Եթե ես պատահական անցորդ եղած լինեի, գուցե ձեռքս թափ տայի եվ ըմբռնումով մոտենայի

Եթե ես պատահական անցորդ եղած լինեի, գուցե ձեռքս թափ տայի եվ ըմբռնումով մոտենայի
Ճիշտ էր Սերժ Սարգսյանը, երբ իր կուսակիցներին հորդորում էր ավելորդ խոչընդոտներ չստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, քանզի նա կարճ ժամանակում կրակն է ընկնելու իր կադրերի պատճառով: Նախկին նախագահի մարգարեությունը կամաց-կամաց իրականություն է դառնում:



Այս անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը, ակնհայտ է, գլուխ չի հանում իրեն վստահված պաշտոնից: Ավելորդ է նշելը, որ այդ երիտասարդը ոչ միայն տարրական պատկերացում չունի բարդ մարզի բարդ խնդիրների մասին, այլեւ մարդկանց հետ հարաբերվելու, օրենքների մեջ կողմնորոշվելու ունակություններ: Հասարակ խոպանչու, իսկ այնուհետեւ գյուղապետի աթոռից մարզպետի աշխատասենյակում հայտնված Գարիկ Սարգսյանը ձեռնամուխ է եղել մարզում սեփական թիմ ձեւավորելու գործին` հաշվի չառնելով ո՛չ Աշխատանքային օրենսգիրքը, ո՛չ մարդու իրավունքները, ո՛չ մարզի կադրային բազան եւ ո՛չ էլ իրենց կյանքը մարզին նվիրած մասնագետների կարողությունները: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը նրան այդպիսի առաջադրանք տված լիներ, բայց նշանակման օրվանից գալով մարզ՝ Գարիկ Սարգսյանն իր հետ բերել էր ոչ թե սիրո եւ համերաշխության հեղափոխության քամիները, այլ մի վագոն խոսակցություն, թե «հեսա տեսեք» ինչ է անելու նախկինների հետ, բոլորին գործից հանելու է, նոր Հայաստանին վայել մարդկանց է նշանակելու:



«Ինձ աշխատանքից ազատելու մասին խոսակցությունները ծայր էին առել դեռ օգոստոսի սկզբին, բայց ես դրանց նշանակություն չէի տալիս եւ զբաղված էի ԲԿ-ի առօրյայով, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության միջպետական ծրագրով շարունակվող վերանորոգման աշխատանքներով: Գործում էինք կես ուժով, հիվանդասենյակների եւ մահճակալների սուր պակասի պայմաններում եւ փորձում էինք նույնիսկ այդ վիճակում լուծել ազգաբնակչության խնդիրները»,- մեզ հետ զրույցում պատմում է Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն, մասնագիտությամբ ռեանիմատոլոգ **Սոկրատ Հախվերդյանը**, որին նորաթուխ մարզպետն աշխատանքից ազատել է սեպտեմբերի 4-ի իր որոշումով:



**- Բայց ասացիք՝ խոսակցություններ կային այդ մասին, եւ մարզպետի որոշումը պետք է անակնկալ չլիներ Ձեզ համար:**



-Այո, դա անակնկալ չէր: Մենք մարզպետի հետ հանդիպել էինք դրանից առաջ, բայց նա որեւէ լուրջ պատճառաբանություն չկարողացավ բերել եւ, խուսափելով խնդիրը պատճառաբանելուց, ուղղակի հայտարարեց, որ նոր իշխանություններն ու առողջապահության նախարարն են ուզում իրենց մարդուն նշանակել տնօրեն:



**- «Մերոնք-ձերոնք» սովորական խտրականությո՞ւն: Ի՞նչ կապ ունի առողջապահության նախարարն այս ամենի հետ:**



-Առողջապահության նախարարը չի էլ կարող միջամտել, որովհետեւ մարզպետ Գարիկ Սարգսյանն է այս դեպքում պետության անունից ի պաշտոնե հանդես գալիս որպես «Արտաշատ բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարիչ: Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել մարզպետի` ինձ աշխատանքից ազատելու որոշումը, քան հասարակությանը «մերոնց եւ ձերոնց» բաժանելու հերթական ստոր քայլ: Այն էլ ասեմ, որ մարզպետի հետ մեր չստացված խոսակցությունից հետո այս օրերին բնորոշ ստուգումներ սկսվեցին ԲԿ-ում: Ոչինչ չհայտնաբերեցին, եւ դրանք այդպես էլ դադարեցվեցին՝ առանց վերջնական եզրակացության ակտերի:



**- Ի՞նչ եք մտադիր անել:**



-Գիտե՞ք ինչ, եթե ես այդ ԲԿ-ում պատահական անցորդ եղած լինեի, գուցեեւ ձեռքս թափ տայի եւ ըմբռնումով մոտենայի: Բայց ես 27 տարի առաջ՝ 1991-ին, այս կենտրոնում վերակենդանացման բաժանմունք եմ հիմնադրել, եղել այդ բաժանմունքի վարիչը, հսկայական ճանապարհ անցել գործընկերներիս հետ, 2017 թվականին նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա մրցույթով ընտրվել տնօրեն: Հիմա այս մարդիկ եկել են ու առանց որեւէ պատճառաբանության, առանց որեւէ օրենք հարգելու՝ ինձ ազատում են աշխատանքից: Ուրիշն իմ փոխարեն ի՞նչ կաներ: Ես արդեն դատի եմ տվել մարզպետին եւ պատրաստվում եմ մինչեւ վերջ պաշտպանել իմ խախտված բոլոր իրավունքները:



**- Երեւանում հայտնի ԲԿ-ներից մեկի տնօրենին ազատելու կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացավ, աշխատակիցները նույնիսկ ցույց էին կազմակերպել առողջապահության նախարարի դեմ, թեեւ խախտումներ կային կարծես: Ձեր գործընկերները չե՞ն փորձել ընդդիմանալ մարզպետի որոշմանը, Ձեր ԲԿ-ում ստուգումների արդյունքում կարծեմ խախտում չի հայտնաբերվել:**



-ԲԿ-ի կոլեկտիվը միանշանակ դեմ է եղել մարզպետի որոշմանը: Որքան գիտեմ` նույնիսկ ներկայացուցչական ժողով են գումարել, որոշել են դիմել մարզպետին: Այսօր էլ զանգերի պակաս չկա, առաջարկում են բողոքի ստորագրահավաք կազմակերպել: Բայց ես նրանց հորդորում եմ չանել քայլեր, որոնք կարող են հալածանքի պատճառ դառնալ իրենց համար:



**- Նորանշանակ տնօրենին ճանաչո՞ւմ եք: Նախկինում նրա մեջ մրցակից չե՞ք տեսել:**



-Ճանաչում եմ, իհարկե: Հայկ Համբարձումյանն է, մասնագիտությամբ` ատամնաբույժ, մասնավոր կլինիկա ունի: Նրա դեմ ես ոչինչ չունեմ եւ, առհասարակ, համարում եմ, որ մասնագիտություն ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է ունենա նաեւ պաշտոնի հետ կապված առաջընթացի հավակնություններ: Հակառակը ճիշտ չէր լինի:



**ՀԳ**․_Հավելենք նաեւ, որ Սոկրատ Հախվերդյանը դիմել է դատարան` Արարատի մարզպետի կարգադրությունն անվավեր ճանաչելու եւ իրեն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնելու պահանջով: Մինչ այս պահը Արարատի մարզպետարանից որեւէ արձագանք չկա, թեեւ ֆեյսբուքյան հարթակում եւ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել մարզպետ Գարիկ Սարգսյանի գործողությունների մասին:_



**Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ**