Ինչ են ակնկալում Բաքվում Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցից

Ինչ են ակնկալում Բաքվում Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցից
Ինչպես հայտնի է, այս ամսվա վերջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական մամուլում արդեն իսկ սկսվել են քննարկումները՝ կապված այդ այցի հետ, մասնավորապես անդրադառնալով այն ակնկալիքներին, որոնք ադրբեջանական կողմը ունի այդ սպասվելիք այցից։



Բացի փորձագիտական կամ վերլուծական շրջանակներին, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի նախագահական պալատի անմիջական ցուցումով այս առնչությամբ մեկնաբանություններ են սկսել տալ նույնիսկ Ադրբեջանի պառլամենտի պատգամավորները։



**Oxu.Az-**ի հետ զրույցում Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլդար Իբրահիմովը հատկապես շեշտել է, որ նախկին խորհրդային հանրապետություններից Ադրբեջանը միակն է, որը ամենից լավ վերաբերմունքն ունի ռուսերենի հանդեպ եւ նախկին խորհրդային տարածքում ռուսերենի հանդեպ բացասական վերաբերմունքի եւ նույնիսկ արգելքների ֆոնին սա չափազանց կարեւոր հանգամանք է, երբ ռուսերենը հոգածության առարկա է պետական մակարդակով։ Ադրբեջանցի խորհրդարանականը նշել է, որ այս ամսվա վերջին տեղի ունենալիք այցի ընթացքում Ալիեւ-Պուտին հանդիպումը արդեն չորրորդն է լինելու վերջին 3-4 ամիսների ընթացքում՝ թերեւս ակնարկի տեսքով հակադարձելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ասել էր, թե իր վարչապետության 4 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է։



Մեկ այլ խորհրդարանականի՝ Էլդանիզ Սալիմովի կարծիքով երկկողմ լավ հարաբերությունները բխում են երկու պետությունների շահերից էլ։ Վերջինս իր խոսքում անդրադարձել է նաեւ այն հանգամանքին, որ Մոսկվան հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ինչը նշանակում է, որ նրա իսկ խոսքերով «ադրբեջանցիները հույս ունեն, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի խաղաղ եւ արդարացի կերպով»: