Բաց ռեժիմն ազատություն չէ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Բաց ռեժիմն ազատություն չէ
Այսօր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հրավիրած ասուլիսում Շանթ Հարությունյանը հերքեց այն խոսակցությունները, թե իբր իրեն ազատել են պատժից, բայց ինքը հրաժարվում է: «Ժողովրդի մի մասին չեմ ուզում վիրավորել, բայց մյուս մասը կամ տգետ ա, կամ սրիկա, որովհետև եթե ինձ բանտից ազատեին, էս մարդիկ ինձ մի րոպե ավելի չէին կարա պահեին: Ու պրիտոմ ասում են, որ դա վարչապետն ա իրա կողմնակիցների մոտ ասել, ըտենց տարածվել ա: Ես պաշտոնապես ասում եմ՝ չի կարա ըլնի ըտենց բան, որ որևէ կալանավորի ազատեն, ինքը բանտից դուրս չգա: Բաց ռեժիմն ինքն ազատություն չի: Երբ որ մենք պահանջում ենք արդարացում, մենք ավելի շուտ նկատի ունենք արդարադատություն: Ես արդարադատություն եմ պահանջում, որովհետև ցանկացած մարդ, լինի հանցագործ, թե անմեղ մեղադրյալ, ինքն իրավունք ունի միշտ համարի, որ ինքն անմեղ ա»,- նշեց նա:



Շանթ Հարությունյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց նաեւ, որ Մարտի 1-ի իր ելույթի համար են իրեն մեղադրանք առաջադրել։ «Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իմանա, որ Մարտի մեկին իմ դեմ մեղադրանք են ներկայացրել նաև Մարտի 1-ի իր ելույթը վերագրելով ինձ, իմ ելույթի տակ դրել են իր ելույթի հատվածը»,-ասաց Հարությունյանը։



Հարությունյանը հայտարարեց, թե Հայաստանը ղեկավարում է ռուսական КГБ-ն: «Չնայած ես գիտեմ, որ Հայաստանը չի ղեկավարում Նիկոլ Փաշինյանը, ինքը դերի մեջ ա, ղեկավարում է ռուսական КГБ-ն, ու դա ապացուցում է Վանեցյանի ասածը»: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պարզվում է՝ Շանթին բաց ռեժիմ է առաջարկել, վերջինը չի համաձայնել. «Մի օր ԿԳԲ-ից էին եկել, ասում էին՝ ինչի՞ չես ուզում ներում գրես, ազատվես, ասի՝ բոքսե՞մ սրան, թե՞ ինչ: Ասում եմ՝ ուրեմն դու ինձ չես ճանաչո՞ւմ, որ տենց բան ես ասում: Սրանք մարդիկ են, որ չգիտեն՝ ում ինչ են ասում, պատվեր կատարող տգետներ են: Կամ էն օրն ասում ա՝ Վանեցյանը հեռախոսը վերցրել ա, ուզում ա քեզ առաջարկի բաց ռեժիմ դուրս գաս: ԿԳԲ պետը կարա գնա արդարադատության նախարարի կաբինետ, ասի առաջարկեք Շանթը դուրս գա բաց ռեժիմ»: