50 միլիոն դրամը կվճարեն Հայկ Սարգսյանի ընկերները

50 միլիոն դրամը կվճարեն Հայկ Սարգսյանի ընկերները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց, և նա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:



Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ կալանվորումը ընդհանրապես պետք է վերացվեր, պաշտպանը նաեւ կարծում է, որ կալանավորման հիմք չկա․ «Հաշվի առնելով առկա գործը, դրա նկատմամբ առկա հասարակական հետաքրքրությունը, որոշակի այլ պրոցեսներ, գոնե այստեղ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը: Կալանավորման որևէ հիմք չկա:



Եթե նույն վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը կանխվի, և յոթ օր հետո, երբ դատարան են բերում կալանավորման հարցը, ասում են՝ արդյոք այս յոթ օրվա ընթացքում փորձե՞լ է խոչընդոտել, ասում են՝ ոչ, ու դրանից հետո ինչո՞ւ պետք է կալանավորեին: Այսինքն՝ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:



Երեմ Սարգսյանը, անդրադառնալով կիրառված գրավի չափին, նշեց, որ դրան չի ցանկանում անդրադառնալ, քանի որ Հայկ Սարգսյանի ընկերները մինչեւ դատական նիստն իրեն հայտնել, որ պատրաստ են սահմանված գրավը վճարել, սակայն ասաց, որ կիրառված գրավի շեմը բավականին բարձր էր։



Խոսելով Հայկ Սարգսյանի առողջական խնդիրների մասին, որոնց վերաբերյալ դատարանում վերջինս չհայտարարեց, պաշտպանն արձագանքեց․ «Դա այնպիսի հիվանդություն է, որ անձին նույնիսկ կողմնակի խնամք է երբեմն անհրաժեշտ լինում, բայց այս դեպքում մենք դրա վրա շեշտը չէին դրել: Մենք նշում էինք, որ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի: Դատաքննությունն արդեն սովորական ընթացքով կսկսվի, բայց մինչ այդ որոշակի միջնորդություններ կունենանք, որոնք կներկայացնենք այդ դատական նիստի ժամանակ»:



Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։



**Աննա Պապիկյան**