Նոր թեկնածուներ են ի հայտ եկել ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնի համար

Նոր թեկնածուներ են ի հայտ եկել ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնի համար
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո՝ արդեն 10 ամիս, թատրոնը չունի գեղղեկավար, մի հանգամանք, որն այս ամիսների ընթացքում անառողջ քննարկումների առիթ տվեց։ Դեռ հունիս ամսին՝ արձակուրդ գնալուց առաջ, թատրոնի կոլեկտիվը մշակույթի նախարարի ներկայությամբ բարձրաձայնեց գեղղեկավար ունենալու անհրաժեշտության մասին։ Նախարար Մակունցը որոշումը թողեց թատրոնին եւ դերասաններին, իսկ վերջնաժամկետ սահմանեց հոկտեմբերի 1-ը։ Մինչ այդ գեղղեկավարի հարցը պետք է լուծված լինի։



Թատրոնի տնօրեն **Ֆրեդ Դավթյանը**, ով նախարարի կողմից նշանակվեց գեղղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով եւս այդ հարցը մինչեւ ամսի 1-ը պետք է լուծված լինի։ «Թե ինչ ձեւ, ինչպես՝ չգիտեմ»,- ասաց նա ու հավելեց, որ թեկնածուներն այս պահի դրությամբ շատ են, ովքեր իրենց ծրագրերով, ներկայացումների տեսանյութերով նախարարություն են դիմել։ «Նախարարությունը հետո կասի՝ ոնց եւ ինչպես վարվենք»,- ասաց նա ու նշեց, որ դեռ չգիտի, թե ինչ ձեւաչափով պետք է ընտրությունը կատարվի։



Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա հիմա խուսափում է դրա մասին խոսել, քանի որ ամբողջական ցանկին տեղյակ չէ։ Անդրադառնալով իրեն՝ նկատեց, որ ինչպես թատրոնում կայացած ժողովի ժամանակ է ասել, այնպես էլ հիմա է ընդգծում, որ իր թեկնածությունը չի առաջադրելու։



Կողմ է, որ գեղղեկավարին նախարարությո՞ւնը նշանակի, թե՞ թատրոնն ընտրի։ «Եթե հարցնում եք դերասան Ֆրեդ Դավթյանի կարծիքը, ապա ես էլ եմ կարծում, որ ճիշտ չէ, որ միայն դերասաններն ընտրություն կատարեն, չպետք է դերասանն ընտրի։ Ես այն կարծիքին եմ, որ նկարիչն է ընտրում ներկերը եւ ոչ թե ներկերը՝ նկարչին։ Որպես տնօրեն՝ կարծում եմ, որ կան տարբեր օրենքներ, տարբեր նրբություններ, պետք է գտնել ճիշտ որոշում, որը կգոհացնի կոլեկտիվին եւ բոլորին։ Ես միայն մի բան եմ հասկանում, որ մշակույթի նախարարությունն էլ է դա հասկանում, հիմա կտեսնենք՝ ոնց եւ ինչ լուծում կստանա»։



Այնուհանդերձ, օրենքով կա՞ որոշակի ընթացակարգ։ «Մեղադրելու չէ, բայց դեռ 2-3 ամիս առաջ նախարարը երեւի նոր նախարար էր եւ ճշգրիտ չէր իմանում այս կամ այն հարցերը, բայց համոզված եմ, որ հիմա ինչ-որ բան հասկանում է, արդեն հետաքրքրվել է, իմացել, եւ հիմա կտեսնենք, թե ինչպես այս պրոցեսը կընթանա, բայց, իհարկե, ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»։



Դեռ 3 ամիս առաջ գեղղեկավարի պաշտոնին հավակնում էին Ալ․ Գրիգորյանի դուստրը՝ բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանը, եւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ **Ռոբերտ Հակոբյանը**։ Վերջինս, սակայն, նշեց, որ ինքը հայտ չի ներկայացրել ու երեւի թե չներկայացնի էլ, ինչո՞ւ։ «Որովհետեւ ընթացքում պարզվեց, որ թատերական խումբը դեմ է հա՛մ ինձ, հա՛մ Նորա Գրիգորյանին, եւ ես որոշեցի հայտ չներկայացնել, անիմաստ եմ գտնում ինչ-որ բան անել, եթե խումբը չի ուզում, այն դեպքում, որ նույն այդ խմբից որոշ մարդիկ ինչ-որ պահի նաեւ ուզում էին»։



