Ռուս հրամանատարը ջարդուփշուր է արել Գյումրու «Դվին» հարսանյաց սրահի գույքը

Ռուս հրամանատարը ջարդուփշուր է արել Գյումրու «Դվին» հարսանյաց սրահի գույքը
Այսօր գյումրեցիները քննարկում են երեկ գիշեր Գյումրու «Դվին» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ներխուժել է հարսանյաց սրահ, տակնուվրա է արել սրահի գույքը: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել տագնապի ազդանշանի հիման վրա: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:



Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները, ձայնասյունները և այլ իրեր:



Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ խմածության աստիճանը ամենաբարձրն է:Ըստ խոսակցությունների՝ ջոկի 26-ամյա հրամանատարը Գյումրի էր եկել վերջերս: Բնակիչների խոսքերով՝ «Դվին» -ը այնքան էլ հեռու չէ 102-րդ ռազմաբազայից, եւ հարբած զինծառայողը հավանաբար ներխուժել է ռեստորան՝ խրախճանքը շարունակելու նպատակով, սակայն գիշերվա ժամին ռեստորանի դուռը տեսնելով փակ, ներսը՝ դատարկ, կատաղության նոպա է ունեցել:



Նշենք, որ դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ կարգազանց զինծառայողն այս պահին գտնվում է 102-րդ ռազմաբազայում՝ ռուս հրամանատարների հսկողության տակ: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս զինծառայողները հարբում են ու սկանդալ ստեղծում քաղաքում: