Հայաստանը կարող է դառնալ ահաբեկչության թիրախ

Հայաստանը կարող է դառնալ ահաբեկչության թիրախ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրականացնելու Սիրիայում։ Ավելին՝ վարչապետը շեշտադրել է․ «Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»։

Ո՞րն է ի վերջո այս մարդասիրական ծրագրի առաքելությունը։ Իհարկե այս ուղղությամբ տասնյակ հիմնավորումներ են հնչում, նույնիսկ շեշտադրվում է Հալեպի հայ համայնքին աջակցելու անհրաժեշտությունը։ Միանգամից արձանագրենք, որ բոլոր հրապարակային հիմնավորումները քարոզչական բնույթ են կրում և այդքան էլ չեն արտացոլում իրերի իրական դասավորությունը։ Ո՛չ Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունները և ոչ էլ Հալեպի հայ համայնքին աջակցելն այս հարցում վճռական նշանակություն ունենալ չեն կարող։ Ակնբախ է, որ սա ՀՀ իշխանությունների կողմից զիջում է ինչ-որ մի բանի դիմաց։ Իհարկե դժվար է ասել, թե ինչի դիմաց և միգուցե ոչ էլ պետք է այս նախնական փուլում հափշտապ կանխատեսումներ իրականացնել։

Ի դեպ հստակ էլ չէ նաև այն հեռանկարը, թե ինչ օգուտներ և վնասներ է տալու այդ մարդասիրական կամպանիան ՀՀ-ին։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ լինելու են և՛ օգուտներ, և՛ վնասներ։

Նշենք, որ մարդասիրական այս կամպանիան դժվար թե նպաստի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, քանի որ նախաձեռնությունը կյանքի է կոչվելու Ռուսաստանի հետ համատեղ և նրա զինված ուժերի ենթակայության ներքո։ Այս պարագայում խնդրահարույցը ոչ թե Ռուսաստանի նկատմամբ մեր կանխակալ վերաբերմունքն է, այլ պարզապես Սիրիայում ՌԴ-ի իրականացրած առաքելության լեգիտիմությունը միանշանակ չէ։ Տարատեսակ կարծիքներ են հնչում դրա վերաբերյալ, ու փաստորեն ՀՀ-ն էլ ներքաշվելու է ոչ միանշանակ միջազգային լեգիտիմություն ունեցող գործարքի մեջ։

Օրինակ նույնը չենք կարող ասել Իրաքում և Աֆղանստանում ՀՀ-ի իրականացրած մարդասիրական առաքելությունների մասին, քանի որ դրանց լեգիտիմությանը որևէ մեկը չի կասկածում։

Անցնելով առաջ՝ արձանագրենք, որ ՀՀ-ի «սիրիական առաքելությունը» չափազանց վտանգավոր է հենց ՀՀ-ի համար, նույնիսկ, եթե այն մարդասիրական է։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ դա ինքնին արկածախնդրություն է, ինչի արդյունքում ՀՀ ազգային անվտանգությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել։

Թերևս չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ Սիրիայում ՀՀ-ի մարդասիրական առաքելությունը կարող է սվիններով ընդունվել իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում Երևանը կարող է սկսել դիտարկվել որպես գործողությունների թիրախ, իսկ հետևանքներն իսկապես կարող են ողբերգական լինել։

Այն որ իսլամիստները դեռևս չեն թիրախավորել Հայաստանը, ապա դրանից չի կարելի ենթադրել, որ չի էլ կարող թիրախավորվել։

Եթե ուշադրություն դարձնենք Իսլամական պետության կողմից հրապարակված քարտեզներին, ապա կտեսնենք, որ իսլամիստները իրենցն են համարում բոլոր այն տարածքները, որոնք 7-8-րդ դարերում նվաճվել են Արաբական Խալիֆայության կողմից։ Ի դեպ Հայաստանն էլ կա այդ քարտեզներում՝ որպես Կովկասի վիլայեթի մի մասնիկը։ Հասկանալի է, որ ամենն այս ցնորամիտ ուտոպիայի տպավորություն է թողնում, բայց ամեն դեպքում չի կարելի բացառել այն հեռանկարը, որ ՀՀ-ն ամեն օր կարող է ահաբեկչական հարձակման ենթարկվել ցանցային իսլամիստական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի նույնիսկ մարդասիրական ակտիվացումը Սիրիայում միայն մեծացնում է դրա հավանականությունը։

