Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտակցում է իր պատասխանատվությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտակցում է իր պատասխանատվությունը
_Հարցազրույց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ_



**-Պարոն Պոլոսկով, օրերս ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպասվող ստուգումների վերաբերյալ։ Գրառումը սկսվում է «Ալբանական օրացույցով 37 թիվն էր, հիշում եմ՝ մտանք Քաջարան․․․» խոսքերով։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ա․ Գրիգորյանի նշված գրառմանը, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ էր ակնարկում նա այս խոսքերով։**



-Գիտեք, պետական պաշտոնյայի՝ իր երկրի թիվ մեկ հարկատուի, բազմահազարանոց կոլեկտիվ ունեցող ձեռնարկության հանդեպ նման անլուրջ վերաբերմունքն առաջին հերթին առաջացնում է տարակուսանք։ Մեզ համար անկեղծ զարմանալի է, որ պարոն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում իր գլխավորած տեսչական մարմնի ապագա ստուգումների եւ 37 թվականի միջեւ։ 37 թվականը պատմության մեջ հայտնի է ստալինյան մասսայական ռեպրեսիաներով եւ հետապնդումներով։ Արդյոք դա՞ է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դիմաց դրված նպատակը։ Դա՞ է իրենց աշխատաոճը։ Պարոն Գրիգորյանն առաջին անգամ չէ, որ նման տոնով է խոսում մեր ընկերության մասին։ Իր նախորդ գրառումները, թե «Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան», էլ ավելի համոզիչ տպավորություն են ստեղծում, որ տեսչական մարմինը պատրաստվում է ոչ թե ստուգումներ, այլ լայնամասշտաբ հարձակում գործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։ Սա, ինչ խոսք, խիստ մտահոգիչ է։



**-Արթուր Գրիգորյանը նաեւ կոչ է արել տեղական ակտիվ երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվին ու, առհասարակ, Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլորին՝ աջակցել նրան սպասվող ստուգումներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը։**



-Այն պարագայում, երբ խոսքը գնում է մոտ 65 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունում ստուգումներ իրականացնելու եւ ստուգման նպատակներին առնչվող որոշակի տեղեկատվություն ստանալու մասին, «ակտիվ երիտասարդությանը» դիմելը նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս։ Միգուցե ավելի տրամաբանական կլիներ կոչն ուղղել հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ականատեսն են ձեռնարկության պատմությանը, տեղյակ են անցյալի ու ներկայի զարգացումներին: Այս հանգամանքն առիթ է տալիս ենթադրել ու, որ տեսչական մարմնի ղեկավարին հետաքրքիր չեն օբյեկտիվ փաստերը, իրականացված բարեփոխումներն ու կատարված ներդրումները: Այսինքն՝ Ա. Գրիգորյանը, ըստ երեւույթին, հետաքրքրված չէ օբյեկտիվ տեղեկատվություն կրողների աջակցությամբ, նրան պետք է հոծ բազմություն, ցանկալի է՝ ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս, այստեղ առկա է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության նկատմամբ ոտնձգության մասին՝ «ակտիվ երիտասարդության» ներգրավմամբ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ օրնիբուն աշխատող եւ բարիք ստեղծող բազմահազարանոց կոլեկտիվը կարող է չհանդուրժել նման վերաբերմունքը. դա կարող է հանգեցնել ընկերության գործունեության խաթարմանը, աշխատակիցների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարմանը եւ անկանխատեսելի զարգացումներ ունենալ:



**-Ստացվում է, որ, ըստ Ձեզ, Ա․ Գրիգորյանի նշված հայտարարությունները բուն ստուգումների հետ որեւէ առնչություն չունե՞ն։**



-ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի վերջին, ինչպես նաեւ բազմաթիվ նախորդ գրառումները կրում են խիստ մանիպուլյատիվ բնույթ։ «Ազգայնացում», «օֆշորային մեխանիզմների առկայություն», «թաքցված եկամուտներ» եւ այլն․ ահա պարզապես մի քանի մեջբերում Ա․ Գրիգորյանի՝ կոմբինատի մասին կատարած նախկին գրառումներից: Ինչպես նկատում ենք՝ ոչ մի խոսք ընդերքօգտագործման եւ բնապահպանության մասին: Ակնհայտ է, որ հիշատակված ակնարկները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլեւ որեւէ առնչություն չունեն եւ չեն կարող ունենալ նախատեսվող ստուգումների հետ, բացարձակապես դուրս են տեսչական մարմնի իրավասությունների շրջանակից եւ խոսում են տեսչական մարմնի ղեկավարի գիտակցության մեջ նստած գաղափարների եւ նկրտումների մասին։ Մենք ունենք լուրջ մտավախություն, որ տեսչական մարմնի ղեկավարը չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նպատակների եւ խնդիրների լրջությունը, զուրկ է պետության առջեւ ստանձնած պարտավորությունների եւ իր գործողությունների հետեւանքների գիտակցումից, իսկ պաշտոնական լիազորություններն օգտագործում է նախկինում ունեցած իր անձնական կամ խմբային ամբիցիաների բավարարման նպատակով: Մենք հստակ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը պետության, կառավարության եւ մեր բազմահազարանոց կոլեկտիվի առջեւ, պատկերացնում ենք նաեւ արհեստականորեն հրահրված զարգացումների հետեւանքները՝ երկրի տնտեսության, բնակչության եւ մարզի համար, որոնք կարող են խիստ անբարենպաստ լինել, անգամ՝ կործանարար:



**-Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ստեղծված իրավիճակում։**



-Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի եւ մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով: Շարունակելու ենք գործել օրենքի շրջանակներում, եւ մեզ համար ընդունելի կլինեն մեր գործունեության հետ կապված ցանկացած եզրակացություն եւ որոշում, որոնք կբխեն ՀՀ օրենսդրության պահանջներից, ասել է թե՝ Հայաստանի եւ նրա տնտեսության շահերից:



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**