Դաշնակցությունը երեք անուն է քննարկել

Դաշնակցությունը երեք անուն է քննարկել
Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել է հուսախաբ անել նրանց, ովքեր կարծում են, թե ՀՅԴ-ն այնքան է կորցրել ռեյտինգը, որ այլեւս շանս չունի որեւէ ընտրությունում հաղթելու։ Թերեւս այդ նպատակով էլ ցուցակի առաջին տեղում ընդգրկել են Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանին։ Մանուկյանը նախկինում պատգամավոր է եղել, ՀՅԴ ԳՄ անդամ է, բայց առանձնապես հռետորական ձիրքով կամ օրենսդրական նախաձեռնություններով աչքի չի ընկել երբեւէ։



Հակառակը՝ միշտ խուսափել է լրագրողների հետ շփումներից, եւ ժամանակին նրա անունը շոշափվել է Համբարձում Գալստյանի սպանության կոնտեքստում։ Այսինքն, տեսականորեն Դաշնակցությունը նման թեկնածուի չպետք է առաջադրեր Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Ի դեպ, ՀՅԴ-ում մինչ որոշում կայացնելը քննարկվել են նաեւ Սպարտակ Սեյրանյանի եւ Արթուր Խաչատրյանի թեկնածությունները, սակայն կանգ են առել Միքայել Մանուկյանի վրա, ով կարող է կազմակերպել մարդկանց եւ ձայներ ստանալ, քանի որ մեծ ընկերական շրջապատ ունի եւ հարգանք է վայելում կուսակցությունում։



«Շրջապատն» արդեն իսկ գործի է անցել՝ հանդիպում են տարբեր մարդկանց հետ, փորձում մոբիլիզացնել բոլոր ուժերը, անգամ հանրապետականներին ու չինովնիկական շրջանակներին են ներգրավել։ Սակայն ուշագրավ է, որ որպես կարգախոս ընտրել են «Միասին՝ հանուն Երեւանի» կոչը։ Հավանաբար մոռացել են, որ Երեւանի նախորդ ընտրություններին Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ-ն մասնակցում էին «Հանուն Երեւանի» կարգախոսով։