Չարենցի հետ կապված երկու դրվագ

Չարենցի հետ կապված երկու դրվագ
Ռոման Տիմենչիկի «Վերջին պոետը. Աննա Ախմատովան 60-ական թվականներին» երկհատոր գրքում (երկրորդ հրատարակություն, Մոսկվա, Մոստի կուլտուրի / Գեշարիմ, 2014) ի շարս այլոց հիշատակվում է նաև Եղիշե Չարենցի անունը: Ու դա պատահական չէ. Ախմատովան ու Պաստեռնակը Չարենցի գործերի թարգմանիչներից էին և Չարենցի կենդանության օրոք հայ պոետի գործերի վերջին թարգմանությունները ռուսերեն լեզվով նրանք են կատարել:



Ախմատովան, որի բանաստեղծությունները 1925 թվականից չէին տպագրվում խորհրդային մամուլում, 1936 թ. սեպտեմբերի 29-ին «Լիտերատուրնի Լենինգրադ» թերթում հրատարակում է Չարենցի «Մորս համար գազելը»` իր թարգմանությամբ: Ծանոթագրությունում նշված էր. «Այս բանաստեղծության թարգմանության համար հոնորարը խնդրում եմ փոխանցել ֆաշիստների դեմ իրենց երկրի անկախության ու ազատության համար արիաբար պայքարող հերոսական իսպանացի ժողովրդի կանանց և երեխաների օգնության ֆոնդին»։ Գրքում բերված են Ախմատովայի որդու` Լև Գումիլյովի հիշողությունները, ըստ որոնց` «տանը ոչ մի կոպեկ չկար, և մայրս ասաց. Այ, թերթից կստանամ հոնորարը և կգնենք օղի, երշիկ: Ու այդ պահին զանգեցին և ասում են. Աննա Անդրեևնա, չե՞ք ուզում Ձեր հոնորարը զոհաբերել հօգուտ իսպանացի երեխաների: Ի՞նչ կարելի էր անել»...



Հաջորդ հիշատակությունը մեջբերված է Բորիս Պաստեռնակի՝ 1954 թ. հուլիսի 30-ին կնոջն ուղղված նամակից.«Երեկ Ֆեդինն էր եկել ու պատմում էր անսպասելի բաներ: Վերանայվում է «Բաբելի գործը» և վկայություններ կան, որ նա ողջ է ու շուտով կազատվի: Վստահեցնում է, թե տեսել են վերադարձած Չարենցին, որին բոլորը գնդակահարված էին համարում: Ինչու՞ դա չի կարող պատահել Տիցիանի ու Պիլնյակի հետ»։ Այդ տարիներին շատերն էին ստալինյան զոհերի վերադարձի սին հույսեր տածում (տասնամյակներ անց ռուս գրող Դմիտրի Բիկովն այդ թեմայով գրեց «Արդարացում» վեպը), մինչ ասենք Ախմատովան այդ խոսակցություններին չէր հավատում և համարում էր դրանք վտանգավոր…



**Աշոտ Գրիգորյան**