Այո, ես Բաբկեն Արարքցյանի փեսան եմ

Այո, ես Բաբկեն Արարքցյանի փեսան եմ
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ԿԲ խորհրդի անդամի նոր թեկնածությունը, որը եկող շաբաթ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Նա ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրեն Մարտին Գալստյանն է՝ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան: Գալստյանին առաջադրել է ԱԺ-ում դեռ իր իշխանական դիրքերը պահպանող ՀՀԿ խմբակցությունը:



«Ես չէի ուզի քաղաքականացնել, Կենտրոնական բանկն անկախ կառույց է, ինձ թվում է՝ դա պայմամավորված է եղել մասնագիտական որակներով»,-ՀՀԿ-ի կողմից իր առաջադրումը այսպես մեկնաբանեց Գալստյանը: Նկատեցինք, որ ՀՀԿ-ի կողմից իր առաջադրումն հետաքրքիր է նրանով, որ նա նախ Բաբկեն Արարքցյանի փեսան է, հետո նախկինում աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով՝ ընդդեմ ՀՀԿ-ական իշխանության, և այսօր առջադրվում է նույն այդ ՀՀԿ-ի կողմից:



«Ես քաղաքական կոնտեքստը չեմ կարող մեկնաբանել, որովհետև մենք ապաքաղաքական կառոյց ենք, երկրորդը, ԿԲ խորհրդի անդամներին ներկայացված պահանջներով՝ մենք որևէ քաղաքական կարծիք արտահայտելու որևէ արտոնություն կամ լիազորություն չունենք: Ինչ վերաբերում է Բաբկեն Արարքցյանի փեսան լինելուն, այո, ես Բաբկեն Արարքցյանի փեսան եմ» -ասաց նա:



Խոսակցություն կա, որ ապագայում հնարավոր է հենց ինքը հավակնի ԿԲ նախագահի պաշտոնին, ինչին ի պատասխան՝ Մարտին Գալստյանն ասաց. «Սին լուրեր են, որոնք ես չէի ուզենա նույնիսկ մեկնաբանել»:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**