Համբերեք, 10 օրից կիմանաք, թե ինչ խախտումներ են եղել․ ԲՈԿ նախագահ

Համբերեք, 10 օրից կիմանաք, թե ինչ խախտումներ են եղել․ ԲՈԿ նախագահ
Օգոստոսի վերջին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը հրաման ստորագրեց ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների գործունեությունը սեպտեմբերի 3-11-ը դադարեցնելու մասին՝ կապված դրանց գործունեության ստուգումների հետ։ Իսկ արդեն սեպտեմբերի 11-ին նա հրաման է ստորագրել, որ բոլոր այն հայցորդները, ովքեր ս․թ․ սեպտեմբերի 11-30-ն ընկած ժամանակահատվածում դիմելու են մասնագիտական խորհուրդ ատենախոսությունները պաշտպանության ներկայացնելու համար, պետք է նախապես դիմեն բարձրագույն որակավորման կոմիտե։ Արդեն պաշտպանության օր նշանակած խորհուրդները կարող են կազմակերպել այդ պաշտպանությունը։ Թե ինչու որոշվեց երկարաձգել այդ ժամկետը՝ մեզ հետ զրույցում Սմբատ Գոգյանը պարզաբանեց, որ կա խորհուրդ, որը չի ներկայացրել փաստաթղթեր։



«Մենք որոշեցինք ստուգել ատենախոսություն ընդունած խորհուրդների գործունեությունը, որպեսզի չլինեն բացթողումներ», -ասաց Սմբատ Գոգյանը։ Մեր հարցին, թե որ խորհուրդներն են գործում կարգի խախտմամբ, պարոն Գոգյանը պատասխանեց․ «Զանազան-զարմանազան։ Բնագիտական, հասարակագիտական, մանկավարժական, լեզվաբանական, շատ-շատ են։ Համբերեք, մի տասն օրից կիմանաք, մենք դեռ կասկածներ ունենք, երբ փաստերը լինեն, վերջնական կհրապարակենք»։ Հետաքրքրվեցինք, թե կա՞ն այնպիսի խախտումներ, որոնց հարցով կդիմի իրավապահներին։ «Եկեք այդ հարցին չպատասխանեմ»,- ասաց մեր զրուցակիցը։ Ակադեմիական ոլորտում բարեփոխումները կարող են դժգոհության առիթ դառնալ որոշակի շերտերի մոտ։ Սմբատ Գոգյանը չհերքեց, որ այդ ամենը կարող է առաջացնել դժգոհություն, բայց ինքը պատրաստ է դիմակայել։ Նա հանդիպել եւ զրուցել է մասնագիտական խորհուրդների նախագահների հետ։ Նաեւ բացատրել է, թե ինչ կարգի խախտումներ են եղել։ Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ պրոֆեսոր Արա Ավետիսյանը կարծում է, որ ԲՈԿ-ում կա փոփոխությունների անհրաժեշտություն։ Սակայն, որպեսզի ճիշտ իրականացվեն այդ փոփոխությունները, ապա, ըստ նրա, մասնագետները պետք է ճիշտ հասկանան ԲՈԿ-ի գործառույթը։



«ԲՈԿ-ի գործառույթը արձանագրային հավաստագրումն է։ Գիտության զարգացման, անկաշկանդ եւ արդյունավետ գործունեության համար նախ պետք է բարելավել պայմանները, որտեղ ձեւավորվում է գիտական գործունեությունը, պետք է անհրաժեշտ գործիքակազմը թարմացնել եւ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։ Անհնար է առանց ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու եւ՛ ինժեներ պատրաստել, եւ՛ գիտական արդյունք ստանալ։ Երրորդ՝ մեր համալսարաններում մենք պետք է պատրաստենք այն որակյալ կադրերը, նախաձեռնենք հետազոտություններ դրսում ուսանող երիտասարդների հետ, որի դեպքում էլ կունենանք անհրաժեշտ մակարդակով ներկայացված գիտական արդյունք եւ դրանք գնահատելու մեխանիզմները»,- կարծում է Արա Ավետիսյանը։ Իր դիտարկումներից ելնելով՝ Արա Ավետիսյանը նշում է, որ կան դոկտորի աստիճան ունեցող մասնագետներ, որոնց երբ գրախոսություն են հանձնարարում, ասում են, թե իրենք դրա մասնագետը չեն։



«Նույն դոկտորը ասում է՝ ես դրա մասնագետը չեմ, որ այդ խնդիրը լուծեմ։ Ասում եմ՝ ոնց, սա էլ է մեխանիկա, սա էլ է գիտություն, ասում է՝ բայց ես էս տիպի խնդիր չեմ լուծել, որպեսզի գիտական գրախոսություն գրեմ։ Իսկ դոկտորը գիտական այն աստիճանն է, այն որակավորումը, որը ստացողն իրավունք չունի նման դատողություններ անելու։ Այս իմաստով ճիշտ է վարվում ԲՈԿ-ի նախագահը։ Բայց նա համակարգը լավ իմացող մարդկանց հետ պետք է իրականացնի բարեփոխումներ։ Նա ասել է, որ կհրավիրենք արտասահմանում ուսանող կամ վերապատրաստվող գիտնականների։ Իսկ արտերկրում ատենախոսություն պաշտպանելու պրոցես չկա, եւ արտերկրի իմ գործընկերները ասում են, որ մեզ մոտ շատ բաներ բարդացված են։ Կամ, օրինակ, 100-300 էջանոց ատենախոսություն տպագրելը, պարտադիր օրինակները լրացուցիչ ծանրաբեռնում են հայցորդին։ Փոփոխությունները պետք են, մասամբ համաձայն եմ ԲՈԿ-ի նախագահի հետ, բայց թե ինչ ուղղությամբ եւ ինչ հստակությամբ քայլեր պետք է արվեն՝ ավելի երկար եւ մասնագիտական զրույցի կարիք ունի»,- ասաց Արա Ավետիսյանը։



**Թագուհի Հակոբյան**