Տգիտության գինը

Տգիտության գինը
_Որպես Երկրորդ աշխարհամարտի վերջին՝ ավարտական ակորդ, Ճապոնիայի դեմ կիրառվեց ատոմային ռումբ։ Ռմբակոծված քաղաքների այսօրվա համայնապատկերն ավելի գեղեցիկ է, քան Վաշինգտոնինն ու Մոսկվայինը։_



Հայաստանի համայնապատկերը, ինչքան էլ դիտենք կապուտաչյա Պուտինի առեղծվածային ժպիտի ֆոնի վրա, ցունամի տեսած անապատ է հիշեցնում։ Մեր գիտատեխնիկական հին դիրքերի վրա արտասահմանյան գրանտային ռմբակոծությունը, ՀՀ իշխանությունների փող լվանալու մեխանիկան՝ կեղծ գիտական ծրագրերի ֆինանսավորումը եւ ՀՀ ակադեմիական ծերակույտի կաշառվածությունն իրենց գործն արել են «smart» Հայաստանում։ Մեր երկրում կան շնից շատ գիտական ձեռնարկություններ, մի քանի անգամ շատ, քան քաղաքական կուսակցությունները։ Ծանոթանալով նրանց «տիեզերահրաշ» հայտարարագրերին՝ շատերի հետ ենք ուզեցել համագործակցել՝ առաջարկելով մեր ծրագրերն ու ծառայությունները։ Ամեն անգամ զրույցը տեւել է լավագույն դեպքում 5 րոպե, այն էլ քարտուղարուհիների հետ։ Եթե առաջարկվող ծրագրերում նրանք գրանտ բռնելու կամ գումարներ գցելու հեռանկարներ չեն տեսնում, ապա երկխոսություն չի կայանում։



Մենք մեր երկիրը չպետք է թողնեինք միայն իշխանության հույսին։ Իրարահաջորդ իշխանությունները Հայաստանն իրենց հոր դուքանն են դարձրել։ Հայաստանում չկա մի զույգ կոշիկ կամ մի աման մածուն, որ քաղաքականացված չլինի։ 70-ից ավելի քաղաքական կուսակցություն կա, որոնք այս կամ այն կերպ իրենց հետքն են թողել մեր իրականության վրա։ Իշխանության եկածները մտածել են գրպաններով, գրել՝ շերեփներով․ վկա՝ նրանց առանձնատներն ու բանկային ֆինանսա-փիլիսոփայական կրեդիտներն ու պետբյուջե կոչվող մատյան ողբերգությունը։ Հնում մեր թագավորները, երկրի բանակն առաջնորդելով, տարածքներ էին գրավում, ուրիշ երկրների հարստությունը բերում ու երկիր շենացնում։ Այսօր մեր թագավորները մեր բանակի միջոցով իրենց ժողովրդին են ճնշել, թալանել ու մեր հարստությունները դուրս հանելով՝ ուրիշներին տվել։ Մենք մեր երկրի սահմանադրությամբ Հայաստանը տվել ենք քաղաքականությանը։ Փաստ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ժամանակին օգտագործելով Վազգեն Սարգսյանի տաքարյունությունը, ԵԿՄ-ն քաղաքականացրեց, արդյունքում ստացանք քաղաքականապես խեղված հասարակություն՝ մի կռազի շոֆեր, ում կողքին կանգնում էր, նա էլ դառնում էր ՀՀ նախագահ։ Այսօր Հայաստանում մտավոր միջավայր չկա։ Հայաստանը դարձել է «Կիսաբաց լուսամուտների» բեմահարթակ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով։ Հայ ազգի տունը քանդում է նրա իշխանությունը։ Այդ քաղաքական մեյմունն առայսօր չի հասկացել, որ Հայաստանի նավթը նրա ժողովրդի հոգու, դպրոցի ու գիտական մտքի մեջ է։



Ես կասեի, որ առանց մշակույթի աշխարհը կլիներ քառակուսի, առանց գիտության՝ սնամեջ, իսկ առանց կրոնի այն ուղղակի գոյություն չէր ունենա։ Ավելի լավ է գոյություն չունենալ, քան մշակույթ կոչել այն, ինչ մեր բեմերից այսօր հորդում է։ Մեր Ազգային ակադեմիայի շենքին էլ մի լավ մուշտարի չեղավ՝ հոգիներս ազատվեր։ Եհովայի վկաներն ու մորմոնները գոնե ժամանակին հասան՝ Լեւոնի հոգեհանգիստը սարերի հետեւում չէ, պատշաճ ծիսակատարությամբ կանցկացնեն։



Գուցե այս ամենն արդեն ժամանակավրեպ մտայնությո՞ւն է։ Գլոբալացումը, այսպես թե այնպես, հաղորդակից անոթների օրենքի համաձայն, մեր դռանն էլ էր չոքելու։ Եկեք փակագծերը բացենք։ Հայաստանի բնատնտեսությունը հայ մարդու համար մի կտոր հացի աղբյուր է եղել ու մնում է։ Հայաստանում հիմնադրվել են տասնյակների հասնող կերերի արտադրություններ, որոնք արտասահմանից ներմուծված քիմիական ծագում ունեցող վիտամինների ու կենդանիների աճը դրդող այլ միջոցների հիման վրա անասունների ու ձկների համար կերեր են պատրաստում։ Այդ կերերի մեջ պարունակվող, օրգանիզմների բնականոն զարգացումը խեղաթյուրող հորմոնանման ու քաղցկեղածին նյութերի թիրախը մարդն է՝ ՀՀ քաղաքացին։ Թե տարեկան քանի քաղցկեղով հիվանդ է մեր ուռուցքաբանական կենտրոնի դռները բախում, եւ արհեստական կերերով բտված կենդանիների մսի օգտագործումն ինչքան «օգուտ» է տալիս մեր առողջապահական համակարգին, պետական գաղտնիք է։ Թե ինչ են անում հանքարդյունաբերական պոչամբարները մեր առողջության ու մեր երկրի բնության հետ՝ առավել եւս պետական գաղտնիք է։ Այն, ինչ մեր ատոմակայանն է, էլեկտրական հոսանքից բացի, մեզ տալիս իր ռադիոակտիվ թափոններով, դա արդեն պետական գաղտնիք է։ Այն, ինչ քարհանքերում առաջացած փոշու շեղջերն են անում գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքների հետ, դա արդեն գաղտնիք չէ՝ Հայաստան ժամանող ամեն մի հյուր ինքնաթիռից տեսնում է ու մտածում, որ այդ դաշտերն առաջացել են մեր մոլորակին ընկած երկնաքարերի հարվածներից։



Իսկ թե այդ երկնաքարերի վրա Ծառուկյանի ֆիրմայի գրեյդերներն ինչպես են հայտնվել, նրանք Հայաստանը լքելիս էլ են մտածում։ Եթե ուզում եք իմանալ, թե այդ հանքերի քարի փոշիներից ինչ կարելի է անել, գնացեք Երեւանի Սայաթ-Նովա-Չարենցի փողոցների խաչմերուկի երեք 25 հարկանի բնակելի շենքերը տեսեք, Նար-Դոսի փողոցի, Հանրապետության հրապարակի ու Դավիթաշենի 2-րդ թաղամասի բազմաբնակարան շքեղ շենքերը։ Շուրջ 15 տարի առաջ, երբ պետբյուջեի փողերի մեջ լող տվող ՀՀ «Քար եւ սիլիկատ» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարներին ցույց տվեցի վերոհիշյալ հանքերի տուֆի թափոններից ստացած արհեստական տուֆի բլոկներ, որոնց մի երեսն արդեն իսկ տուֆե սալիկ էր, նրանք ինձ ծաղրեցին՝ ասելով, որ այդտեղ ոչ մի գիտություն չեն տեսնում, եւ այն հիմարություն է։ 3 տարի անց Երեւանում այդ շինանյութի օգտագործմամբ արդեն կառուցվել էին նշված գիտահետազոտական ինստիտուտի շենքի ծավալներից 30 անգամ ավելի ծավալ ունեցող Հայաստանի ամենաբարձր ու բազմաբնակարան շենքերը։ 3 տարի շարունակ Հայաստանից տուֆի փոշի էի արտահանում Ռուսաստան ու այնտեղ արհեստական տուֆի քարեր պատրաստում։ Ինչո՞ւ այսօր դա չանել մեծ ծավալներով՝ մեր դաշտերում կուտակված տուֆի փոշին արտահանել որպես հումք, երբ Ռուսաստանում արդեն գործում են իմ կողմից ներդրված տեխնոլոգիաները։ Բացի այդ, տուֆի թափոնների վերամշակման ճանապարհով կարելի է ստանալ ցեմենտի հավելանյութեր, լայն կիրառման ջրի ֆիլտրեր, պարարտանյութ եւ կենցաղային աղբի վերամշակման համար օգտագործվող կլանիչ նյութեր։ Էլ չեմ խոսում մեր կենտրոնի աշխատակից Վռամ Խաչատրյանի կողմից մշակված ու իր կիրառմանն սպասող ատոմակայանների ռադիոակտիվ թափոնների վնասազերծման տեխնոլոգիայի մասին։ Հիմա ընթերցողը կասի՝ ներդրեք, կիրառեք, ձեզ ո՞վ է բռնել։ Ես էլ կասեմ՝ պետությունը։ Այսօր հանքերի թեկուզ թափոնին ձեռք տալու համար մի փութ աղ պետք է շալակես ու օրենսդրական ակտերի ծիածանի տակով անցնես, եւ կյանքդ չի բավականացնի, որ դրան հասնես Հայաստանում։ Այն, ինչի մասին խոսեցի, դա մեր իշխանությունների սերմանած տգիտության մասին մի չնչին ինֆորմացիա է։ Այս ամենն այսօր խոտորում է մեր երկրի տնտեսության զարգացման ուղիները։ Այս ֆոնի վրա արդեն ինքնին ուրվագծվում են նոր իշխանությունների անելիքները։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» գիտական կենտրոն**