատվածում նախկինում հաստատված նախագծով կառուցվում էր կցակառույց, որը փակում էր շենքի ֆասադի կամարները՝ առաջ բերելով հանրային եւ մասնագիտական դժգոհություն: Ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի հետ, նրա անմիջական ցանկությամբ այցելելով տվյալ շինարարություն՝ ես դադարեցրել եմ ընթացող աշխատանքները: Մեր պնդմամբ փոխվել է նախագիծն ամբողջությամբ՝ դառնալով մեկ հարկանի ապակեպատ ռեստորան՝ ապակու եւ կանաչի համադրությամբ: Բացի այդ, բացվել են արտաքին կամարները, եւ ծածկն իրականացվել է փայտով:



Այսօր անհնար է պատկերացնել Երեւանն առանց Իտալական փողոցի, որը գոյություն չուներ մինչեւ 2002 թվականը: Բացվել է նաեւ Շահումյան հրապարակից Մյասնիկյանի արձան տանող զբոսայգին, որը ներկայումս վերակառուցվում է»:



**Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ**



_ՀՀ վաստակավոր ճարտարապետ_