Ի՞նչ են սպասում Պուտինից

Ի՞նչ են սպասում Պուտինից
Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Ադրբեջան: Այդ մասին «Իզվեստիա» թերթին ասել է նրա օգնական Յուրի Ուշակովը: Դա կլինի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումը՝ վերջին երեք ամսում: Ինչո՞վ է պայմանավորված ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի շփումների նման հաճախականությունը: Ավելի վաղ ադրբեջանական մամուլում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության թեմայով բավական աշխույժ քննարկում էր ծավալվել, բայց Սոչիի Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հարցը, կարծես թե, սառեցված է:



Փոխարենը Բաքվում սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել ԼՂ կարգավորման հարցում Պուտինից ակնկալիքների մասին: Ի՞նչ կտրվածքով է խնդիրը քննարկվել Սոչիում՝ ենթադրությունները տարբեր են: Իշխող տպավորությունն է, որ Ադրբեջանի նախագահը փորձել է Պուտինից հավաստիանալ, որ Մոսկվան անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Հայաստանի նոր իշխանությունները «հավատարիմ մնան նախկին պայմանավորվածություններին»: Եթե հավատալու լինենք ռուս որոշ փորձագետների, որոնք ունեն Կրեմլի տեսակետների քարոզչի համարում, ապա ուրվագծվում է այսպիսի իրավիճակ. Պուտին-Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով «համաձայնություններ են ձեռք բերվել, որոնց գործադրման ուղղությամբ քննարկումները պիտի շարունակվեին Ադրբեջանում նախագահական ընտրություններից եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակումից ու կառավարություն ձեւավորելուց հետո՝ ընթացիկ տարում»:



Հայաստանում իշխանափոխությունն առկախել է այդ գործընթացը, եւ Ադրբեջանը ներկայումս աշխատում է, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանություններին մղի բանակցությունները նախանշած հունով վերսկսելուն: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջան այցից առաջ Ռուսաստանի նախագահը հանդիպում է Հայաստանի վարչապետին, ապա հնարավոր է դառնում հավաստիության բավարար չափով կանխատեսել, որ Ադրբեջանում սպասում են Պուտինի պատասխանին՝ հաջողվե՞լ է Նիկոլ Փաշինյանին համոզել, որ Ալիեւի հետ բանակցությունների գնա «նախկին պայմանավորվածություններով», թե՞ ոչ: Ասվածը կարելի է հիմնավորել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Էլդանիզ Սալիմովի հետեւյալ հայտարարությամբ. «Այսօր մեր հարաբերություններն Ռուսաստանի հետ բարձր են բոլոր մակարդակներում: Բայց քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ մեր պատմական եւ խոշոր հարեւանը, ապա մեր միակ հույսն այն է, որպեսզի նա աջակցի ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանը՝ խաղաղ ճանապարհով: Հավատում եմ, որ մեր հույսերը կարդարանան: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում կցուցաբերի իր արդարացի դիրքորոշումը եւ իր ավանդը կբերի կարգավորմանը...»:



Հույսն, ինչպես ասում են, վերջինն է մեռնում: Մանավանդ որ բաց է մնում մի հարց՝ իսկ հանուն ինչի՞ պիտի Ռուսաստանը ԼՂ հարցում «արդարացի դիրքորոշում» դրսեւորի: Փոխարենն ի՞նչ է Ռուսաստանին տալիս Ադրբեջանը: ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությու՞ն: Հայաստանն արդեն հայտարարել է, որ եթե նման հանգամանքներ ծագեն, ապա կկիրառի վետոյի իրավունքը: Կհաջողվի՞ Պուտինին Հայաստանի վարչապետին տարհամոզել այդ հարցում: