Փաշինյանը պետք է հրաժարվի սուպերվարչապետական լիազորություններից

Փաշինյանը պետք է հրաժարվի սուպերվարչապետական լիազորություններից
Կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծես թե, ընթանում են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։



2015 թ․ սահմանադրական փոփոխություններով ՀՀ-ն կիսանախագահական կառավարման համակարգից աստիճանաբար անցում կատարեց խորհրդարանական համակարգի։ Բայց կառավարման այդ ձևը միայն անունով էր խորհրդարանական, քանի որ այն ամբողջությամբ հարմարեցված էր մեկ անձի իշխանության վերարտադրության ու ամրապնդման համար։ Խոսքը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մասին է։ Փաստորեն` ներկայիս կառավարման համակարգն իր էությամբ խորհրդարանական չէ, որքան էլ դա պնդեն Սերժ Սարգսյանի իրավաբան-գիտնականները: Կամ էլ կարող ենք ասել, որ սա աղավաղված խորհրդարանական համակարգ է և խորհրդարանը զրկված է այն կարգավիճակից, որը պետք է ըստ էության ունենար: Փաստացի Հայաստանը սուպերվարչապետական երկիր է, որտեղ ամբողջ իշխանությունը Սահմանադրության համաձայն կենտրոնացված է մեկ անձի ձեռքում։



Եթե Փաշինյանն իսկապես սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, ապա պետք է հրաժարվի նաև սուպերվարչապետական լիազորութուններից: Հայաստանն այլևս բռնապետ չունի, որին անհրաժեշտ կլինեն սահմանադրական սուպեր լիազորություններ:



Այսպիսով՝ կանխատեսվում է, որ սահմանադրական փոփոխություններով կվերանայվեն խորհրդարանի և Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակները: Փաշինյանը ստիպված կլինի կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել և իր լիազորությունների մի մասը զիջել խորհրդարանին։ Կվերականգնվեն նաև նախագահի ներկայացուցչական լիազորությունները։



Շատ հնարավոր է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնն էլ այլևս չլինի, այլ՝ պարզապես փոխվարչապետներ:



Հիշեցնենք, որ սահմանադրությամբ առաջին փոխվարչապետի պաշտոն չի նախատեսվում, այն կարգավորվում է միայն օրենքով։ Թերևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այդ պաշտոնը հորինել էին հատուկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար՝ որպես մատուցած ծառայությունների վարձատրություն։



**Ալեքսանդր Բզնունի**