Ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց «գովել» Փաշինյանին. նա օգտվում է ստեղծված իրավիճակից

Ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց «գովել» Փաշինյանին. նա օգտվում է ստեղծված իրավիճակից
Վերջին շրջանում իրադարձությունները թե՛ Հայաստանում և թե՛ մեր տարածաշրջանում բուռն կերպով են զարգանում: Երկրում ներքաղաքական իրավիճակը բավական լարված է ու անորոշ՝ հատկապես Մարտի 1-ի գործին առնչվող զարգացումների պատճառով: Մարտի 1-ի գործի վերաբացումը ազդել է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա:



Մոսկվային ակնհայտորեն դուր չեկավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար, 2008 թվականին Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված քրեական հետապնդումը, և Ռուսաստանն այդ մասին իր մտահոգությունը հայտնեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի շուրթերով: Ու թեև Հայաստանի իշխանությունները լարվածությունը էլ ավելի չսրելու համար որոշեցին փոխել Խաչատուրովի խափանման միջոցը և նրան թույլ տալ վերադառնալ Մոսկվա՝ իր պարտականությունների կատարմանը, մինչև որ կորոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը, այնուամենայնիվ, դրանից հետո էլ շատ հարցեր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում մնում են անպատասխան: Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայանալու է ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի երրորդ հանդիպումը, որին նախապես անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը՝ հայտարարելով, թե հետաքրքիր կլինի լսել Հայաստանի նոր ղեկավարի գնահատականը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:



Միաժամանակ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ռեգիոնում: Օգոստոսի 12-ին Աստանայում Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարները ստորագրել են կոնվենցիա Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաև մեր դաշնակից Ռուսաստանի և մեր ոխերիմ հարևան Ադրբեջանի հարաբերություններում: Բաքուն [**նոր սիրախաղ է սկսել Մոսվայի հետ**](https://www.hraparak.am/posts/5b8a349b7e644806ab27f6fe/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A1%D5%AD%D6%85%D6%80%D5%B8%D6%84-%D5%A6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D6%81-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%AF%D6%83%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BA%D5%AF)՝ առանձին պաշտոնյաների շուրթերով հասկացնելով, թե դեմ չէր լինի անդամակցել ՀԱՊԿ-ին:



Ահա այս իրավիճակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս շաբաթվա սկզբին ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների 6-րդ գագաթնաժողովի ժամանակ, հերթական անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է: Ավելին, նա դիմել է Հայաստանի նոր կառավարությանը՝ ասելով հետևյալը. «Հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրք կգրավի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և տարածաշրջանում կտիրի խաղաղությունն ու համագործակցությունը»:



Թեմայի շուրջ **«Հրապարակի»** զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ **Ստանիսլավ Տարասովը**:



**-Պարոն Տարասով, ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այս հայտարարությունը: Ինչո՞ւ նա որոշեց հանդես գալ նման հայտարարությամբ, և ո՞ր համատեքստում են տեղավորվում նրա այս խոսքերը:**



- Ամեն ինչ պարզ է: Նրանք դիտարկում են Հայաստանում ստեղծված իրավիճակը և կարծում են, որ Հայաստանը քաղաքական առումով թուլանում է, և իրենք կարող են ժամանակի ընթացքում հասնել իրենց նպատակին՝ առանց ուժ գործադրելու: Դա հասկանալի է, բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վաղը գալիս է Մոսկվա, որտեղ նա լուրջ բանակցություններ է ունենալու Ռուսաստանի ղեկավարության հետ: Մեր կանխատեսումը այս հանդիպման վերաբերյալ դրական է, և այս բանակցություններից հետո որոշ բաներ պարզ կդառնան նաև ղարաբաղյան հարցի առնչությամբ:



**- Բայց չէ՞ որ երկկողմ հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մտահոգություններ:**



-Այո, կան որոշ մտահագություններ: Երևանը լավ չի ըմբնում Մոսկվայի կեցվածքը: Մոսկվան էլ դեռ մինչև վերջ չի պատկերացնում Հայաստանում ստեղծված իրավիճակը: Մոսկվայում այլ հայտարարություններ էին սպասում, բայց այնտեղից կիսատ-պռատ հայտարարություններ հնչեցին: Այս ամենը եղել է, բայց մեզ թվում է, որ գալիս է այն պահը, երբ Հայաստանը պետք է փարատի Ռուսաստանի թերիմացությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դուք գիտեք, որ տեղի ունեցան ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ, և այս խորապատկերին Հայաստանը հասկանում է, որ զիջում է նախաձեռնությունը ռուսական ուղղությամբ: Իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության անդամ է: Հայաստանը Ռուսաստանի ամենաիսկական և ոչ թե պայմանական ռազմավարական գործընկերն է: Մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը ընդհանուր լեզու կգտնեն Մոսկվայում և կպայմանավորվեն, և բոլոր այդ թյուրըմբռնումները ժամանակի ընթացքում կվերացվեն:



**- Ալիևի հայտարարությունը որքանո՞վ է կապված Մոսկվայի և Բաքվի մերձեցման և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման հարցի հետ:**



-Մոսկվայի և Երևանի միջև առաջացել է այսպես ասած՝ «թյուրիմացության գոտի», և բնական է, որ Հայաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանը փորձում է օգտվել այս իրավիճակից, և Ալիևը հանդես է գալիս հայտարարությամբ: Նույնիսկ ձեր հարցը այն մասին է, թե կոպիտ ասած՝ ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց «գովել» Փաշինյանին: Նա օգտվում է այս իրավիճակից և գրագետ է գործում, ավելի ճիշտ՝ իր տեսանկյունից է գրագետ գործում: Բայց ավելի լուրջ հարց կա: Խոսքը Ռուսաստանի և Հայաստանի ֆունդամենտալ, պատմական հարաբերությունների մասին է, որոնք պայմանավորված չեն աշխարհաքաղաքական իրավիճակով, և ով էլ ինչ ասի Երևանում կամ Մոսկվայում, Ռուսաստանի և Հայաստանի ֆունդամենտալ համագործակցությունը պահպանվում է: Պարզապես կան կոնյուկտուրային մոտեցումներ առանձին քաղաքական գործիչների, նախագահների, քաղաքագետներին կողմից, ովքեր մժեղից փիղ են սարքում: Մենք կարծում ենք, որ ռուս-հայկական հարաբերությունները պահպանում են իրենց հիմքը և զարգանալու են:



**- Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանը քաղաքական առումով թուլացել է:**



-Ես նման բան չեմ ասել: Մենք այդպես չենք կարծում: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանում են այդպես կարծում և ուզում են օգտվել ստեղծված իրավիճակից: Իսկ Ռուսաստանը եթե տեսնի, որ Հայաստանի դիրքերը թուլանում են, կօգնի նրան: Կրկնում եմ՝ մենք հաղթահարել ենք «թյուրիմացության գոտին»: Այն կար՝ կապված Խաչատուրովի և այլ խնդիրների հետ: Ակնհայտ է, որ հայկական կողմը փորձում է հասկացնել, որ սխալ է թույլ տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչման ընթացակարգում: Մոսկվան դա հասկանում է և թերթելով էջը՝ շարունակում համագործակցել Հայաստանի հետ:



**- Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց Ռուսաստանի մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ այդպիսով միջամտելով Հայաստանի ներքին գործերին:**



-Ոչ, ոչ: Եթե Ռուսաստանը հայտարարությամբ դատապարտում է ամերիկյան քաղաքականությունը այս կամ այն տարածաշրջանում կամ էլ իր աջակցությունն է հայտնում որևէ երկրին, դա միջամտություն չէ: Միջամտությունը կոնկրետ գործողություններն են: Երևանն իրավունք ունի և պարտավոր է գնահատել Ռուսաստանի գործողությունները քաղաքական հարթության վրա: Եթե վաղը Հայաստանը հայտարարի, թե «մենք կարծում ենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում սխալ է», դա չի նշանակում, որ Երևանը խառնվում է մեր ներքին գործերին: Ոչ, նա ունի գնահատելու իր իրավունքը: Նույն ձևով Մոսկվան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ, բայց չի միջամտում: Միջամտությունը կոնկրետ գործողություններն են: Ասենք թե Լավրովը հայտարարություն արեց, հետո ի՞նչ:



**- Իսկ այն փաստը, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, խնդիրներ չի՞ առաջացնի հայ-ռուսական հարաբերություններում:**



-Կարծում եմ՝ դա իրավական հարց է, և դրանով պետք է զբաղվեն իրավաբանները: Եթե Մոսկվան մերժել է՝ դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերին: Դա նշանակում է, որ հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ: Սա զուտ իրավական գործընթաց է: Էրդողանն էլ Միացյալ Նահանգներից պահանջում է արտահանձնել Գյուլենին, 40 արկղ փաստաթուղթ է ուղարկում ամերիկացիներին, սակայն ամերիկացի իրավաբանները, քննելով այդ փաստաթղթերը, հայտարարել են, թե դրանք համոզիչ չեն ազգային-իրավական ընթացակարգի տեսանկյունից:



**- Եվ բացի այդ պարզվեց, որ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:**



-Ես դրա մասին չգիտեի: Եթե նա ՌԴ քաղաքացի է, ուրեմն Երևանը որևէ շանս չունի:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**