Կռիվ-կինոյից լավը չկա

Կռիվ-կինոյից լավը չկա
Կարծում եք ճի՞շտ էր, որ Փաշինյանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկն Էրեբունուց տվեց: Էրեբունին իրենց Սարդարապատն է՝ Նիկոլին, Սասունին, Արարատին ու էլի մի քանիսին այնտեղ են բռնել… Ախր ձեր թեկնածուն Երեւանի կենտրոնի տղա է, քաղաքի ծայրամասերի խնդիրները լավ չի պատկերացնում: Էն էլ կա, որ երբ նա լավ դերասան էր, դուք իսկի քաղաքական գործիչ էլ չէիք: Հետեւաբար՝ կարիք չկա, որ ամեն անգամ գնաք ձեր թեկնածուի հանդիպումներին:



Մենք հասկանում ենք, որ ցանկացած ընտրություն իր մեջ քաղաքականության նշույլ ունի: Բայց սա, ի վերջո, Երեւանի ավագանու ընտրություն է, որին «Իմ քայլ»-ից բացի ուրիշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլ են մասնակցում: Վարչապետն իր քայլերով անհավասարության նշան չի՞ դնում, արդյոք, Հայկոյի եւ մյուս թեկնածուների միջեւ: Մեկ տասնյակից ավելի թեկնածու կա: ՀՀ վարչապետը կհամաձայնի՞, արդյոք, յուր անձով պատվել, օրինակ, «Լույս» դաշինքի առաջնորդի հանրահավաքը:



Երբ այսպիսի բաներ եմ գրում, վարչապետի թիմակիցները հոդվածներիս տակ արձագանքում են. «Քո էն տեղն ինչի՞ ա վառվում»: Սրանց թվում է, որ ես վարչապետի դեմ եմ գրում կամ Հայկոյի լավը չեմ ուզում: Ինձ սխալ մի հասկացեք: Ասելս այն է, որ վարչապետը չպետք է կասկածի տակ դնի իր լեգիտիմությունը եւ թաղային հանդիպումներում չասի բաներ, որոնք «դավադրությունների տեսության» գոհարներից այն կողմ անցնեն: Էրեբունիում նա մարդկանց տառացիորեն դրդեց մոռանալ ավագանու ընտրությունները եւ զինվորագրվել հեղափոխությունը հակահեղափոխականներից պաշտպանելու գործին: Ասում է` մեզ համար կարեւորը Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետ դարձնելը չէ, այլ, որ ժողովուրդը վերահաստատի սիրո եւ համերաշխության հեղափոխությունը հակահեղափոխականությունից պաշտպանելու հաստատակամությունը: Ես հիմա չգիտեմ` Մոսկվայից վերադարձած Փաշինյանը վատ երա՞զ էր տեսել, թե՞ Երեւանի ընտրություններին իսկապես հակահեղափոխական ուժեր են մասնակցում: Իսկ գուցե ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հետ բանակցելը հանցա՞նք է: Կներեք, բայց մենք չէինք իմացել, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ականները դադարել են ՀՀ քաղաքացի, իսկ երեւանաբնակ ՀՀԿ-ականները` Երեւանի բնակիչ համարվել: Փաշինյանը նո՞ր իմացավ, որ ՀՀԿ-ն կարող է դիրքորոշում ունենալ, որը չհամապատասխանի ՀՀԿ-ն արգելելու իր հայտարարություններին: Եվ, վերջապես, ո՞վ է ասել, որ նույն «ՔՊ»-ին, նրա վարչապետին եւ քաղաքապետի թեկնածուին ՀՀԿ-ից սատարող չկա: Բնական վիճակ է, կարծում եմ, որ ՀՀԿ-ական օլիգարխները (Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում օլիգարխիա այլեւս չկա) դարձյալ, այս էլ որերորդ անգամ, քվեարկեն Փաշինյանի ներկայացրած «Իմ քայլի» օգտին: Հիմա ի՞նչ անենք, մենք է՞լ սկսենք վհուկների որսով զբաղվել: Միհրան Պողոսյանի ու Սամվել Ալեքսանյանի «տասովշչիկները» Հայկոյի շտաբներից դուրս չեն գալիս, հետո՞: Բա մյուսնե՞րն ինչ անեն, չի՞ կարելի հետաքրքրվել, ասենք՝ Արմեն Աշոտյանի եւ կամ Գալուստ Գրիգորիչի դիրքորոշմամբ:



