«Կարգին մասկիշոուներ» պետք չէ կազմակերպել․ Նաիրա Զոհրաբյան

«Կարգին մասկիշոուներ» պետք չէ կազմակերպել․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր ՝ նախընտրական քարոզարշավի 2-րդ օրը, ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» դաշինքը Դավթաշեն վարչական շրջանը բաժանել էին միմյանց մեջ։ Քաղաքապետերի թեկնածուները նույնիսկ մի պահ հանդիպեցին, նախ սկսեցին սուլել միմյանց, հետո, հիշելով, որ երկրում վաղուց արդեն «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտ է, սկսեցին ծափահարել։ Երկու ուժերն էլ քայլերթ իրականացրին Դավթաշենի փողոցներով։ ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցը սկսեցինք օրվա սկանդալից՝ ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների գաղտնալսված ձայնագրություններից։ Զոհրաբյանը այդ ժամանակ, իր խոսքով, ձայնագրությանը չէր ծանոթացել՝ չնայած, որ այն բավականին երկար ժամանակ՝ մոտ 5 ժամ առաջ էր հրապարակվել․



«Ես, անկեղծ ասած, դեռ չեմ հասցրել ձայնագրությունը լսես, իսկ ես սովորություն չունեմ, որ մինչև ես՝ ինքս փաստերին չծանոթանամ, սովորութոյւն չունեմ մեկնաբանելու ինձ դեռևս անհայտ լրատվական հոսքը, երբ որ կհասցնեմ ծանոթանալ, բնականաբար կմեկնաբանեմ»։



**- Կուսակցության պաշտոնական արձագանք կլինի՞։**



-Ես չեմ կարող ասել՝ կլինի՞, թե՞ չի լինի։ Ես կարծում եմ՝ էստեղ մեր կուսակցության խնդիրը չէ, այլ պատկան մարմինների խնդիրն է, իրենք պետք է արձագանքեն, մենք ի՞նչ արձագանքենք։



**- Իսկ ի՞նչ եք կարծում, այս փուլում նման ձայնագրության հրապարակումը ինչպե՞ս կազդի քարոզարշավի վրա։**



-Ես չեմ կարող ասել, երբ որ ձայնագրությունը լսեմ, կասեմ։



**- Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը։**



-Ես կարծում եմ՝ քարոզարշավը ընթանում է շատ լավ, ինչպես տեսնում եք՝ մենք զբաղված ենք երևանցիներին մեր ծրագիրը ներկայացնելով, դա մեր առաքելությունն է, մենք զբաղված ենք մեր առաքելությամբ։



**- Կրկին լուրեր են տարածվում, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքներ է բաժանում, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։**



-Այդ լուրերին արդեն պատասխանել եմ հազար անգամ, կպատասխանեմ հազարմեկերորդ անգամ․ դիմում եմ ոստիկանությանը, անաչառ զբաղվեք բոլոր գործերով, որովհետև ես՝ որպես ԱԺ պատգամավոր, հատ-հատ զբաղվելու եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր նման ապատեղեկատվություն տարածում են, հասնելու եմ մինչև Եվրոդատարան բոլոր այն անձանց հարցով, ովքեր, կազմակերպելով կարգին մասկիշոուներ, տարածում են նման ապատեղեկատվություն։ ԲՀԿ-ն կաշառք չի բաժանում, ես, որպես քաղաքապետի թեկնածու, ինձ համար կլիներ անհարմար, եթե ինչ-որ մեկը ինձ քվե տար գնված ձայնով։ Դա աբսուրդ է, դա սյուրռեալիզմ է։ Կոչ եմ անում իրավապահներին զբաղվել յուրաքնչյուր ահազանգով, որովհետև ես որպես պատգամավոր զբաղվելու եմ բոլոր այն անձանցով, ովքեր տարածում են այդ ապատեղեկատվությունը՝ ընդհուպ հասնելով մինչև Եվրոպական դատարան։



**- Ասացիկ «կարգին մասկիշոու», որևէ քաղաքական ուժի՞ եք ակնարկում։**



-Բացարձակ չեմ ակնարկում, ասում եմ, որ «կարգին մասկիշոուներ» պետք չէ կազմակերպել։



Ձայնագրությանը չէր ծանոթացել նաև «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը։ Նրան հարցրինք, թե իրենց կուսակցության օրոք ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների պաշտոնները զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Սասուն խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը ինչպե՞ս կազդիր իր ռեյտինգի վրա․



«Անկեղծ՝ ասած իրոք ծանոթ չեմ այդ ձայնագրությանը, գիտեմ, որ ինչ որ այդպիսի բան է եղել, բայց ծանոթ չեմ։ Առավոտից սկսած իրազեկում ենք բակերում, երբ որ ծանոթ կլինեմ, կկարողանամ արձագանքել, այս պահին արձագանք չունեմ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Հայկ Մարությանը։



**Կորյուն Սիմոնյան**