Մի մատնության «հմայքը»

Մի մատնության «հմայքը»
Հուլիսի 12-ին, օրը ցերեկով բազմամարդ մի խումբ ներխուժեց Երեւանի «Քաղաքային ունիվերսալ բազա» (Արին Բերդի 14): Խրոխտ, ինքնավստահ եւ վճռական շարժուձեւով քաղաքացիական անձինք, որոնցից իշխանական հոտ էր բուրում, անմիջապես շրջափակեցին թիվ 5/3 պահեստի մուտքը, ոմանք դիրքեր գրավեցին, որպեսզի ոչ ոք չփորձի փախուստի դիմել: Բազայի զարմացած աշխատողները հասկացան, որ շուտով արտառոց իրադարձություն է տեղի ունենալու: Րոպեներ անց շուրջ 20 եկվորներին եւ նրանց տարօրինակ գործողություններին փոքր-ինչ հեռվից հետեւողների աչքերի առջեւ «սեզամն» ընկրկեց, ու բոլորը տեսան այն, ինչի համար անծանոթներն աճապարել էին այստեղ: Փոքր տարածքում պարկերով շարված էր ահռելի «գողոնը»: Խուզարկուների ցնծությունը կրկնապատկվեց, երբ հետախույզներից մեկը որոտաձայն բացականչեց. «Տղերք, նայեք, արդեն դատարկված պարկեր էլ կան»,- եւ ցույց տվեց պահեստի մի անկյունում կուտակված քաթանե պարկերը, որոնց վրա նշված էր «Զինվորի բաժին» հաստակող վերտառությունը:



Ամեն ինչ հիանալի էր. երկար, մանրամասն մշակված գործողության արդյունքն արդարացավ, մի մատնության հետքով բազայում հայտնված օրինապահների այցելությունը զուր չանցավ, նրանք հուսախաբ չեղան: Եվ ինչպիսի՜ կոնկրետ հասցե՝ ամեն ինչ մի տեղում: Երեւի թալանչիները մտածել էին՝ կողոպտվածն այստեղ թաքցնելը ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնի, եւ այստեղից աննկատ ու հեշտ կլինի գողացվածը վաճառելը: Սրիկաներ, այդ ո՞ւմ փայն եք հափափ անում: Փաստորեն, հայտնաբերվեց զինվորի ուտելիքը հափշտակողների հերթական «որջը»: Ոստիկանների խայտանքին չափ ու սահման չկար՝ եւս մի ցնցող, արտակարգ գործ կպավ:



Մինչ խուզարկուները միմյանց շնորհավորում էին անչափ բարդ, բայցեւ անսխալ օպերացիայի հաջող իրագործման առթիվ, հայտնվեց թալանի հեղինակը՝ «Արիակ» ՍՊ ընկերության ներկայացուցիչը, որը նույնիսկ զայրացած (ցինիկին նայեք) հարցրեց. «Ո՞վ է Ձեզ թույլատրել առանց մեր իմացության բացել պահեստը»:



Ամենայն հավանականությամբ, չերեւացող ուսադիրներով ավագը, չթաքցնելով դեմքի խորհրդավոր ժպիտը, տղամարդուն մեկնեց դատարանի՝ խուզարկություն կատարելու թույլտվությունը եւ քրեական գործ հարուցելու որոշումը: Կարգուկանոնի ջատագովներին, սակայն, տարօրինակ թվաց, որ միջահասակ անձնավորության վրա սարսափազդու թղթերն առանձնակի տպավորություն չթողեցին՝ նա ո՛չ այլայլվեց, ո՛չ էլ շփոթվեց: Ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին՝ ավարառուն եւս մեկ հարց տվեց. «Է՜, հետո՞: Դրսում եւս մի հսկա բեռնատարով այսպիսի ապրանք կա, կարող եք դուռը բացել եւ նայել, նոր է տեղ հասել», եւ Պուարոյի հետնորդներին մեկնեց իր փաստաթղթերը...



Հետո ամեն ինչ ընթացավ դետեկտիվ ժանրի սցենարով: Էրեբունու ոստիկանության բաժնի ներկայացուցիչները, վերցնելով իրենց հանձնված բեռնագրերը, պայմանագրերը եւ գրառումով 50 կիլոգրամանոց մի պարկ, մի քիչ հիասթափված, սակայն ոչ լրիվ հուսալքված, ընկերության ներկայացուցչի հետ հեռացան իրենց աշխատավայրը, գործը հանձնեցին նույն բաժնի քննիչներին: Նրանք համոզված էին, որ իրենց ոդիսականը հենց այնպես, հեշտ ու հանգիստ չի ավարտվելու:



Պարզվեց, որ «Արիակը», համագործակցելով մեկ այլ ընկերության հետ, հայկական բանակին մատակարարելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներկրում է զանազան սննդամթերք: Տվյալ դեպքում ոստիկանների թակարդն էր ընկել 30 տոննա ոլոռը: Ապրանքի 50 կիլոգրամանոց պարկերի վրա պարտադիր պայման է «Զինվորի բաժին» խոշոր տառերով գրառումը, որն էլ գայթակղության քար է ծառայել անչափ զգոն եւ սրտացավ ինչ-որ իրազեկիչի համար՝ փաստը կաթեցնելու ոստիկանության ականջին:



Ծանոթանալով գործի էությանը, հարցաքննելով երկու ընկերության ներկայացուցիչներին՝ քննչական բաժնի աշխատակիցը հավաստիացրեց, որ թյուրիմացությունն արագ կկարգավորվի: Մեկ-երկու օր անցավ, սակայն պահեստամասի կապարակնքված դուռը չբացվեց: «Արիակի» գործունեության կասեցումը տեւեց եւս 15 օր: Ընկերության ներկայացուցչի ամենօրյա համառ այցելությունները ոստիկանություն վերջապես հաջողությամբ պսակվեցին՝ կնիքը պոկվեց եւ թույլատրվեց վարձակալված պահեստն օգտագործել նոր ապրանքի մուտքագրման համար: Իսկ չարաբաստիկ 30 տոննա ոլոռն արգելադրվեց... իրացնել: Ինչո՞ւ: Պարզվում է, որ բացված գործն այնքան էլ հեշտ չէ փակելը, եթե անգամ հիմքեր չկան այն շարունակելու: Էրեբունու ոստիկանության քննիչները չգերազանցված հնարամտություն ցուցաբերեցին եւ կարողացան... Ի՞նչ անել՝ գործը ձգձգել: Պատճառը նրանք բացատրում էին շատ հստակ ու պարզունակ՝ ապրանքն ուղարկվել է փորձաքննության: Թե ինչն էր փորձաքննվելու, այդպես էլ մինչ օրս հասկանալի չէ: Ոլոռի որա՞կը: Դա ոստիկանության գործունեության հետ առնչություն չունի: Քանա՞կը՝ առավել եւս: Գուցե հարկե՞րը. սրանք, թերեւս, քննախույզներին հետաքրքրեն, բայց այստեղ նույնպես քիթ խոթելու իրավունքը, որքան մեզ հայտնի է, պետական այլ կառույցի մենաշնորհն է:



Ընկերությունը շատ էր ցանկանում պարզել նաեւ փորձաքննության ուղարկելու դրդապատճառը: Ինչպե՞ս է կոչվում՝ ձգաբանական: Եվ ինչպե՞ս է դա կատարվում՝ հատիկ-հատի՞կ, թե՞ գրամ-գրամ է իրականացվում այդ ձգումը: Ի վերջո, ի հայտ եկավ նաեւ այս փայլուն գործողության բովանդակությունը: Իրականում, մեկ-երկու անպատասխան գրություններից հետո ընկալելի դարձավ, որ փորձարկողները ոչ թե ոլոռն են ձգում, այլ դրա իրացումը… ձգձգում: Եվ շուտափույթ կարգավորումն ավարտվեց 40 օր անց՝ արգելանքը հանվեց, «Զինվորի բաժին» ընդեղենը հասավ նշանակետ: Սակայն... Չզարմանաք՝ իսկ քրեական, այո, քրեական գործը, որը հարուցվել էր նախապես՝ առանց օպերատիվ տվյալները ճշտելու, բանսարկուի հաղորդման արժանահավատությունն ստուգելու, հուռհայի ազդեցության տակ, մնում էր օրակարգում... Հասկանալի է, որ օրինականության պահապան պաշտոնյաների համար անչափ դժվար էր հեշտությամբ ձեռք քաշել հանգուցիչ փաստից, երբ թվում էր, թե արդեն ծնվել էր հերթական սենսացիան, եւ օդում գծագրվել մոտակա խրախուսանքի հմայական ուրվապատկերը: Իհարկե, ցավալի է, որ մժեղից փիղ սարքելու նրանց երեւակայությունն այս անգամ իրականության չվերածվեց: Ինչ արած, այդպես էլ է պատահում՝ չնայած քեռին կա, սակայն եգանը միշտ չէ, որ շոկոլադ է ուտում:



Կատարվածին տեղյակ էր ե՛ւ Երեւանի քննչական վարչության պետը, ե՛ւ ոստիկանապետը, ե՛ւ... անգամ վարչապետի աշխատակազմը: Վերին այս ատյանի կտրուկ եւ խիստ միջամտության շնորհիվ քրեական գործը կարճվեց: 50 օր հետո՝ վերադասի պարտադրանքով: Հին օրերի ե՞րգն է հնչում: Կարծես թե վերջ: Իսկ ընկերությունը… մնաց բարոյական կորստով՝ անմեղ մեղավորի կարգավիճակում... ու վարկաբեկված: Մի՞թե հնարավոր է որոշ հորթերի համոզել, որ մերկ արու գայլն ամենեւին էլ իրենց մայրը չէ:



Եվ ի՞նչ էր սա: Անգործություն, անճարակություն, անգրագիտություն, օրենքին չտիրապետելու, հետագա անելիքն իմանալու անկարողությո՞ւն, թե՞ միտումնավորություն: Թե՞ մեր վարչապետի ամենօրյա հորդորները՝ դրսում եւ ներսում ներդրումներ կատարելու գործարարներին ուղղված կոչերը եւ հավաստիացումները, որ երկրում գործարարությանը խոչընդոտող արգելքները վերացված են, հանդիպել են ոստիկանների արհամարհանքին, անտեսմանը, քմահաճ վերաբերմունքին: Եթե ավելի քան մեկ ամիս նշված ընկերությունում զբաղված էին միայն գրություններ գրելով, այս ու այն կազմակերպություններից զուր օգնություն հայցելով, ահռելի քանակությամբ սննդամթերքի փչացման վտանգի, սպասվող ֆինանսական կորուստների մասին ահազանգելով, ոստիկանություն գնալ-գալով, որտեղ «Արիակի» ներկայացուցչին արդեն քաջ ծանոթ են, ապա ո՞ւր մնացին Հայաստանում գործարարության ազատ, անկախ եւ թափանցիկ լինելու, գործարարների առջեւ բացված անպատնեշ ասպարեզի առկայության մասին հայտարարությունները:



Ամեն ինչ առջեւում է, մենք դեռ էլի կհանդիպենք...



**Ներսես ԿՈՍՏԱՆՅԱՆ**