Ինչ վերաբերում է դեռ 3 ամիս առաջ թատրոնում տեղի ունեցած ժողովի ընթացքում կոլեկտիվի մի մասի՝ 18 հոգու կողմից իրենց թեկնածուին՝ ռուսաստանաբնակ Կարեն Ներսիսյանին առաջ քաշելուն, դերասանն ասաց․ «Այդ 18 հոգու մեջ կային մարդիկ, որոնց վրա նույնիսկ վստահ էի, որ իմ մարդիկ են, հետո պարզվում է՝ դեռ չեն կայացրել իրենց որոշումը, ինչպես որ դա կատարվում է երբեմն թատերական աշխարհում։ Որոշ մարդիկ կարծում էին, որ միգուցե Ռոբերտ Հակոբյանի գալով խաղ ու պար կլինի, հետո պարզվեց՝ խաղ ու պար չի լինի, որովհետեւ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում»։ Նա նշեց, որ վերջերս թատրոնում տեսել է Կարեն Ներսիսյանին, ով եկել է «ոմանց» հրավերով եւ ծանոթացել կոլեկտիվին․ «Դրանք այն մարդիկ են, ովքեր հրավիրում են մեկին, ով եթե հանկարծ իրենց սպասելիքները չարդարացնի, կհանեն իրեն։ Որոշ մարդիկ ուզում են իրենք կառավարեն, իրենց ձեռ է տալիս այս խառնաշփոթ վիճակը, որովհետեւ հիմա տիրում է անարխիա, անհասկանալի վիճակ»։



Հակոբյանն ասում է, որ Մոսկվայում տեղի ունեցած փառատոններից մեկի ժամանակ տեղեկացել է, որ ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնի համար դիմել է նաեւ Վլադիմիր Գաբեն (Գաբրիելյան), ով Ռուսաստանում Փարաջանովի թանգարանի գեղղեկավարն է․ «Մոսկվայում ինձ ասեցին՝ էլ մարդ չկա՞ր, էդ ո՞ւմ եք ուզում բերել…»։ Մյուսը Մոսկվայի հայկական թատրոնի գեղղեկավարն է՝ Սլավա Ստեփանյանը, ինչպես նաեւ շրջանառվում է Ռոբերտ Մանուկյանի անունը, ով Խաբարովսկի երկրամասի թատրոնի գեղղեկավարն է եղել։



Հակոբյանը լսել է, որ լինելու է ոչ թե ընտրություն, այլ նախարարությունը նշանակելու է գեղղեկավարին․ «Ես համարում եմ, որ այդպես լավ է, բայց խնդիրը կայանում է նրանում, թե ում պիտի նշանակեն։ Վլադիմիր Գաբեն նույնիսկ ռեժիսոր չէ, այլ թատերագետ է․ մեր թատերականն է ավարտել՝ 90-ականներին, Կարեն Ներսիսյանն էլ 90-ականներին ավարտել է Թատերական ինստիտուտը, ու շատ մարդիկ իրեն չեն էլ հիշում, թե ով է, ինչացու է։ Սլավա Ստեփանյանին ճանաչում եմ՝ նա Ֆրեդ Դավթյանի համակուրսեցին է։ Մարդը հազար տարի Մոսկվայում աշխատում է, բայց մինչեւ հիմա моя, твоя-ն խառնում է, նա ինչպե՞ս կարող է դառնալ ռուսական թատրոնի ղեկավար։ Ռոբերտ Մանուկյանին էլ եմ ճանաչում, բայց, ըստ իս, էլի աստղեր երկնքից չի իջեցնում։ Մեզ պետք է մեկը, ով կգա ոչ թե ժամանակավորապես, այլ կգա ու տեր կկանգնի մեր թատրոնին։ Այսօր մեր թատրոնին տեր է պետք, որին կհարգեն բոլորը»։



Ռոբերտ Հակոբյանը ռուսական թատրոնի գեղղեկավարի պաշտոնում կուզեր տեսնել Տիգրան Գասպարյանին, Արթուր Սահակյանին․ «Սահակյանը «Գոյի» գեղղեկավարն է եւ դժվար թե իր անշառ գլուխը բերի շառի տակ դնի՝ իմանալով մեր թատրոնի վիճակը, բայց Տիգրան Գասպարյանը նույնպես հիանալի ռեժիսոր է եւ նույնիսկ Լոնդոնում է խաղացել»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**