Գաղտնալսման մեղադրանքներն անհիմն են. Վիվասել ՄՏՍ

Գաղտնալսման մեղադրանքներն անհիմն են. Վիվասել ՄՏՍ
Անդրադառնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերջին հրապարակման վերաբերյալ սոց. ցանցերում արված բազմաթիվ մեկնաբանություններին եւ հարցադրումներին՝ հայտնում ենք հետեւյալը. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայանները, կոմուտացիոն եւ ծրագրային ապահովման համակարգերը տեխնիկական հնարավորություն չեն նախատեսում բաժանորդների միջեւ կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահմանման, խոսակցությունների գաղտնալսման համար: Խոսակցությունների գաղտնալսում կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի ունեցել: Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող: Գաղտնալսման մեղադրանքները բացարձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլեւ այն պարզ պատճառով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որեւէ առետրային նպատակ ընկերության համար եւ ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս:



«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է ընկերության՝ ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը և ամբողջականությունը՝ իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու և ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով: Ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին:



ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:



ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am * * * «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում:



Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com