Միայն անտեղյակության պատճառով նախարարը կարող էր «լիբերալ» ձևով ասել՝ դուք ընտրեք, դուք որոշեք

Միայն անտեղյակության պատճառով նախարարը կարող էր «լիբերալ» ձևով ասել՝ դուք ընտրեք, դուք որոշեք
_Հարցազրույց բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հետ․_



**- Պարոն Ստեփանյան, վերջին տարիներին Դուք ինչպես հին իշխանությունների, այնպես էլ նոր իշխանությունների օրոք անգործ եք, ինչո՞ւ։ Միակ բացառությունը Կամերային երաժշտական թատրոնում Ձեր «Տերն ու ծառան» բեմադրությունն էր, որը դարձյալ հրավիրյալ ռեժիսորի կարգավիճակում եք բեմադրել։**



-Չգիտեմ, ստացվում է՝ ես թատրոնին պետք չեմ, ոչ մի բան չի փոխվել, եթե չհաշվենք Կամերային թատրոնի հրավերը։ Մի բան է փոխվել՝ եթե առաջ երազում էի, սպասում էի, երբեմն՝ նեղանում, վիրավորվում, թե ինչու են ինձ անտեսում, հիմա չեմ վիրավորվում եւ ոչինչ էլ չեմ սպասում, ավելին՝ չեմ էլ ուզում։



**-Ինչո՞ւ։**



-Դա ներքին զգացողություն է, որ չի կարող լինել միշտ կարծր ու գնալով ավելանա, որովհետեւ աշխատանքն է բերում նոր պրոյեկտներ, նոր մտքեր։ Երբ աշխատանք չկա, ինքդ քո հանդեպ դառնում ես թերահավատ։ Եթե մարդիկ չեն հրավիրում, գուցե այդպես է պետք։ Ասեմ ավելին՝ դեռ մեկ տարի առաջ հանգամանքների բերումով ես պետք է դառնայի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղղեկավարը, ինչ-ինչ պատճառներով ընտրվեց եւ նշանակվեց ուրիշ մարդ։ Չեմ ասում, որ դա ինձ կոտրեց, բայց մեծ աշխատանք էի տարել՝ թատրոնի ծրագրի հետ կապված։



**-Այսինքն՝ առաջա՞րկ էր արվել Ձեզ։**



-Այո, հետո մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ փոխվեց։ Հիմա ես չեմ սպասում որեւէ հրավերի, եթե անգամ լինի, չեմ կարծում, որ կհամաձայնեմ։



**-Բայց երկրում իրավիճակ է փոխվել**։



-Միանգամայն համաձայն եմ, որ երկրում շատ բան է փոխվել։ Անձամբ ինձ համար շատ հաճելի է, որ գտնվեց մի ուժ, որը կարողացավ Հանրապետականի թայֆայի դեմ դուրս գալ ու տապալել այն։ Երկրում նոր իրավիճակ է հաստատվում, այդ ամենը շատ ողջունելի է, սակայն ինձ հետ դա որեւէ առնչություն չունի, որովհետեւ երբ ես ծրագրեր էի կազմում, դրանք երբեք չեն եղել հանրապետական կամ կուսակցական ծրագրեր, դրանք եղել են արվեստի հետ առնչություն ունեցող գործեր ու որեւէ իշխանության հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, անկեղծ ասած՝ չեմ ուզում քննադատական խոսք ասել, որովհետեւ չգիտեմ ինչը քննադատել։



**-Այսինքն՝ փոփոխություն չե՞ք տեսնում։**



-Փոփոխություն ո՞նց տեսնեմ, եթե փոփոխություն չկա։ Գուցե հայ-իտալական հարաբերություններում կա, որովհետեւ հայ-իտալական ընկերությունը պետք է զբաղվի հին հայկական մշակութային արժեքների վերականգնմամբ, բայց ես, լինելով Կինոմիության նախագահության անդամ, Կինոդերասանների գիլդիայի նախագահը, Թատերական գործիչների միության նախագահության անդամ, տեղյակ չեմ ո՛չ կինոյի եւ ո՛չ էլ հատկապես թատրոնի օրենքների մասին, որի մասին բարձրաձայնել է նախարարը։ Արդյոք ստեղծվե՞լ է թատրոնի մասին օրենք, ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ ես անտեղյակ եմ։ Եթե պետք է ստեղծվի ու մեզ դեմ տրվի, որ սա է օրենքը, ինչպես Ամիրյանի օրոք էր, որը ոչ թե օրենք էր, այլ բիզնես ծրագիր, ու մեզ ներկայացվի, որ ուզում եք-չեք ուզում, մեկ է՝ սա է լինելու, ինձ համար այդ տարբերակն անընդունելի է։ Շատ կարեւոր է այդ նոր օրենքները գրելու ժամանակ նաեւ մեզ հետ հաշվի նստել, որովհետեւ մենք, ի վերջո, թատրոններ ենք ստեղծել, թատրոններում ենք աշխատել, գուցե մենք էլ ինչ-որ բան ունենք ասելու։ Իմ իմացությամբ որեւէ հանձնաժողով չկա, եթե ստեղծվեր, որպես նախագահության անդամ՝ կիմանայի, բայց որեւէ քննարկման կամ մտքերի փոխանակման ներկա չեմ եղել։



**-Մշակույթի նախարարն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց, որ ամեն օր տագնապի զգացողություն է ունենում, եւ իրեն թվում է, թե չի հասցնում իր անելիքները․ սա զգացողությո՞ւն է, թե՞ նաեւ իրողություն։**



-Բայց ի՞նչը չի հասցնում, ո՞ր մի աշխատանքը, մշակութային դաշտն իրոք անծայրածիր է եւ շատ տարբեր իրարից, որովհետեւ թատրոնը մի բան է, կինոն՝ մեկ այլ բան, ու այդպես ամեն ոլորտ։ Երեւի պետք է վերանայվի թե՛ նախարարության աշխատանքը, թե՛ կառուցվածքը, որովհետեւ մի հոգի չի կարող այդ ամենին հասնել։ Պետք է ունենաս համապատասխան քանակի օգնականներ, որոնք քաջատեղյակ են ոլորտից․ դա շատ կարեւոր է։ Նորից եմ կրկնում՝ ես միտված չեմ նստել ու քննադատել, որովհետեւ չգիտեմ ինչը քննադատել, բայց շատ կոնկրետ օրինակ է ռուսական թատրոնը։ Գեղարվեստական ղեկավարի պաշտոնակատար նշանակվում է թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։ Գեղղեկավարը թատրոնի ուղեցույցն է, դեմքը, գեղագիտությունը, դա այն լիդերն է, որ դարձնում է իր թատրոնն ուրիշներին ոչ նման։ Ֆրեդ Դավթյանը թատրոնը փայլուն ղեկավարում է իր տնօրենի դիրքից, հիմա նա գեղղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում ի՞նչ պիտի անի։ Այդ նշանակումը խոսում է նրա մասին, որ նշանակողը՝ նախարարը, անտեղյակ է գեղղեկավարի ով լինելու մասին։ Գեղարվեստական ղեկավարը թատրոնի լիդերն է, նա է իր օգնականների հետ թատրոնը դարձնում այնպիսին, ինչպիսին այն պետք է լինի՝ ըստ մշակույթի նախարարության ծրագրերի։ Այ, դա պետք է անի մշակույթի նախարարը, իր առջեւ դնի բոլոր թատրոնների վերնագրերը եւ մտածի, թե որ թատրոնն ինչին է ծառայում, ինչ նպատակ է հետապնդում՝ անշուշտ, դա քննարկելով թատրոնների գեղղեկավարների հետ։ Թատրոնը պետք է ունենա հիմնական ճանապարհ եւ հետո զբաղվի նրանով, ինչով ուզում է զբաղվել, փայլուն օրինակը Ռուբեն Բաբայանն է ու Տիկնիկային թատրոնը։ Նրանք կատարում են իրենց ծրագրերը, ինչի համար կոչված են՝ բեմադրում են մանկական ներկայացումներ, բայց դրանից բացի փոքր բեմում բեմադրում են շատ լուրջ գործեր։ Ո՞վ ասաց, որ Տիկնիկային թատրոնն իրավունք չունի բեմադրելու Շեքսպիր։ Խնդրեմ, ու դրանում մշակույթի նախարարությունը չի խառնվում, եւ սա պետք է լինի մշակույթի նախարարության ուղենիշը։ Հիմա ռուսական թատրոնը շատ կարեւոր թատրոն է ոչ միայն արվեստի տեսակետից, այլ նաեւ քաղաքականության տեսակետից։



**-Ի դեպ, թատրոնում տեղի ունեցած վերջին ժողովի ժամանակ դերասանները նախարարին ներկայացրին մի քանիսի՝ Նորա Գրիգորյանի, Ռոբերտ Հակոբյանի եւ ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանի թեկնածությունները։ Նախարարը, թվում է՝ շատ լիբերալ մոտեցում հանդես բերեց, ասաց՝ դուք ընտրեք, նախարարությունը չի միջամտի ձեր որոշմանը։ Սա ճի՞շտ մոտեցում է։**



