«Ընգերական» զրույց՝ ծանր հետեւանքներով

«Ընգերական» զրույց՝ ծանր հետեւանքներով
Այն համացանցում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, սակայն, հավանաբար, հրապարակման համար փակ է եղել, եւ օգտատերերին հասանելի դարձավ միայն երեկ կեսօրին՝ Երեւանի քաղաքապետի ընտրության քարոզարշավի երկրորդ օրը՝ «սեւ PR» ապահովելով Փաշինյանի կառավարության համար։ Արձագանքը կայծակնային էր։ Վարչապետն այնքան արագ «լայվ» մտավ, որ չգիտեիր՝ գաղտնալսո՞ւմը լսես, թե՞ Նիկոլին։ Նա կենտրոնացավ ապօրինի գաղտնալսման փաստի վրա, սակայն զերծ մնաց զրույցի բովանդակությունը մեկնաբանելուց։ Մեկ ժամ անց օրվա հերոսները՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը, «Մարիոթում» ասուլիս հրավիրեցին, իսկ դատախազությունը քրեական գործ հարուցեց անօրինական գաղտնալսման փաստով։



**Սենսացիա առաջացնել չստացվեց**



Ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետը հայտնեց, որ իրավական հարցեր է քննարկել իր կոլեգայի հետ։ «Հաշվի առնելով այն, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ գործում որեւէ թերություն ու թերացում չկա: Նման քննարկում իմ ու Սասուն Խաչատրյանի միջեւ կայացել է, ու եղել է իրավաբանական քննարկում»,- բացատրեց ԱԱԾ տնօրենը։ Իսկ ՀՔԾ պետը որոշել էր ավելի սենսացիոն տեղեկություններ հրապարակել՝ սկանդալի տպավորությունը մեղմելու համար։ Նա սկսեց մանրամասներ հայտնել Մարտի 1-ի քրեական գործից, որոնց մասին, թերեւս, կիմանայինք ավելի ուշ։ Նա հայտնեց, որ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանը զոհվել է հատուկ ջոկատայինների կրակոցներից։ «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր վարկածը հետեւյալն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը։ Նա նաեւ նշեց, որ զինվորականները կրակել են Լեոի շենքերի ուղղությամբ, որ օլիգարխների ուղարկած մարդկանց ՊՆ պահեստից զինվորական համազգեստ է բաժանվել, նաեւ այլ հետաքրքիր մանրամասներ, որոնք, թերեւս, սենսացիոն թվային, բայց ոչ այսօր։ Ի դեպ, Վանեցյանը ներողություն չխնդրեց իր խոսքում հնչած կանխատեսման համար, որ եթե Խաչատուրովին փակեն, «ռուսները ո-ի համը կհանեն», կամ՝ Սասուն Խաչատրյանի օգտագործած «խ» տառով սկսվող նեոլոգիզմի համար, որը շատերը նրանից լսեցին առաջին անգամ։ Բայց սրանք մանրուքներ են։ Ի վերջո, թիմակիցները կարող են նաեւ «ընգերական» զրույցներ ունենալ եւ սրանցից էլ ավելի վատ բառեր օգտագործել։ Գլխավոր հարցին դրանք չեն վերաբերում, այն է՝ արդյոք նոր Հայաստանի իշխանությունները ճնշում գործադրո՞ւմ են իրավապահ մարմինների եւ դատարանների վրա, արդյոք կարո՞ղ է ԱԱԾ պետը հրահանգներ իջեցնել նախաքննության մարմնի ղեկավարին, ցուցումներ տալ դատավորին։



**«Մի հատ վարչապետի հետ խոսա»**



Նման կասկածների տեղիք է տվել ձայնագրության այն հատվածը, որտեղ Արթուր Վանեցյանն ասում է․ «Ինձ դատավորը նոր զանգեց, դե, մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ ա՞ անունը դատավորի, մի խոսքով, դատավորը, ով որ պտի կալանքը տա։ Բա, ասեց, մի հատ հիմքերը նայեմ, զանգեմ զեկուցեմ, պարոն Վանեցյան ջան»։ Սասուն Խաչատրյանը պատասխանում է․ «Թող նայի»։ «Ասի՝ նայի հիմքերը, կնայես, բայց կալանքը ուզես, չուզես, պտի տաս»։ Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Սասուն Խաչատրյանը հարցնում է Վանեցյանին․ «Չփակե՞նք, ընգեր», հետո ասում է․ «Մի հատ վարչապետի հետ խոսա», վերջինս էլ խոստանում է․ «Հեսա կխոսամ»։ Արթուր Վանեցյանի խոսքում Խաչատուրովի վերաբերյալ լսվում է․ «Վարչապետն ասում ա փակեք»։ Իսկ զրույցի վերջում էլ նա խնդրանք-ցուցում-ցանկություն է բարձրաձայնում․ «Էն մի բանին էլ մի բան արա, էլի, Խաչատուրովի տեղակալին, տեղակալն ա, էլի, օպերատիվ գծով»։



**Դատավորներին վտա՞նգ է սպառնում**



ԱԱԾ պետն ասուլիսի ժամանակ հերքեց իր իսկ հայտնած տեղեկությունները։ Նրա պատասխանից հետեւում է, որ նա պարզապես ստել է Սասուն Խաչատրյանին դատավոր «Հրաչի» մասով։ Ի դեպ, Քոչարյանի կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը։ Վանեցյանն ասաց, որ Քոչարյանի կալանքը քննող դատավորին չի ճանաչում եւ նրա հետ հեռախոսազրույց չի ունեցել։ Բայց Դուք ասում եք՝ դատավորը վախեցած զանգել էր, կալանքը՝ ուզես, չուզես, պիտի տաս․ մեր այս հարցին Վանեցյանն արձագանքեց․ «Գոյություն ունի оперативное сопровождение հասկացություն, դատավորները եւ այլ անձինք կարող են ճնշումների եթարկվել, ինչը կատարվում է, մենք պարտավոր ենք նրանց պաշտպանել այդ ճնշումներից»։ Դատավորներին ճնշումներից պաշտպանելու հարցը բարձրացրեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը մեղադրանքի կողմ է Մարտի 1-ի գործով եւ ներկայացնում է տուժողների շահերը։ Վահե Գրիգորյանի մասին գաղտնալսման մեջ Սասուն Խաչատրյանն ասում է․ «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի: Որպես փորձագետ՝ նաեւ ինքը Եվրոդատարանում ա, չէ՞, ներկայացնում»։



Իր ֆեյսբուքյան էջում Վահե Գրիգորյանը հայտնեց, որ իր վստահորդների անունից աջակցել եւ իր մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել է նախաքննության մարմնին: «Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների եւ ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ եւ ԱԱԾ անձնակազմերը, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի, երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի եւ կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինեն առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եվ որպես այդպիսին եւ հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե՛ իմ, թե՛ վստահորդներիս լիակատար աջակցությունը եւ առանց սեթեւեթանքի»:



**Դեմ եւ կողմ**



Դուք չե՞ք տեսնում իրավապահների հրահանգավորման մասին վկայող հանգամանքներ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության մեջ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ դատավորներին հրահանգներ չեն լինելու։ «Ինձ որեւէ դատավոր չի ասել իրեն հրահանգներ տալու մասին: Իմ ճանաչած դատավորներից քչերը հայտնել են, որ իրենց նախկինում էլ հնարավոր չէր հրահանգներ տալ, բայց վարչապետի հայտարարությունը համակարգային իմաստով դրական ազդեցություն ուներ: Իսկ մի շարք փաստաբաններ առհասարակ ասել են, որ դատավորները բողոքում են, որ իրենց հրահանգներ չեն տալիս, այլ խոսքով՝ անտեր են թողել: Ես կարծում եմ, որ խնդիրը դատավորների անձերի, նրանց աշխարհայացքի եւ աշխատաոճի մեջ է»,- պատասխանեց Վահե Գրիգորյանը։ Փաստաբան Հակոբ Ճարոյանը մեզ հետ զրույցում հայտնեց․ «Ձայնագրության մեջ խոսվում է դատավորին զանգելու մասին։ Միայն սա է մտահոգիչը։ Մնացածում ոչինչ չկա։ Ավելի մանրամասն այս պահին չեմ կարող խոսել»։ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը մեզ ասաց, որ նման ձայնագրությունից հետո երկու պաշտոնյաներն էլ պետք է հրաժարական տան։ Ասուլիսի ժամանակ իրավապահներն ասացին, որ հրաժարական կտան, երբ դա պահանջի ժողովուրդը կամ իրենց ղեկավարությունը։ Արդյոք Փաշինյանը «փուռը կտա՞» իր զինակիցներին Քոչարյանի պատճառով։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**