Ձեռքը արնահոսում էր, ջիլը ոնց որ պոկված, կախված լիներ. «Սասնա ծռերի» գործով տուժողները հարցաքննվում են

Ձեռքը արնահոսում էր, ջիլը ոնց որ պոկված, կախված լիներ. «Սասնա ծռերի» գործով տուժողները հարցաքննվում են
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստին տուժողների հարցաքննությունը։ Տուժող ոստիկաններից Տիգրան Դանիելյանը դատարանին հայտնեց, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը «Ծռերը» ներխուժել են ՊՊԾ գունդ, եւ սկսվել է կրակահերթ. «Սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, կրակահերթ սկսվեց, զգացի, որ ուզում են խփեն ինձ։ Կրակահերթի ընթացքում վայր եմ ընկել, վնասվել է ուսս, երբ շտապօգնություն է եկել գնդի տարածք, բժիշկներն ասել են` եթե կես ժամ էլ էստեղ մնաս, կմեռնես։ Ես էլ վեր կացա, ասացի` կրակում եք կրակեք, ես գնում եմ ու գնացի, առանց խոչընդոտի դուրս եկանք, ու ինձ տարան «Էրեբունի» բժշկական կենտրոն»։



Տուժողը դատարանին նաեւ հայտնեց, որ ՊՊԾ գնդի ներսում գտնվելու ժամանակ օգնություն է ցուցաբերել այդ ժամանակ դեռ վիրավոր Գագիկ Մկրտչյանին. «Աջ ձեռքն էր վիրավոր, արնահոսում էր, ջիլը ոնց որ պոկված, կախված լիներ: Օգնեցի ձեռքը կապել: Հետո, որ իրավիճակը հանդարտվեց, իրանցից մեկը օգնեց ժգուտով կապել ձեռքը»։