«Ժողովուրդ». Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ

«Ժողովուրդ». Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»:



Վարչապետի հանձնարարականն ի կատար էր ածվել ոչ միայն նախօրեի երեկոյան, այլեւ նման միջոցառումներ իրավապահները շարունակել էին երեկ: Արդյունքների մասին առայժմ ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ կառավարությունը մանրամասներ չեն հրապարակել: Փոխարենը համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում օլիգարխներին ուղեկցող թիկնապահների «գումարտակները»:



Բայց ամենաուշագրավը Փաշինյանի հանձնարարականից հետո օլիգարխ համարվող ներկա ու նախկին պատգամավորների պահվածքն էր: Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ այլք, հերթով հարցազրույցներ էին տալիս` հայտարարելով, որ ո՛չ օլիգարխ են, ո՛չ զենք ունեն, ո՛չ էլ անգամ թիկնազոր:



Եւ վերջապես, երեկ այս ամենը մեկնաբանել է Գալուստ Սահակյանը, բնականաբար, իրեն հատուկ ոճով: Գրիգորիչը նախ խնդրել է ներկայացնել օլիգարխ բառի ստուգաբանությունը, այնուհետեւ ասել. «Երբ ասում է, որ օլիգարխ կա, թող բառացի հայտարարի՝ օլիգարխներն էս մարդիկ են, որովհետեւ երբեմն երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է»։



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_