Ես, դիցուք, դիմել եմ ընտանիքի պատիվն իմացող բոլոր շուռնուխցիներին եւ խնդրել, որ նրանք հորդորեն իրենց երեւանաբնակ բարեկամներին` ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 23-ի ընտրություններին: Թե ում կտան նրանք իրենց ձայնը, չեմ կարող հստակ ասել, բայց նրանց մեջ հաստատ ՀՀԿ-ականներ էլ կլինեն: Մի՞թե դա նշանակում է, որ ես դիմել եմ ՀՀԿ-ականներին: Ակնհայտ է նաեւ, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են Հայ առաքելական եկեղեցու հարյուր հազարավոր, այդ թվում եւ ՀՀԿ-ական հետեւորդներ: Հիմա եթե նրանք գան ու ձայն տան իրենց հավատն ու հոգեւոր առաջնորդին չհայհոյող, կաթողիկոսի ճանապարհը չկտրող ուժին, արդյոք, դա կնշանակի՞, որ նրանք հակահեղափոխական են:



Ինչ ցանես, այն կհնձես: Սա ես չեմ ասել, ազնիվ խոսք: Բոլորը գիտեն, որ մեր քաղաքում խելագարված ամբոխներից բացի ապրում են նաեւ քաղաքի խնդիրներով մտահոգ մարդիկ, որոնք հստակ գիտակցում են, որ աղբը հեղափոխական կոչերով չի մաքրվում, որ «ԳԱԶել»-ները կախարդական փայտիկով չեն անհետանում, որ կիսավթարային շենքերը գեղեցիկ ցանկություններով նորակառույցի չեն վերածվում, որ վերելակների ցավոտ խնդիրը հա-հա, հի-հի-ով չի լուծվում, որ երեխաները պարտավոր են մեծանալ ու մեծանալու հետ մանկապարտեզ հաճախել… ո՞ր մեկն ասեմ: Ու եթե պրագմատիկ մտածողությամբ այդ մարդիկ ձայն չտան դերասաններից ու պոպուլիստներից կազմված «Իմ քայլ»-ին, ուրեմն հակահեղափոխակա՞ն են:



Իսկ գուցե չարժե՞ր, որ վարչապետը ելույթ ունենար մի հավաքում, ուր մարդիկ եկել էին լսելու իրենց հուզող հարցերի պատասխանները եւ ոչ թե ունկնդրելու հեղափոխական հրովարտակներ, որոնք հաց, ջուր, աշխատատեղ, բնակարան, զբոսայգի ու կանաչ տարածք չեն դառնում: Եվ, ուրեմն, ո՞րն էր սեփական թեկնածուի դեմ այս հակաքարոզչության իմաստը:



Երեկ հերթական սկանդալը պայթեց․ գաղտնալսել են երկրի անվտանգության ծառայության պետի եւ ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցները: Փաստն ինքնին խայտառակություն է, բայց վարչապետը կրկին ամեն ինչ հակահեղափոխականներին է վերագրում: Սա առաջին դեպքն է, որ Հայաստանի տարածքում ԱԱԾ (КГБ) պետի խոսակցություն են լսում: Հաշիվ տալի՞ս եք ձեզ, լսո՞ւմ եք ԱԱԾ պետի մանկապարտեզի մակարդակի բացատրությունը, թե փողատերերը թանկ ապարատուրա են առել ու գաղտնալսել իրեն: Այ քեզ հաջողություն: Իսկ եթե փողը, այնուամենայնիվ, Ադրբեջա՞նն է տվել, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան… Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը սրանից հետո: Առաջարկում եմ Հայկոյի հաջորդ հանդիպմանը վարչապետը խոսի այս ամենի մասին: Ի՞նչ Երեւան, ի՞նչ ավագանի: Կռիվ-կինոյից լավ բան չկա, ահագին հանդիսատես կհավաքվի։



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**