ՀՀ-ն անկախությունից ի վեր և նույնիսկ դրանից առաջ Սիրիայի հետ ունեցել է բարիդրացիական ու բարեկամական հարաբերություններ։ Պատահական չէ, որ անկախության հռչակումից հետո Մերձավոր Արևելքում բացված առաջին դեսպանություններից մեկը հենց Սիրիայում էր։ Երբեք չենք կարող մոռանալ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սիրիայի կողմից ստացված մարդասիրական օգնությունը, որը կյանքի կոչվեց դեռևս այն ժամանակվա նախագահ Հաֆեզ ալ-Ասադի բարձր հովանու ներքո։ Հայ-սիրիական փոխհարաբերություններում առանձնահատուկ պետք է շեշտադրվի նաև Սիրիայի հայ համայնքի և Անթիլիասի կաթողիկոսության դերակատարությունը։

Ինչպես տեսնում ենք Հայաստանն ու Սիրիան կապված են հազար ու մի կապերով, բայց նույնիսկ այս փոխգործակցության լայն միջավայրի պայմաններում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր ՀՀ-ն մշտապես չեզոքություն է դրսևորել ու որևէ գնահատական չի հնչեցրել հակամարտող այս կամ այն կողմի վերաբերյալ։ Երևի մեր ընթերցողներից շատերը կհիշեն, թե ինչպես էին ՀՀ-ից ինչ-որ խմբեր փորձում տեղափոխվել Քեսաբ պաշտպանելու տեղի հայ բնակչությանը, որը հարձակման էր ենթարկվել։ ՀՀ հատուկ ծառայություններն անմիջապես կանխեցին այդ նախաձեռնությունը, որը կարող էր միջազգային սկանդալի ու անպատասխանատու արկածախնդրության պատճառ դառնալ։ Այսինքն ՀՀ-ն հակամարտող կողմերի համար կարող էր դիտարկվել որպես այս կամ այն կողմին աջակցող երրորդ ուժ, ինչն անթույլատրելի էր մեր պետության արտաքին քաղաքականության համար։

Թերևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը աջակցում է Ասադի ռեժիմին ու կառավարական ուժերին։ Ավելին՝ սխալված չենք լինի, եթե նշենք, որ Ասադի իշխանության մինչ օրս գոյություն ունենալը Մոսկվայի աջակցության արդյունքն է, հակառակ պարագայում Ասադն անշուշտ կարժանանար Քադաֆիի ճակատագրին։

Միջազգային գրեթե բոլոր հեղինակավոր վերլուծական կենտրոնները միաբերան արձանագրում են, որ իսլամիստների վերջնական ջախջախումից և հարաբերական խաղաղության հաստատումից հետո Ասադն այլևս չի մնալու իշխանության։ Կարծես թե հակամարտության մեջ ներքաշված գերտերություններն էլ այս հարցում փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել։

Այսինքն հստակ չէ, թե ովքեր են Սիրիայում գալու իշխանության, առավել ևս հայտնի չէ, թե ինչպիսի իշխանություն է ի վերջո ձևավորվելու։

Եվ այսպիսի բարդ ու խառնիճաղանջ իրավիճակում ՀՀ-ն մարդասիրական առաքելություն է իրականացնելու մի երկրի զինված ուժերի կազմում, որը աջակցում է Ասադի ռեժիմին, որի գոյությունն, ինչպես նշեցինք, առնվազն կասկածի տակ է։

Նույնիսկ եթե ՀՀ իշխանություններն այդպիսի միտում չունեն, բայց, այնուամենայնիվ, դա դիտարկվելու է որպես երևանյան աջակցություն Ասադին։

Իսկ ի՞նչ է անելու Երևանը, եթե իսկապես այդպիսի ընկալում ու տպավորություն ձևավորվի, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե իշխանության գան ապստամբ ընդդիմադիրները՝ «Ազատ Սիրիական բանակ»-ի գլխավորությամբ, որոնք մարտնչում են Ասադի դեմ։

Իհարկե սրանք բարդ խնդիրներ են, որոնց կարգավորման համար անհրաժեշտ են նուրբ ու սահուն լուծումներ։ Բայց ինչո՞ւ ներքաշվել այդ տիղմի մեջ, որ հետո էլ նուրբ լուծումներ գտնելու անհրաժեշտություն ստեղծվի։ Ի՞նչ է դա տալու Հայաստանին, թերևս՝ ոչինչ։

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ Ռուսաստանի գրեթե բոլոր դաշնակից պետությունները խուսափել են որևէ կերպ ներկայացված լինել Սիրիայում՝ նույնիսկ մարդասիրական ֆորմատով։ Խոսքն առաջին հերթին Բելառուսի և Ղազախստանի մասին է։