Արտաշատի թատրոնի «ուրվականը» (տեսանյութ)

Արտաշատի թատրոնի «ուրվականը» (տեսանյութ)
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի «ուրվականը» դեռևս թատորնում է։ Բանն այն է, որ երկար տարիներ թատրոնում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հայկ Մնացականյանի հետ նոր տնօրեն Գագիկ Ռոստոմյանը աշխատանքային նոր պայմանագիր չի կնքել, նա էլ դատի է տվել թատրոնին։ Իսկ նոր պայմանագիր չկնքելու պատճառն էլ այն է, որ թատրոնի դերասանական անձնակազմը չի ցանկացել աշխատել վերջինիս հետ և հրաժարվել է փորձերին հաճախել։ Դերասանները մեզ հետ զրույցում ասացին, որ չնայած այն հանգամանքի, որ գեղարվեստական ղեկավարը այլևս թատրոնում չի աշխատում, բայց թատրոնի դեմ ներկայացրած դատական հայցը ազդում է իրենց ստեղծագործական առօրյայի վրա․



«Իր ներկայությունը կա, քանի որ ինքը դատի է տվել թատրոնին։ Դատի է տվել նրա համար, որ իր ժամկետը լրացել է, և նոր աշխատանքային պայմանագիր չեն կնքել իր հետ։ Մենք պայմանագրով ենք աշխատում, տնօրենը մեզ հետ պայմանագիր է կնքում կամ 6 ամսով, կամ 4 ամսով, կամ 1 տարով։ Հայկ Մնացականյանը 3 տարի այս թատրոնում բեմադրություն չի արել։ Տնօրենը երիտասարդներին հարցրեց, թե ինչո՞ւ չեք ուզում աշխատել, տվյալ անձի հետ , մարդիկ գրեցին և շարադրեցին իրենց մտքերը։ Ելնելով այս իրավիճակից՝ տնօրենը ասաց՝ հիմա ես մե՞կին ազատեմ, թե՞ տասնմեկին։ Եթե թատորնի 11 առաջատար դերասանները դուրս են գալիս, թատրոնի աշխատանքները կանգնում են ընդհանրապես»-, «Հրապարակի» հետ զրույցում ասաց թատորնի «հնաբնակներից» դերասան Բագրատ Գևորգյանը։



Դերասան Սամվել Ղազարյանի խոսքով՝ թատոնում 3 տարի է՝ որևէ նոր բեմադրություն չի եղել, մինչդեռ թատրոնին թարմություն է պետք․



«Վերջին 3 տարում մենք նոր բեմադրություն չենք ունեցել, վերջին 14 տարվա մեջ ոչ մի ռեժիսոր չի մտել այս թատրոն, այն դեպքում, երբ բոլորն էլ հաճույքով ցանկացել են աշխատել այս թատրոնում։ Վերջերս մի բան ասացին, որ իրոք անակնկալ էր․ եկել են, նայել են ներկայացումներ, երևի մեր մեղավորությունն էլ կա, որ մենք մեր գործն ենք արել ազնվորեն, հետաքրքիրն այն է, որ շատ տարօրինակ բան հնչեց, որ դերասանական կազմը լավն էր, հետաքրքիր էր, բայց ներկայացումը ինչի՞ մասին էր։ Թումանյան ունենք, Բակունց ունենք, որոնք․․․սպառված վիճակ է։ Չենք ուզում, որ այդ սպառված վիճակը լինի։ Չանձնավորեմ, ավելի կոնկրետ որ ասեմ՝ չի կարելի 10 տարի առաջ բեմադրված գործը, անգամ եթե 100 անգամ է խաղացվել, 10 տարի հետո վերաբեմադրվի՝ այն դեպքում, երբ նոր գործ, նոր մտածելակերպ է պահանջվում, նոր մոտեցում է պահանջվում, մի խոսքով՝ թարմություն։ Բեմադրության տերը, բեմադրություն կառուցողը բեմադրող ռեժիսորն է, աուրա ստեղծողը բեմադրող ռեժիսորն է, դերասանը ազնվորեն կատարում է իր գործը։ Խնդիրը բեմադրող ռեժիսորի մոտեցումն է, իր մտածելակերպը ընդհանրապես»,- ասաց դերասաններից Սամվել Ղազարյանը։



ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդ դերասաններին հնարավորություն չի ընձեռնվել որևէ հատկանաշական կերպար կերտել, չնայած, որ թատրոնում չկան մեծ և փոքր դերեր, սակայն երիտասարդները ուզում են անուն խաղալ․



«Այստեղ ամենամեծը երևի ես եմ՝ թե՛ տարիքով, թե՛ ստաժով։ Այստեղ մի նրբությւն կա․ մեր երիտասարդները շուրջ 10-20 տարի աշխատել են, բայց նրանց կերտելու համապատասխան կերպարներ չեն տվել, ինչքա՞ն կարելի է։ Ես բան չունեմ ասելու, Հայկ Մնացականյանը ինտելեկտուալ մարդ է՝ որպես ռեժիսոր, բայց որպես կազմակերպիչ նախ թույլ մարդ է, հետո ինքը չի տեսնում, որ շրջապատում կան պիեսներ, նոր դրամատուրգներ, դրամատուրգիա ընդհանրապես։ Ինքը վերցնում է հայ դասականների վեպերն ու վիպակները, սարքում է սցենար և սկսում է բեմադրել։ Այսինքն՝ ինքը գրում, ինքը խաղացնում է, իսկ մեր երիտասարդները ուզում են կերպարներ՝ անուններ խաղալ։ Պիեսներում գրված է՝ Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին, Ծ կին, այսպես չի կարելի, դերակատարը պետք է, չէ՞, ունենա ինչ- որ անուն։ Եղավ գեղարվեստական խորհրդի նիստ, ես հարց տվեցի, ասացի՝ ջահելներ, դու իրո՞ք այդ 50-60 հազար դրամի համար եք աշխատում այս թատրոնում, թե՞ ունեք նպատակ։ Մարդիկ 10-20 տարի այստեղ աշխատում են կա՛մ անընդհատ դագաղ են տարել-բերել, կա՛մ սայլակ են քշել։ Այդ մարդուն ասում ես՝ հարգարժան գեղարվեստական ղեկավար, պետք է թարմություն մտցնել, 21-րդ դարն է»։



Թեմայի առնչությամբ նաև ցանկացանք լսել Հայկ Մնացականյանի կարծիքը, սակայն վերջինիս հեռախոսահամարը մշտապես անհասանելի է։ Այնուամենայնիվ պատրաստակամ ենք ներկայացնել նաև նրա առարկությունները վերոնշյալ պնդումների վերաբերյալ։



**Կորյուն Սիմոնյան**