Երբևէ հարց տվե՞լ եք՝ ինչու հեռուստալրագրողները մեր ղեկավարներին անհարմար հարցեր չեն տալիս

Երբևէ հարց տվե՞լ եք՝ ինչու հեռուստալրագրողները մեր ղեկավարներին անհարմար հարցեր չեն տալիս
Դուք ձեզ երբևէ հարց տվել եք, թե ինչպե՞ս է պատահում, որ հեռուստալրագրողները երբեք մեր ղեկավարներին անհարմար հարցեր չեն տալիս, կամ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչպես է լինում, որ անցած տարիների ընթացքում կատարված անթիվ ու անհամար հանցագործություններից քննվում են միայն այն հանցագործությունները, որոնցում կա մեր ղեկավարության անձնական շահագրգռվածությունը (իրենք դատարանների գործերին չեն խառնվում, իփրև թե), կամ ինչու՞ մեր հեռուստաալիքները, ռադիոն, մամուլը ու նույնիսկ սոց. ցանցերը չեն անդրադառնում մեր ժողովրդի համար առաջնային կարևորություն ունեցող խնդիրներին, որոնցից է օրինակ իսկական մենաշնորհների դեմ պայքարելու խնդիրը (հատկապես էներգետիկայի ոլորտում ռուսական ընկերությունների մենաշնորհների դեմ պայքարելու խնդիրը, այլ ոչ թե ասենք բանանի մենաշնորհի դեմ պայքարելու խնդիրը, որը ուղղակի ծիծաղելի է), կամ մեր երկիրը դաժանաբար թալանելու մեխանիզմ դարձած օֆշորների դեմ պայքարելու խնդիրը:



Կամ ինչու՞ չի խոսվում գիտատար արդյունաբերության վերականգնման մասին, ու խոսվում է միայն տուրիզմ ու գյուղատնտեսություն զարգացնելու մասին (ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ՈՉԽԱՐ ՊԱՀԵՔ), և վերջապես ինչու՞ ազգովի չենք քննարկում Արցախի հարցը, ինչու՞ չի քննարկվում Արցախի անկախությունը ճանաչելու կամ այն Հայաստանի հետ վերամիավորվելու հարցը, չէ՞ որ դա մեր ազգի արջև ծառացած ամենագլխավոր աշխարհաքաղաքական հարցն է, ինչու՞ պիտի այդ հարցը փակ դռների հետևում քննարկեն օտարները, իսկ մենք իրավունք չունենանք դա անել: Ինչու՞ մեր պետությունը (եթե այն իսկապես մերն է) չի նախաձեռնում համահայկական լուրջ կառույցի ստեղծում, որով կարելի կլինի մեր աշխարհասփյուռ ժողովրդի կազմակերպվածության աստիճանը բարձրացնել, որպեսզի օտարները մեզ հետ հաշվի նստեն վերջապես ու մեր իրավունքները հարգեն:



Եթե նորմալ երկիր լինեինք, հիմա հեռուստաընկերությունները միմյանց հերթ չէին տա այս խնդիրները բարձրաձայնելու առումով, որպեսզի դրանք համազգային քննարկման առարկա դարձնեին, չէ՞ որ բոլորն էլ շատ լավ են հասկանում դրանց կարևորությունը: Բայց ոչ մի հեռուստաալիք դա չի անում, փոխարենը եթերաժամը լցված է մարդկանց ուղեղները բթացնող սերիալներով ու շոուներով, ի՞նչ ազգային խնդիր քննարկելու ժամանակ է, կարևորը Գարիկն ու Արամ MP3-ին խաղեր են խաղացնում աստղ-աստղիկների հետ, կարևորը Գոռ Գլումովը ճաշ է եփում այդ նույն աստղ-աստղիկների հետ, կարևորը Ազիզյաններ կոչվող անհեթեթությունների շարանը պիտի եթեր դուրս գա, իսկ քաղաքականությանը նվիրված հաղորդումներին էլ նույն տգետ ու թթված դեմքերը, որոնք նախկին իշխանությունների օրոք կեղծ օրակարգեր էին ստեղծում մարդկանց ուշադրությունը իրենց բուն խնդիրներից շեղելու համար, նույնը անում են նաև այսօր, միայն մեկ տարբերությամբ թերևս, որ հիմա մարդկանց խաբելու և հիմարեցնելու մղումը իրենց մեջ կրկնապատկվել է, կամ, ավելի ճիշտ, եռապատկվել ու քառապատկվել է ...



**Թորոս Ալեքսանյան**