Դաշնակցությանը ոչ ոք չի կարացել փուռը տանի

Դաշնակցությանը ոչ ոք չի կարացել փուռը տանի
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե քաղաքական ուժեր կան, որոնք ձև են տալիս, թե հեղափոխական են, բայց «քուչեքում, ռեստորաններում բանակցություններ են վարում ՀՀԿ-ի հետ, որ աջակցի իրենց»։ Ռուստամյանը դրան ի պատասխան ասաց, որ պետք է դուրս գանք այս կասկածանքի, խորհրդավորության մթնոլորտից, և եթե բան կա ասելու, ինքը հորդորում է ասել կոնկրետ, անուններով։



«Նախ ես կարծում եմ, որ իմ տպավորությամբ՝ դա քարոզչական հնարք էր, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղվի այն անհաջող մեկնարկից, ֆալշ-ստարտից, որ իրենց քաղաքապետի թեկնածուն ունեցավ»,-ասաց Ռուստամյանը։ Ռուստամյանը կարծում է, որ եթե որևէ մեկը տեսել է իրենց ՀՀԿ-ականների հետ ռեստորաններում բանակցելիս, թող հրապարակեն։ «Մի լավ խոսք կա՝ կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր է։ Կասկածանքով կարելի է պաշտպանվել, բայց կասկածանքով հարձակվել չի կարելի»-ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ինքը ոչ միայն բացառում է, որ վարչապետի հայտարարությունն իրենց էր ուղղված, այլև տրամաբանություն չի տեսնում։



**Hrapark.am**-ը նկատեց, որ Արմեն Աշոտյանի կարիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր «փուռն է տալիս» իր դաշնակիցներին, որոնք, ըստ Աշոտյանի, նրանք են, ովքեր այսօր կառավարության մաս են կազմում Փաշինյանի հետ։ Ուստի հարցրինք Ռուստամյանին՝ իրենք, որպես կառավարության մաս կազմող ուժ, իրենց «փուռը գնացած» զգո՞ւմ են Փաշինյանի կողմից։



«Դաշնակցությանը ոչ ոք չի կարացել փուռը տանի։ Դաշնակցությունը նախ ինքը բազմաթիվ փորձություններով անցել է, ինչպես ասում են՝ հողերով, ջրերով և կրակներով, նենց որ, մեզ էդ ձևի բաներով չեն վախեցնի։ Եվ մենք պատրաստ ենք, եկեք բոլորս էլ մտնենք էդ փուռը, մի հատ մաքրվենք։ Պետք չի մեկը մյուսին․․․ Էստեղ դրել ա մեկը դատավոր ա, մյուսները բոլոր մեղադրյալ են։ Մի դատիր, որ չդատվես, իսկ եթե դատում ես, դատիր անկողմնակալ և անաչառ, առանց ցասումի»,-նշեց Արմեն Ռուստամյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**