Եթե առաջարկեն, չի մերժի

Եթե առաջարկեն, չի մերժի
Սեպտեմբերի 22-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ պաշտոնում առաջադրվելու պատրաստակամություն է հայտնել։ Հայտնի է, որ Վանեցյանի առաջադրվելու պարագայում, ինչը ներկա դրությամբ ամենահավանական տարբերակն է, գործող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել էր, որ ԱԱԾ տնօրենի առաջադրման դեպքում ինքը կսատարի Վանեցյանի թեկնածությունը՝ անձամբ չի առաջադրվի։ ՀՖՖ մեր աղբյուրներն ասում են, որ արդեն հայտնի է անգամ, թե ով կլինի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը։ Այդ պաշտոնի համար շրջանառվում է ՀՖՖ նախագահի ներկայիս խորհրդական, սպորտային մեկնաբան Արմեն Նիկողոսյանի անունը, ով երկար տարիներ աշխատել է «Հայկական ժամանակ» թերթում՝ սպորտ է մեկնաբանել եւ շատ ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց նաեւ Ռուբեն Հայրապետյանի հետ է շատ մտերիմ, եւ նրան էլ, այսպես ասած, ձեռնտու կլինի Նիկողոսյանի նշանակվելը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկողոսյանը Վանեցյանի հետ արդեն իսկ այդ մասով պայմանավորվածություն ունի։ Իսկ ՀՖՖ անդամ հանդիսացող ակումբներն արդեն առաջադրել են Նիկողոսյանի թեկնածությունը։



Մեզ հետ զրույցում **Արմեն Նիկողոսյանը** հերքեց, թե Վանեցյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ասելով, որ դեռ պետք է տեղի ունենան ՀՖՖ գործկոմի ընտրություններ, ինչից հետո նոր կարելի կլինի խոսել այդ մասին․ «Ես չեմ կարող դա մեկնաբանել, դա իմ հարցը չէ, այդ բոլոր հարցերը կարող են լուծվել ամսի 22-ից հետո, երբ կընտրվի գործկոմ, թե՛ նախագահը, թե՛ առաջին փոխնախագահը պետք է լինեն գործկոմի անդամներ։ Նման խոսակցություններ չկան, չեն էլ կարող լինել, որովհետեւ պիտի դեռ նախագահ ընտրվի, գործկոմի անդամներ ընտրվեն, հետո նոր նման խոսակցություններ լինեն»։



Հարցրինք, թե ինչպես է տեղի ունենում ՀՖՖ գործկոմի անդամների առաջադրումը, նրանք կարո՞ղ են ինքնառաջադրվել։ «Համաձայն ՀՖՖ կանոնադրության՝ գործկոմի անդամ չես կարող ինքնառաջադրվել, գործկոմի անդամներին առաջադրում են ՀՖՖ անդամները, 25 անդամ ունի ՀՖՖ-ն, միայն այդ անդամները կարող են գործկոմի անդամ առաջադրել»,- պատասխանեց Նիկողոսյանը։ Պատրաստվո՞ւմ են իրեն առաջադրել որպես գործկոմի անդամի թեկնածու, եւ եթե Վանեցյանն առաջարկի հենց իր թեկնածությունը, կմերժի՞, թե՞ կընդունի։ «Կարծում եմ՝ չեմ մերժի։ Առաջադրումներն արդեն ավարտվել են, ինձ առաջադրել են, ինձ դիմել են, ես համաձայնությունս տվել եմ, իմ մասով կասեմ, որ ինձ առաջադրել են»։



Հիշեցնենք, որ ՀՖՖ առաջին փոխնախագահի պաշտոնը 2011 թվականից մինչ այժմ զբաղեցնում է Արմեն Մինասյանը, ով 2003 թվականից նաեւ ՀՖՖ գործադիր տնօրենն է։ 2007-2009 թթ. եղել է ՈՒԵՖԱ-ի Խաղացողների կարգավիճակի, տրանսֆերների, գործակալների եւ խաղերի գործակալների կոմիտեի անդամ: 2008-ից ՖԻՖԱ-ի պատվիրակ է: 2009-ից՝ ՈՒԵՖԱ-ի Պատանեկան եւ սիրողական ֆուտբոլի կոմիտեի անդամ, 2015-ից՝ ՈՒԵՖԱ-ի Պատանեկան եւ սիրողական ֆուտբոլի կոմիտեի 3-րդ փոխնախագահ։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**