Մեր թեկնածուն ամենալավն է, եւ մենք գնում ենք միայն հաղթանակի

Մեր թեկնածուն ամենալավն է, եւ մենք գնում ենք միայն հաղթանակի
Երեւանի ավագանու ընտրությանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակահեղափոխական ուժերը հանկարծ հեղափոխական են դարձել եւ «քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցում են»։ Խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Լույս» դաշինքից ի պատասխան կոչ արեցին վարչապետին կոնկրետ անուններ տալ։ Սակայն տեղեկություններ կան, որ Փաշինյանի կոչը նախեւառաջ իր երբեմնի գործընկերներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին էր ուղղված, որոնք համատեղ «Լույս» դաշինքի թեկնածու են առաջադրել Արտակ Զեյնալյանին։ Բանն այն է, որ օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ում համակրանք կա երկու թեկնածուի նկատմամբ՝ ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի եւ Արտակ Զեյնալյանի։ Երեկ զրուցեցինք «Ելք» խմբակցության քարտուղար, Մարուքյանի թիմակից **Գեւորգ Գորգիսյանի** հետ։



**- Պարոն Գորգիսյան, վարչապետի կոչը Ձե՞զ էր հասցեագրված, թե՞ այլ ուժի։**



-Տեղյակ չեմ, այդ հարցով ավելի լավ է իրեն դիմեք։ Ես կարող եմ ասել, որ մենք ՀՀԿ-ականների հետ համագործակցելու չունենք եւ երբեք չենք ունեցել։



**- Իսկ ավագանու ընտրություններից հետո, եթե «Իմ քայլը» բացարձակ մեծամասնություն չվերցնի, դուք կաջակցե՞ք Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալու հարցում։**



-Մենք ունենք ուժեղ թիմ եւ ուժեղ թեկնածու ու միանշանակ գնում ենք հաղթանակի։ Հետեւաբար, այս պահին համագործակցելու պլան չկա։ Ընտրություններից հետո՝ կախված ստեղծված իրավիճակից, չեմ բացառում, որ լինեն տարբեր քննարկումներ՝ տարբեր հարթություններով։ Մենք գնում ենք հստակ հաղթանակի, մենք բոլոր օբյեկտիվ գնահատականներով տեսնում ենք, որ մեր թեկնածուն ամենալավն է, մեր թիմն ամենալավն է, ամենաուժեղն ու գիտակն է, ամենատեղյակն է քաղաքական խնդիրներից։



**- Իսկ եթե, այնուամենայնիվ, որեւէ թիմ մանդատների բացարձակ մեծամասնությունը չստանա, դուք քաղաքապետի թեկնածու կառաջադրե՞ք, բացի Հայկ Մարությանից, այլ թեկնածուի աջակցելու հավանականություն կա՞։**



-Ընտրություններից հետո կխոսենք, որովհետեւ մենք գնում ենք մեծամասնություն հավաքելու։



**- Կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ հակահեղափոխության։**



-Դա հակահեղափոխություն չէ։ Պետք է ընդունել, որ երկրում չի կարող լինել միակուսակցական համակարգ, ցանկացած դեպքում եթե նման համակարգ է լինում, դա տանում է դիկտատուրայի։ Մեր թեկնածուն հեղափոխության կառավարության նախարար է, հետեւաբար, մենք չենք կարող դիտարկվել որպես հակահեղափոխական ուժ, այդպիսին կարող են դիտարկվել այն ուժերը, որոնք մինչ այդ եղել են իշխանության որեւէ ֆորմատով։ Մենք ի սկզբանե եղել ենք հեղափոխության կառավարության միակ սատարը, հենասյունը խորհրդարանում եւ այն ուժը, որն ամենաշատն է սատարել նոր իշխանությանը։



**- Հենց Նիկոլ Փաշինյանն է անհասցե մեղադրանքներ հնչեցնում՝ «իբր հեղափոխության պաշտպան» ուժեր եւ այլն… Դուք ի սկզբանե չեք էլ աջակցել Փաշինյանին։**



-Մենք վերջում չենք միացել, մենք ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ենք։ Մենք հեղափոխությունը կրող ուժերից մեկն ենք ու շահագրգռված ենք, որպեսզի հեղափոխությունը կապիտալիզացվի, եւ օլիգարխիկ ուժերից որեւէ մեկը չվերադառնա իշխանության, մեր պայքարն էլ է այդ կոնտեքստում։



**- Եթե ձեր նպատակը նույնն էր, ինչո՞ւ միասնական ցուցակով չգնացիք։**



-Քաղաքականությունը միշտ ենթադրում է բազմազանություն եւ առողջ մրցակցություն, հիմա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կա այդ հնարավորությունը, մենք այդպես ենք պատրաստվում մասնակցել քարոզարշավին ու այդպես էլ սկսել ենք՝ առանց որեւէ մեկին փնովելու, առանց որեւէ թեկնածուի մասին խոսելու։



**- Իսկ Փաշինյանի ելույթը դիտարկում եք որպես քաղաքական մենաշնորհի հաստատո՞ւմ, ի վերջո, նա շատ կոնկրետ կոչ էր անում՝ ընտրել Մարությանին, որպեսզի ԱԺ-ն ինքնալուծարվի, որպեսզի հակահեղափոխություն չլինի։**



-Նիկոլ Փաշինյանի խոսքերը չեմ մեկնաբանում, ես ասեցի, թե մենք ինչի համար ենք մտել պայքարի մեջ, ու ավելացնելու բան չունեմ։



**- Դուք գնահատել եք, որ իրական հնարավորություն ունեք Երեւանում իշխանություն վերցնելու։**



-Բնականաբար, առանց դրա մենք չէինք մտնի պայքարի մեջ, մենք հենց հիմա օբյեկտիվորեն համարում ենք, որ մեր թեկնածուն լավագույնն է իր ունակություններով, եւ իր մեջքին կանգնած է թիմ, որը մեկ տարվա գործունեությամբ ապացուցեց, թե ինչպիսի հզոր կարող է լինել Երեւանի ավագանին։



**- Պարոն Գորգիսյան, կարծում եք հետհեղափոխական էյֆորիան տեղի՞ է տվել, եւ ձեզ «կներե՞ն» Փաշինյանի քայլին ի սկզբանե չաջակցելու համար։**



-Քաղաքականությունն անընդհատ պրոցես է եւ չի ընդհատվում ինչ-որ փուլում, ընտրողը կորոշի, ես ներկայացրեցի մեր բոլոր առավելությունները։



**- Իսկ բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ից աջակցություն կստանաք։**



-Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**