Ովքե՞ր են լինելու «Քաղաքացիական պայմանագրի» այլընտրանքը

Ովքե՞ր են լինելու «Քաղաքացիական պայմանագրի» այլընտրանքը
«Նոր Հայաստան» եզրույթը մտավ շրջանառության մեջ, սկսեց գործածվել ավելի ու ավելի հաճախ ապրիլյան թավշե հեղափոխությունից հետո։ Ըստ էության՝ այն իր մեջ կարեւոր ուղերձ է պարունակում, որ մեր հասարակությունը հրաժեշտ տվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քսանամյա իշխանավարման շրջափուլին՝ հնարավորություն ստանալով ձեւավորելու նոր իշխանություններ։ Հակահեղափոխության ռեւանշի, նախկին իշխանությունների վերադարձի սպառնալիքները միգուցե արդեն առարկայական չեն, որովհետեւ չկա նրանց հանրային պահանջարկը։ Եվ գուցե արդեն այդ ուժերը չեն խնդիր ու խոչընդոտ նոր Հայաստանի կերտման ճանապարհին։ Խնդիրները գուցե պետք է փնտրել այլ տեղ ու այլ հարցերում, որոնք այսօր տեսանելի չեն, բայց վաղը ծառանալու են իրենց հրատապությամբ։ Մեր ընդդիմադիր գործիչները, կուսակցությունների ղեկավարները անցած քսան տարիներին պարբերաբար բողոքել են, որ իրենք ինքնադրսեւորվելու, քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն, հալածված են, իրենց շարքային անդամները աշխատանք են կորցնում, ենթարկվում հետապնդումների կամ էլ լքում շարքերը՝ դառնալով իշխանական կուսակցությունների անդամ։



Ավելի «հեռատեսներն» անցած տարիների ընթացքում, օգտագործելով ընդդիմադիր կարգավիճակը, արտագաղթել են երկրից, որովհետեւ դադարել էին հավատալ, թե երկրում հնարավոր է իրականացնել իշխանափոխություն։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, սակայն, այս ուժերի առջեւ ծագեցին նոր մարտահրավերներ։ Ընդդիմադիր պայքարի տաժանակիր ու երկար ճանապարհ անցած ոչ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներգրավվեցին կառավարությունում, թեեւ նախկինում պայքարել էին իշխող ռեժիմի դեմ, աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակիցներին։ Այլ կերպ ասած՝ նրանք տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հետ կանգնել են Ազատության հրապարակի նույն հարթակում, նրա հետ մասնակցել քաղաքային ու մարզային քարոզարշավների, նույն գաղափարների համար ենթարկվել քաղաքական հետապնդման եւ ազատազրկվել։ Այսօր, սակայն, տեսանելի է, որ իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը համալրելու, իշխանության մեջ տեղ գտնելու հերթ են կանգնել եւ պայքարում են նաեւ տարիների պայքարի հետ որեւէ կապ չունեցող մարդիկ։ Ավագ սերնդի լրագրողները, քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում վերջերս հաճախ են 2018թ․ հետապրիլյան Հայաստանը համեմատում 90-ականների հետ, երբ Հայաստանի անկախության համար պայքարած նվիրյալները կամաց-կամաց դուրս մղվեցին պետական համակարգից՝ իրենց տեղը զիջելով նախկին կոմունիստական նոմենկլատուրային, պատեհապաշտներին, որոնք այլ «արժեքների» կրողներ էին, եւ երկրի հետագա ընթացքն էլ նրանց պատճառով գնաց այլ ճանապարհով։ Ելնելով դառը փորձից՝ նրանք պարբերաբար բարձրաձայնում են այն մտավախությունը, որ նույնը կարող է կրկնվել նաեւ հիմա, երբ կառավարման համակարգ կարող են սողոսկել նույն պատեհապաշտները, որոնց համար սկզբունքը միայն օրվա իշխանություններին ծառայելն է հանուն սեփական բարեկեցության։



Մյուս մտավախությունն առնչվում է միակուսակցական համակարգ ունենալուն։ Հասկանալի է, որ նախկինում տոտալ հետապնդումների ենթարկված քաղաքական ուժերը դեռ ուշքի չեն եկել ապրիլյան հեղափոխությունից հետո եւ չեն կարողանում վերաիմաստավորել իրենց տեղն ու դերը։ Այդ իսկ պատճառով նրանցից ոմանք ձեռնպահ մնացին եւ չմասնակցեցին Երեւանի ավագանու ընտրություններին, որոնք առաջին վճռորոշ ընտրություններն են լինելու նոր իշխանությունների օրոք, ոմանք, չմասնակցելով հանդերձ, իրենց աջակցությունը հայտնեցին իշխող քաղաքական ուժին՝ «Իմ քայլը» դաշինքին, ոմանք էլ պահպանում են լռություն՝ ըստ էության չկողմնորոշված լինելու պատճառով։ Նախկինում ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալած քաղաքական ուժերից միայն «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համատեղ դաշինք կազմեցին՝ «Լույս» անունով եւ այսօր ակտիվ քարոզարշավ են ծավալում, ՀՀՇ-ն է մասնակցում՝ դարձյալ դաշինքով՝ «Երեւանցիներ» անվամբ, «Ժառանգությունը» եւ «Երկիր ծիրանի»-ն։ Մեկ էլ երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի հիմնադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն է մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին։ Իսկ ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ու հեռանկարներ ունեն «Ժողովրդավարական հայրենիք», Պահպանողական եւ «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ», Հայաստանի ժողովրդական, «Հայ ազգային կոնգրես», «Նոր ժամանակներ», «Ազատություն», Հայաստանի լիբերալ կուսակցությունները (բոլորին մեկ առ մեկ հիշելն ու թվարկելը հնարավոր չէ), քաղաքացիական պայքարի փորձ ու հմտություններ կուտակած քաղաքացիական նախաձեռնությունները։ Չէ՞ որ նրանց ծրագրերը եւ գաղափարները միշտ եւ բոլոր հարցերում չէ, որ կարող են համընկնել իշխող կուսակցության գաղափարների ու ծրագրերի հետ։



Եվ հենց նրանք կարող են ձեւավորել քաղաքական նոր համակարգը, որը կարող է այլընտրանք դառնալ իշխող կուսակցությանը՝ զերծ պահելով նրան քաղաքական դաշտում մենաշնորհ հաստատելու գայթակղությունից։ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրին» այսօր որպես լուրջ այլընտրանք ներկայանում են «Բարգավաճ Հայաստանը», «Լույսը», ՀՅԴ-ն։ Թե իշխող կուսակցությունից բացի որ ուժերը կմասնակցեն մեկ ամիս անց տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ տակավին անհայտ է։ Ակնհայտ է միայն, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ցույց է տալու, թե որ ուժերն են կենսունակ եւ պատրաստ գործելու նոր Հայաստանում, ովքեր եւ ինչ ծրագրերով են ներկայանալու եւ ինչպես են աջակցելու փոփոխություններին, որոնք անխուսափելի են դարձել նոր իշխանությունների օրոք։



**Թագուհի Հակոբյան**