Ռոմանտիկ եւ զգայուն

Ռոմանտիկ եւ զգայուն
Ոստիկանապետերը փոխվում են, ոստիկանության ձեռագիրը չի փոխվում։ Խոսքը հանցագործությունների դեմ պայքարին, հասարակական կարգի պաշտպանությանը չի վերաբերում, այլ հաղորդագրություններին։ Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի ժամանակվա ռոմանտիզմը նրա հեռանալով չի վերացել, հիմա էլ Վալերի Օսիպյանն է ռոմանտիկ տեքստեր հղում հանրությանը եւ հատկապես լրագրողներին։



Ոստիկանությունը ոչ մի հոդված անարձագանք չի թողնում։ Երեկ, օրինակ, 3 հաղորդագրություն են տարածել՝ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների մասին։ Ընդ որում, եթե մարդն այդ հրապարակումները չի կարդացել, չի հասկանա, թե ինչից է վրդովված Վալերի Օսիպյանը եւ ինչն է հերքում ակնարկների ու հեգնանքի լեզվով։ Հաղորդագրություններից մեկի վերնագիրը, օրինակ, սա է․ «Ոչ թե ցնցող հրապարակումներ անելու, այլ սպառիչ տեղեկատվություն տրամադրելու մտահոգությամբ»։ Կամ՝ հաղորդագրությունն ավարտվում է այսպես․ «Ակնհայտ է մեկ բան, որ վերջին շրջանում բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հասարակության մեջ ոստիկանի հանդեպ վստահության ամրապնդումն անհանգստացնում են ինչ-ինչ շրջանակների, եւ այս կարգի «հրապարակումներով» փորձ է արվում ստվերել ոստիկանի ու ոստիկանության գործունեությունը․․․ ԶԼՄ-ին հորդորում ենք ոչ թե ձայնակցել ոմանց «անհանգստություններին», այլ ոստիկանության հետեւողականությամբ կատարել իրենց բուն պարտականությունը` հանրությանը տրամադրել անաչառ լրատվություն»:



Մեկ այլ հաղորդագրությունից պարզվում է՝ ոստիկանությունը պատրաստվում է առաջիկա համապետական խոշոր միջոցառումներին` ընտրություններ, 2800-ամյակ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, «որոնց ընթացքում իրացնելու է ոչ միայն իր լիազորությունները, այլեւ հասարակության ակնհայտ հավատն ու վստահությունը»: