Անձինք փոխվեցին, կենացները մնացին նույնը

Անձինք փոխվեցին, կենացները մնացին նույնը
Հայաստանն ու Վրաստանը հարեւաններ են, բարեկամներ, մենք ունենք եղբայրական հարաբերություններ, եւ մեր միջեւ չպետք է լինեն խնդիրներ, բայց կան եւ չեն լուծվում։



Երեկ տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ **Մամուկա Բախտաձեի** առաջին պաշտոնական այցը եղբայրական Հայաստան։ Եվ արձանագրվեցին այն նույն կետերը, որոնք արձանագրվում են՝ սկսած Հայոս եւ Քարթլոս եղբայրների ժամանակներից։ Եվ ոչ մի հստակ, գործնականում լուծում պահանջող հայտարարություոն, ոչ մի խնդրի վերաբերյալ անկեղծ արձանագրում եւ դրա լուծմանն ուղղված հստակ հայտարարություն։ Բաղրամյան 26-ում Փաշինյան-Բախտաձե հանդիպումը նախատեսվածից մոտ մեկ ժամ երկար տեւեց։ Դրանից հետո Փաշինյանը լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, եւ մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին։



Նա նաեւ նշեց, որ Վրաստանի վարչապետի կողմից շատ «ամբիցիոզ ծրագիր» է առաջարկվել, եւ իրենք լիովին պաշտպանում են այդ ծրագիրը: «Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտուրը, առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ եւ հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը»,- ասաց **Նիկոլ Փաշինյանը**։ Բայց հարց է առաջանում՝ ինչի՞ հաշվին են առեւտրաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ դոլարի, եթե դրա պահանջարկը չկա եւ չլինի։ Ի վերջո, եթե կա պահանջարկ, դիցուք, Վրաստանից Հայաստան ներկրել ոչ թե 100, այլ 500 տոննա մանդարին, ուրեմն այդ պահանջարկը բնական ճանապարհով, ինքնըստինքյան կավելացնի առեւտրաշրջանառությունը։ Իսկ եթե չկա պահանջարկը, արհեստականորեն ինչպե՞ս են ստիպելու Հայաստանի ժողովրդին սպառել ավելի շատ մանդարին, իսկ Վրաստանի ժողովրդին, օրինակ՝ ավելի շատ ծիրան։ Այսինքն՝ տնտեսական ուղղությունների ավելացման հարցը պետք է քննարկվի, որը դեռ մշուշոտ է, եւ որի մասին խոսք չեղավ։



Վրաստանի վարչապետն էլ իր հերթին խոսեց չօգտագործված ներուժի մասին՝ նշելով, որ քննարկեցին համագործակցության հիմնական ուղղությունները եւ համոզվեցին, որ դեռ ունեն չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: Չօգտագործված ներուժի մասին խոսվում էր նաեւ հայ-ռուսական հարաբերություններում, եւ սա կարծես դարձել է պարտադիր-ձեւական մի արտահայտություն, որ անում են նման հանդիպումներում։ Իսկ ինչո՞ւ չի օգտագործվել այդ ներուժը, եւ ո՞վ չի օգագործել, ոչ ոք չգիտի։



Հանդիպմանը որեւէ խոսք չեղավ հայ-վրացական հարաբերություններում առկա կնճռոտ հարցերի ու դրանց լուծման մասին, օրինակ՝ միջմշակութային խնդիրների, Ջավախքի դպրոցների, ուսումնական ծրագրերի, խայտառակ վատ գրականության եւ դրան այլընտրանք՝ Հայաստանից ուղարկվող գիր-գրականության խոչընդոտների մասին։ Խոսք չեղավ նաեւ տարիներ ի վեր ՀՀ մի շարք քաղաքացիների համար Վրաստան մուտքի արգելքի մասին, որը չէին կարողանում լուծել նախորդ կառավարությունները, նորն էլ, կարծես թե, որեւէ ջանք չի գործադրում այդ ուղղությամբ։ Մինչդեռ սա հարց է, որն էապես կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա։ Երկու երկրների վարչապետներն արձանագրեցին նաեւ, որ առաջիկայում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետն այցելեց նաեւ նախագահական նստավայր, որտեղ հանդիպում ունեցավ **Արմեն Սարգսյանի** հետ։ Այստեղ էլ հնչեցին նույն կենացները՝ արդեն մի փոքր այլ ձեւակերպումներով։ «Երկու երկրներն այսօր թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային»,- «կարեւոր» արձանագրում արեց Հայաստանի նախագահը։ Վրաստանի վարչապետն էլ կրկնեց այն, ինչ ասել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը․ «Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**