Այս տարի Գեղարքունիքում ցորենը նվազ է եղել

Այս տարի Գեղարքունիքում ցորենը նվազ է եղել
Գեղարքունիքի մարզում ավարտվել է խոտհունձի եւ հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Մարզի որոշ համայնքներում գյուղացիները դժգոհ էին հացահատիկի բերքատվությունից: Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում ցորենը նվազ է եղել, բերքատվությունը` ցածր. «Այս տարի ցորենը շատ նվազ է եղել, որ անգամ սերմացու չի լինի: Բերք կար, բայց քամիների պատճառով շատ նվազ էր: Կոմբայնի բունկերը, որ լցվում էր, մարդիկ ուրախանում էին, բայց մեկ բունկերը պետք է կանգներ 2տ 300 կգ ցորեն կամ 2 տ. գարի, նվազ լինելու պատճառով լինում էր՝ 2տ. ցորեն, 1տ. 800կգ գարի: Այս տարի մենք սպանվանք քամիների դարդից»,-ասաց գյուղապետը:



Նույն վիճակն է նաեւ Վանեւան համայնքում: «Տարին լավ էր, լավ հասկ էր բուսել, բայց վերջին չորություններից բերքը նվազ դուրս եկավ, քաշ չկար»,-մեզ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Ըստ Համբարձումյանի՝ համեմատած անցած տարվա հետ, նախնական տվյալներով հացահատիկի բերքի ավելացելում գրեթե չի նկատվում: Մարզն ունի 300 կոմբայն, որոնք թարմացման կարիք ունեն, եւ մարզում կատարվում է 30հազար հա ցորենի եւ գարու ցանք: Յուրաքանչյուր կոմբայնին հասնում է 100 հա ցանք, որը ամենավատ պայմաններում կարող են 10 օրում ավարտել հացահատիկի հավաքը.



«Շատ հաճախ գյուղացիները ուզում են, որ իրենց հացահատիկը ավելի շուտ քաղեն, որ հանկարծ կարկուտի տակ չընկնի: Էդ պայմաններում մենք դրսից ենք կոմբայններ բերում»-հավելեց վարչության պետը: Նրա խոսքով, ցորենի մթերման հետ կապված խնդիր մարզը չունի, քանի որ մթերողները դաշտից 100 -110 դրամով ցորենը գնել են: Այս տարի մարզում էժան է նաեւ խոտի տուկը՝ 600-700 դրամ: Համբարձումյանը նշում է, որ անցած տարի խոտի տուկի գնի բարձացման պատճառով մարզում անասնագլխաքանակի անկում գրանցվեց. «Եթե անցած տարի 1000 դրամից ավելի էր խոտի տուկը, ապա այս տարի դաշտից 600-700 դրամով խոտի տանում էին: Շատ տեղերում խոտի տուկերը մնացել է դաշտերում ուշադրություն չեն էլ դարձնում: Անցած տարի անասանագլխաքանակի անկում ունեցանք, քանի որ խոտը թանկ էր, միսը նույնպես, մարդիկ իրենց անասունները մորթեցին: Այս տարի հուսով եմ, որ կունենանք անասանագլխաքանակի ավելացում: Եթե անասանագլխաքանակը ավելանա, բնականաբար մսի գինն էլ կէժանանա»:



**Նելլի Կարապետյան**