Գիշերը քնած եմ եղել, տեղյակ չեմ՝ ով է պառկել, ինչ է եղել

Գիշերը քնած եմ եղել, տեղյակ չեմ՝ ով է պառկել, ինչ է եղել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը փոքրիկ ահաբեկչություն է համարում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ։ «Որովհետև ԱԱԾ-ի ղեկավարը և ՀՔԾ ղեկավարը կարող են խոսել տարբեր հարցերի շուրջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։



Hraparak.am-ի հարցին՝այդ խոսակցության բովանդակությունն իրեն չի՞ հետաքրքրում, Սիմոնյանն ասաց․ «Ես բովանդակության մեջ որևէ այդպիսի բան չեմ տեսել, որ ինձ անհանգստություն կպատճառի։ Ես հակառակը՝ տեսել եմ այն, ինչը մենք, մեր իշխանությունները և իրավապահ մարմինները բազմիցս ասել ենք, որ չկա որևիցե միջամտություն իրավապահ մարմինների գործունեության մեջ։ Ձայնագրությունը հենց դա ապացուցեց»։



**-Այսինքն՝ ձե՞ր օգտին էր այդ ձայնագրությունը։**



-Ի՞նչ ա նշանակում՝ մեր օգտին էր։



**-Դե, բացահայտեց ճշմարտությունը իշխանության մոտեցումներում։**



-Դե, ես կարծում եմ՝ ընդդիմությունն այսուհետ երկու անգամ պետք է մտածի խոսելուց առաջ, այլ ոչ թե ուղղակի խոսի։



**-Այդ դեպքում ՝ինչո՞ւ այդպես մտահոգված, արդարացողի տոնայնությամբ շտապեցին ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը ասուլիս տալ, վարչապետն էլ միանգամից «լայվ» մտավ․․․**



-Գիտե՞ք ինչ, մենք միշտ աչքի ենք ընկել մեր հաշվետվողականությամբ։ Մենք միշտ աչքի ենք ընկել մեր հաշվետվողականությամբ, այսինքն՝ մենք հանրության հետ միշտ բաց ենք եղել, և բաց ենք եղել, երբ եղել ենք ընդդիմություն, և բաց ենք մնալու որպես իշխանություն, և դա լինելու է մեր գործելաոճը։



**-Ձեզ՝ որպես պատգամավոր և որպես քաղաքացի, չմտահոգե՞ց այն, որ ԱԱԾ տնօրենն այդ ձայնագրության մեջ ասում է՝ ինձ դատավորը զանգեց, հարցրեց՝ ինչ անեմ, ահաբեկված է, ես էլ իրեն ասացի, որ պիտի փակես։**



-Իհարկե, մտահոգեց․․․ չէ՝ ինքն ասաց՝ ես իրեն ասացի «դուխով»։ Մեջբերելուց ճիշտ բերենք։ Խոսքը գնում է նրա մասին, որ դատավորները վախենում են նման գործերի պարագայում որոշումներ կայացնեն։ Այսինքն, եթե նույնիսկ օրենքով գալիս է, որ, ենթադրենք, երկրորդ նախագահը կամ երրորդ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք վախենում են դա անել, որովհետև չգիտեն, թե իրավիճակն ինչպես կարող է փոխվել։ Եվ իրենք դրանից հետո պետք է պատասխան տան։ Դրա համար, ես նույնպես դիմում եմ դատավորներին և կոչ եմ անում լինել դուխով՝ անկախ նրանից, թե ով կլինի և գործել օրենքի շրջանակներում։



**-Նիկոլ Փաշինյանը երեկ հանձնարարեց օլիգարխներին զինաթափել և ասֆալտին պառկեցնել։ Դուք այդ հայտարարությունից հետո ասֆալտին պառկած օլիգարխների հանդիպե՞լ եք։**



-Գիշերը քնած եմ եղել, տեղյակ չեմ, հուսամ՝ մենք ձեր օգնությամբ այսօր կիմանանք, թե ով է պառկել, ինչ է եղել։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**