Եթե հեղափոխություն՝ ապա «ՔՊ», եթե բարեփոխումներ, ապա՝ ԲՀԿ

Եթե հեղափոխություն՝ ապա «ՔՊ», եթե բարեփոխումներ, ապա՝ ԲՀԿ
_Երեկ ԲՀԿ-ն սկսեց նախընտրական քարոզարշավը։ Մենք զրուցել ենք ցուցակի 3-րդ համար, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ։_



**-Հայկ Մարությանը տրանսպորտի կարգավորման բավականին հավակնոտ ծրագիր է ներկայացնում, դուք ինչպե՞ս եք պատրաստվում լուծել տրանսպորտի խնդիրը։**



-Մենք ունենք շատ մեծ ծրագիր, որը համապարփակ է, այսինքն՝ կա ծրագիրը, կա ներդրողը, կան հաշվարկները, Հայկ Մարությանն ասաց՝ 1-3 տարում, հաղթանակի պարագայում մենք կսկսենք նույն օրը։ Տրանսպորտի մեր ծրագիրն ունի 2 սպեցիֆիկա․ չեն լինելու բենզինով աշխատող ավտոբուսներ, լինելու են էլեկտրականությամբ աշխատող։ Ենթադրվում է ամբողջ ցանցի փոփոխություն․ էլեկտրական ավտոբուսներ, գումարած՝ մենք առաջարկում ենք վերականգնել ճոպանուղին, մենք հեռանկար ենք տեսնում նաեւ մետրոպոլիտենի կայարանի։ Ընդ որում՝ գները թանկացնելու անհրաժեշտություն չկա։ Էս խնդիրը շատ լուծելի խնդիր է, շատ իրատեսական։



**-Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում։**



-Մենք բոլոր մրցակիցներին մաղթում ենք հաջողություն, վստահ ենք, որ «սեւեր ու սպիտակներ» չկան, վստահ ենք, որ բոլոր ուժերն իրենց հնարավորությունների չափով ցանկանում են Երեւանը շենացնել։



**-«Սեւերի ու սպիտակների» թեմայով Մարությանը պարզաբանում տվեց, դա ձեզ, կարծես, չի բավարարել, չէ՞․ ֆեյսբուքյան էջում շարունակում եք գրառումներ անել։**



-Գիտեք՝ ամեն ինչ կարելի է պարզաբանել, ամեն ինչ, հիմա հանրապետականներն էլ պարզաբանում են, որ իրենք 10 տարի այս ըսենց, այ ընենց… ես հիմա չեմ ցանկանում այլեւս անդրադառնալ այդ թեմային, այդ մասին ամեն ինչ արդեն ասվել է, հուսանք՝ դա մթնոլորտ ու մտածելակերպ չի եղել, հուսանք՝ դա սայթաքում է եղել, անփորձություն է եղել, որովհետեւ եթե դա լինի թիմային մտածողության արդյունք, ապա առջեւում դեռեւս խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ, ընդհանրապես, մեր քաղաքական մշակույթը չի կարող էդպես զարգանալ։



**-Երեւանցիները ձեզ ինչի՞ պետք է ձայն տան՝ ձեր ծրագիրն ավելի՞ լավն է, թե՞ որպեսզի քաղաքական մենաշնորհ չլինի։**



-Եթե պետք է մի հատ էլ հեղափոխություն Երեւանում արվի, անընդհատ հեղափոխություն պիտի անենք։ Թող ձայնը տա «Քաղաքացիական պայմանագրին», բայց հեղափոխություն արդեն արել ենք, դա լրիվ հերիք է։ Հիմա եթե ուզում են, որ քաղաքը շենացնենք, թող ձայնը տան մեզ։ Կամ՝ եթե Երեւանը պիտի կառավարվի Ֆեյսբուքով, սոցցանցերով, թող ձայնը տան նրանց, ովքեր ամենաակտիվն են սոցիալական ցանցերում։ Եթե Երեւանը պետք է կառավարվի քաղաքապետարանում մենեջերությամբ, ծրագրերով, գումարներով, թող ձայնը տան մեզ։ Ընտրությունը պարզ է։



**-Վերջերս խոսվում էր, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել։**



-Եթե դուք նկատեցիք՝ այդ խոսողը ո՛չ փաստ էր բերել, Ֆեյսբուքում էր գրել, ո՛չ պրոֆիլի նկարի ուներ․․․։



**-Իսկ ո՞ւմ եք կասկածում, ո՞ր քաղաքական ուժն է ձեզ «զրպարտում։**



-Անկեղծ՝ ինձ հետաքրքիր չէ, որովհետեւ մենք չենք պատասխանելու նման բաներին։ Եթե ասում են, որ մենք կաշառք ենք տվել, խնդրեմ՝ ցույց տվեք, նկարեք, բերենք դատապարտենք, ներողություն խնդրենք դրա համար։ Եթե չկա, չենք էլ ուզում ասել, որ դա զրպարտություն է։ Մարդիկ, քաղաքական ուժերն ունեն X չափի էներգիա, եթե այդ էներգիայի մի մասն ինչ-որ զիբիլի վրա ենք ծախսում, ապա դա միայն մեր գործից է գնում։ Ես կարծում եմ, որ չպետք է դրա վրա ուշադրություն դարձնել։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**