ԳԱԱ-ի վարչական շենքում աշխատելով չէ, որ պետք է գիտության փողերը ստանան

ԳԱԱ-ի վարչական շենքում աշխատելով չէ, որ պետք է գիտության փողերը ստանան
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը օրերս իր մամուլի ասուլիսում ասել էր, որ ակադեմիկոսը, լինելով մասնագիտական խորհրդի նախագահ, խորհրդի կազմում ընդգրկում է 60 տարեկանին մոտ դոկտորների, եւ այդտեղ ախորժելի բան կա՝ ակադեմիկոսները ցմահ կենսաթոշակ են ստանում՝ 150000-200000-ի կարգի։



ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ պրոֆեսոր Արա Ավետիսյանն այս առնչությամբ ասաց․ «Երեւի մտքերի կույտերը սովորական են դարձել պատասխանատուների համար։ Ես դրան համաձայն չեմ, դա չի կարելի ընդհանրացնել։ Վերջերս կյանքից հեռացավ մեր անվանի, աշխարհում ճանաչված գիտնականներից մեկը՝ Սերգեյ Համբարձումյանը։ Մենք այսօր մեր ամսագրի հերթական համարն ենք ուղարկում տպարան, եւ այնտեղ միայն Սերգեյ Համբարձումյանի հեղինակած աշխատանքը։ Իմ գիտական ղեկավարը՝ պրոֆեսոր Մելս Բելուբեկյանը, արդեն 84 տարեկան է, իմ բաժնում աշխատող գիտնականների մեջ ամենաարդյունավետ, շատ տպագրվող, գրախոսող, շատ երիտասարդների հետ խորհրդատվական աշխատանք իրականացնող գիտնականներից մեկն է։



Կան ավելի երիտասարդ գիտնականներ՝ 50-60 տարեկան, որոնք բոլորովին չեն աշխատում։ Երեւի թե արդյունավետության այն չափանիշները, որոնք գրանցված են որպես ակադեմիկի, որպես գիտնականի, պետք է վերանայվեն։ Եթե ԳԱԱ-ի տարեկան հաշվետվություններն են նայում, ապա պետք է նայել, թե ակադեմիական հանդեսներում տվյալ անձը քանի աշխատանք է տպագրել եւ ինչ տարիքի մարդկանց հետ։ Այդ դեպքում հասկանալի կլինի, թե նրա գործունեությունը որքանով է նպաստում հենց հայկական դպրոցի զարգացմանը։ Պետք է չափանիշ լինի, որ նրանք ակադեմիկոս լինելով եւ ԳԱԱ-ի վարչական շենքում աշխատելով չէ, որ պետք է գիտության փողերը ստանան։



Եթե որեւէ տեղ նրանք ընդգրկված չեն բազային կամ թեմատիկ ֆինանսավորման մեջ, չեն դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում նորմալ ծանրաբեռնվածությամբ, իրենց գիտելիքները չեն փոխանցում, դա պետք է հաշվի առբել։ Եթե վերջին երեք տարում մարդը չի տպագրվում եւ շարունակում է աշխատել կամ դասավանդել բուհում, դա էլ հասկանալի չէ, թե ինչով է զբաղվում։ Հիմա գիտությունը շատ արագ է զարգանում եւ ստացվող գիտական արդյունքները կարծես թե թեմատիկ եւ խորքային զարգացման տեմպ ունեն։ Իսկ դրան հասնելու համար պետք է անընդհատ կարդալ եւ աշխատել նոր թեմաների վրա, դա հնարավոր է միայն անընդհատ տպագրվելու միջոցով։ Կարծում եմ, Գոգյանի փորձի պակասը զգացվեց, երբ ինքը ռեպլիկներով ճանապարհ էր առաջարկում, թե ինչպես պետք է փոխել այդ ամենը կամ ինչ պետք է անել»։



Թագուհի Հակոբյան