-Սա ոչ թե ճիշտ մոտեցում է, այլ փաստում է այն հանգամանքը, որ նախարարությունն անտեղյակ է իր անելիքներին, միայն անտեղյակության պատճառով նախարարը կարող էր Ձեր ասած լիբերալ ձեւով ասել՝ դուք ընտրեք, դուք որոշեք։ Թատրոնում առաջին օրենքն է՝ դերասանը չպետք է ընտրի գեղղեկավար՝ լինի մեկ թեկնածու, թե 11, որովհետեւ եթե կա մի քանի թեկնածու, դա նշանակում է, որ թատրոնում սկսվում է պառակտում, իսկ պառակտումն ուղղակի մահաբեր է թատրոնի համար։ Սա թատրոնի ներսի օրենքներն են, որին թե՛ նախարարը, թե՛ նրա տեղակալներն անտեղյակ են, քանի որ արգելված բան է, որ դերասանը զբաղվի գեղղեկավարի ընտրությամբ․ դա կլինի թատրոնի վերջը։ Գեղղեկավարի առաջ պետք է դրվեն շատ կոնկրետ խնդիրներ, նա պետք է բերի իր ծրագրերը, թե ինչպես է տեսնում թատրոնի աշխատանքը, եւ ըստ այդ ամենի՝ նախարարը պետք է աջակցի ու նշանակի նրան։ Իսկ եթե 4 խմբի պետք է բաժանվի թատրոնը, մեկն ընտրվի, մյուս 3-ը սկսեն նրան ատել, ուրեմն նշանակում է խաչ քաշել թատրոնի վրա։ Այդ թատրոնն ինձ շատ հարազատ է, որովհետեւ Ալեքսանդր Գրիգորյանը՝ իմ առաջին ուսուցիչը, երբ եկավ թատրոն, 26-27 տարեկան էր, նշանակվեց նախարարի կողմից, եւ այնպես չէ, որ թատրոնը գրկաբաց ընդունեց նրան, բայց իր աշխատանքով նա ապացուցեց, որ իրավունք ունի լինելու թատրոնի գլխավոր ռեժիսոր։



**-Ավագանու ընտրությունների ցուցակներում շատ են նաեւ արվեստի մարդիկ՝ թատրոնների ղեկավարներ, ռեժիսորներ, գրողներ, երաժիշտներ․ Դուք առաջարկ ստացե՞լ եք կուսակցություններից՝ ընդգրկվելու այս կամ այն ցուցակում։**



-Ինձ առաջարկ չի եղել, եթե լիներ, չէի ընդունի, որովհետեւ ավագանի լինելն իմ գործը չէ, երբեմն ուզում եմ այդ նախարարներին կամ պաշտոնյաներին ասել՝ ինչո՞ւ ես մտել քաղաքական դաշտ, ի՞նչն է քեզ մղել, ի՞նչ ծրագիր ունես։ Հիմա նույնը՝ ավագանու դեպքում․ ոչ մեկին ո՛չ ուզում եմ փնովել, ո՛չ գովազդել, սակայն ինձ համար իրոք անհասկանալի է Հայկ Մարությանի թեկնածությունը։ Մարդը փայլուն անում էր այն, ինչ անում էր, մարդկանց մոտ իր իմիջը շատ հստակ է, ու հիմա իր անցած տարիների վրա դնում է խաչ եւ մտնում է քաղաքականության մեջ, որովհետեւ քաղաքի քաղաքապետը նաեւ քաղաքական պաշտոն է։ Իսկ իր վերջին ելույթն ինձ համար ուղղակի զավեշտ էր՝ մանկապարտեզի մակարդակի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ մեր դեմ խաղ չկա, բոլորս կարծում էինք, որ Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի դեմ խաղ չկա, որովհետեւ այդպես էր իրավիճակը հանրապետությունում, բայց նույն Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ խաղ կա, եւ խաղաց այդ խաղը։ Ցանկացած մարդու, ցանկացած կուսակցության դեմ խաղ կա։ Տխրահռչակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ինձ մեկը պատմեց, որ նա այսպիսի բան է ասել՝ ով ուզում է, թող լինի, ուզում է «պոլի փետ» լինի, բայց կարեւորը՝ մերոնցից լինի…։ Այ, էդ «մերոնցից-ձերոնցիցը» պետք է վերջանա։ Մենք հիմա բոլորս «մերոնցից» ենք, ուրեմն պետք է ընտրվի նա, ով պրոֆեսիոնալ է եւ պատրաստ է ազգին ծառայել։ Այնպես որ՝ «դուք սեւ եք, մենք սպիտակ ենք» արտահայտությունները լուրջ չեմ ընդունում։ Հիմա քաղաքապետի ամեն թեկնածու, վստահ եմ, փայլուն ծրագրեր կառաջադրի, բայց առաջարկելուց բացի չե՞ք ուզում ասել՝ ո՞նց եք այդ ծրագրերն իրականացնելու, ի՞նչ միջոցների եւ ռեսուրսների հաշվին։ Մենք 25 տարի ծրագրեր ենք լսել՝ մեկը մեկից լավ ու անտիկոռուպցիոն, բայց դրան զուգահեռ ամեն ինչ արվել է ճիշտ հակառակը։



**-Ի՞նչ կասեք կառավարության 100 օրվա գործունեության մասին, դրանք լի էին աղմկոտ կոռուպցիոն բացահայտումներով եւ ձերբակալություններով։**



-Այսօր հանրությունն անհամբեր սպասում է այդ լուրերին՝ տեսնելու համար, թե էլ ում են բռնելու։ Դա սարսափելի բան է, ողջունում եմ Վանեցյանի այն խոսքը, որ ասաց՝ այլեւս ինֆորմացիա չի լինելու, հանգստացեք եւ թողեք մեր գործն անենք։



Նիկոլի բոլոր հանրահավաքները սկսվում են «Հայաստանի հպարտ քաղաքացիներ» բառերով, եւ իրոք շատ եմ ուզում, որ մնանք Հայաստանի հպարտ քաղաքացիներ, հպարտ մեր քաղաքով ու մեր ղեկավարներով։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**