Գերեզմանատներից մինչեւ սոցիալական բնակարաններ․ ի՞նչն է մտահոգում Զարուհի Փոստանջյանին

Գերեզմանատներից մինչեւ սոցիալական բնակարաններ․ ի՞նչն է մտահոգում Զարուհի Փոստանջյանին
Երեւանի ավագանու քարոզարշավի մեկնարկին հրավիրած մամուլի ասուլիսում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են գալիս «Արդարություն եւ օրենք» կարգախոսով։ Սրանից զատ՝ ներկայացնելու են 19 կետից բաղկացած ծրագիր, իսկ քվեաթերթիկում չորրորդ համարն են։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց ծրագրային կետերում ներառել են բաց եւ թափանցիկ կառավարում, ինչը նշանակում է, որ գնումները տեղի են ունենալու բաց եւ թափանցիկ ընթացակարգով։ Նա խոստացավ, որ Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքապետարանի ելքերի եւ մուտքերի մասին տեղեկատվությունը հրապարակվելու է, որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչպես է ծախսվում եւ համալրվում Երեւանի բյուջեն։



Ըստ նրա՝ Երեւանի բյուջեն կազմում է շուրջ 170 միլիոն դոլար, եւ այս մեկ տարվա ընթացքում պարզել է, որ այդ բյուջեի մի մասը տարբեր եղանակներով յուրացվում է։ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց «Երեւան» հիմնադրամի հետ կապված քրեական գործը։ «ԵԾ»-ի ղեկավարը նշեց, որ իրենք տարանջատելու են համայնքային ծառայողի գործառույթները քաղաքական գործչի գործառույթներից, հիմնականում ղեկավարվելու են այն սկզբունքով, որ մասնագետները պետք է պատշաճ վարձատրվեն։ Միաժամանակ նրանք պետք է հաշվետու լինեն համայնքի բնակիչներին։ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ համայնքի ղեկավարները եղել են մի կուսակցության անդամ եւ ներկայացրել են նրա շահերը։ Ինչ վերաբերում է Երեւանի հողային քաղաքականությանը, ապա, ըստ «ԵԾ» ղեկավարի, այն պետք է նպաստի տնտեսության զարգացմանը։ Քաղաքաշինությանն էլ եղավ անդրադարձ։



Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է լինի հատուկ կանոնակարգ օրենք, որում հստակ նշված լինի, թե որքան տարածք պետք է կառուցապատել, եւ որքան պետք է տարածքն իր մեջ պարունակի կանաչ գոտիներ եւ զվարճանքի վայրեր։ Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտին, ապա Փոստանջյանը նշեց, որ իրենք ձեռնամուխ են լինելու մեկ միասնական համակարգի ներդրմանը, նաեւ՝ կանգառների ու այլ միջոցների ներդրմանը։ Աղբավայրերի խնդիրն էլ է լուրջ․ Երեւանում գործում է երկու աղբավայր՝ մեկը՝ Աջափնյակ համայնքում, որը կազմում է շուրջ 10 հա, մյուսը՝ Նուբարաշենում, որը կազմում է շուրջ 50 հա տարածք։ Զարուհի Փոստանջյանը ծրագրում է կառուցել աղբավերամշակման գործարան։ Երեւանում գործում է 21 գերեզմանատուն, որոնք, ըստ Փոստանջյանի, չեն բավարարում սահմանված պահանջներին։ «ԵԾ» ղեկավարը նշեց, որ դրանք բարեկարգելու մասին էլ են մտածել։ «Նախատեսում են նաեւ սոցիալական բնակարանների կառուցում՝ պետություն-մասնավորի համագործակցությամբ»,- ասաց «ԵԾ» ղեկավարը։ Իսկ դրանք, ըստ նրա, տրամադրվելու են սոցիալապես անապահով խավերին։ Նա նշեց, որ խնդիրներ կան նաեւ վերելակների, բազմաբնակարան շենքերի հետ կապված։ Զարուհի Փոստանջյանը ցավ հայտնեց, որ այսօր մեր թատրոնները չունեն մեծաթիվ այցելուներ։ Թանգարաններից «Էրեբունին», «Կարմիր բլուրը», «Շենգավիթն» էլ պետք է պեղվեն։