Նիկոլ Փաշինյանը փաստացի «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը փաստացի «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին․ Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է այս ընթացքում, դա պայքարելն է ՀՀԿ-ի դեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, էլի Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ-ի դեմ։ Աշոտյանն այս ամենն ասաց՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, որտեղ ասում էր, թե ուժեր կան, որ ՀՀԿ-ի հետ բանակցություններ են վարում կուլիսներում։



«Կարծում եմ, որ երկրի վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիք ունի, քան հավերժական պայքար նախորդ իշխանությունների դեմ»,-ասաց Աշոտյանը։ Այնուհետև նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա։ «Այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի, ժողովրդական լեզվով ասած, «փուռն է տալիս» իր այսօրվա դաշնակիցներին։ Ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին, և պատրաստ է ամեն ինչ անել՝ ապահովելու իր թեկնածուի համար առավելագույն այն ձայները, որոնք իրեն լրացուցիչ թև ու թիկունք կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»,-ասաց Աշոտյանը։



Նա նաև նկատեց, որ եթե այս պահին որևէ քաղաքական ուժին սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա դրանք, իր կարծիքով, հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբերում են և իրենց աշխատանքների մեջ են ներգրավված, և դրա վերաբերյալ ինքն ունի այդպիսի տեղեկություններ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**