Չպետք է ասեն, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել

Չպետք է ասեն, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի հրաժարվում՝ ինքը շատ ընկերներ ունի և՛ ՀՀԿ-ից, և՛ ԲՀԿ-ից, և՛ տարբեր ուժերից, նրանց հետ հաճախ հանդիպում է, բայց ռեստորան գնալ չի սիրում, ոչ թե այն բանի համար, որ ռեստորանի ուտելիքը չի սիրում, այլ պարզապես գյուղում ռեստորան չկա:



Նրա խոսքով, աշխատանքից հետո ինքը գնում է գյուղ, հանում է կոստյումն ու փողկապը և հանգստանում։ «Իրեն հարցրեք, ինքը կասի՝ ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե երկրի վարչապետն ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի: Կասի ինձ, ես կպատասխանեմ, կասի ուրիշին, ուրիշը կպատասխանի: Խնդիրը բացարձակ այդ հարթության մեջ չեմ նայում, ես նայում եմ, որ երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծել քաղաքական դաշտում համախմբվածության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- այսպիսին է Արամ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթին, թե հեղափոխական ներկայացնող որոշ ուժեր ռեստորաններում,պատերի տակ բանակցում են հակահեղափոխական ՀՀԿ-ի հետ աջակցության հարցով, թե ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, ընենց կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»։



Արամ Սարգսյանը Հայաստանում հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանում չի անում:



«Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի»,-նշեց Սարգսյանը:



Նա նշեց` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց: «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»,-ասաց պատգամավորը: