«Զվարթնոցը» չքանդվեց Հանրային խորհրդի շնորհիվ․ ՀԽ նախկին անդամ

«Զվարթնոցը» չքանդվեց Հանրային խորհրդի շնորհիվ․ ՀԽ նախկին անդամ
Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Վազգեն Սաֆարյանը, ամփոփելով նախկին Հանրային խորհրդի գործունեությունը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նոր ձեւավորվող Հանրային խորհուրդը պետք է շարունակի քննարկել, կառավարությանը ներկայացնել նախկինում անավարտ մնացած հարցերը։



«Օրինակ, Հանրային խորհրդում բազմիցս քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի չքանդման հարցը։ Նախորդ կառավարությունները դա չարեցին, բայց ներկա կառավարությունը դա ճանաչեց որպես մշակույթի կարեւորագույն հուշարձան, եւ այն այլեւս չի քանդվելու, քանի որ մտել է պետության կողմից պահպանվող կառույցների ցանկում։ Նույնը վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային սրահին։ Այն պետք է քանդվեր, մենք պայքարեցինք, ՀԽ-ի քաղաքաշինական հարցերի ենթահանձնաժողովը պայքարեց, եւ այն չքանդվեց։ Շատ էին խոսում Զանգեզուրում պղնձաձուլարան կառուցելու անհրաժեշտության մասին։ Ներկա կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ պղնձաձուլարան կառուցելու անհրաժեշտության հիմնավորմամբ։ Այսինքն՝ նախկինում ինչ մենք առաջարկել ենք, ներկա կառավարությունը ընդգրկել է դրանք իր օրակարգում։ Երբ ձեւավորվեն նոր հանձնաժողովները, բնականաբար, նրանք կքննարկեն նոր հարցեր, հին հարցերին էլ կանդրադառնան։ Այսօրվա ՀԽ-ն, ըստ սահմանադրության, համարվում է կառավարության խորհրդատվական մարմին։ Եվ նա իր խորհուրդներով պետք է նպաստի տնտեսական քաղաքականության մեջ բարեփոխումներ անելուն»,- ասաց մեր զրուցակիցը։