Ռուս-թուրքական հովանի՞

Ռուս-թուրքական հովանի՞
Սեպտեմբերի 15-ին Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Էրդողանը: Դա խորհրդանշական օր է. 1918թ. սեպտեմբերի 15-ին թուրքական էքսպեդիցիոն կորպուսը Նուրի փաշայի հրամանատարությամբ օկուպացրել է Բաքուն՝ հնարավորություն տալով, որպեսզի ինքնահռչակված՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարությունը Գյանջայից տեղափոխվի այնտեղ: Փաստացի դա կարելի է համարել ռուս-թուրքական հովանավորությամբ Հարավային Կովկասում թուրքական երկրորդ պետության ստեղծման օր:



Պատմական արխիվներ են բացվում եւ ապացուցվում է, որ թուրքական բանակը չէր կարող գրավել Բաքուն, եթե հարցը համաձայնեցված չլիներ բոլշեւիկյան Ռուսաստանի կառավարության հետ, որն այդ քայլին գնացել է, որպեսզի Ապշերոնի նավթաբեր շրջանը չանցնի անգլիական վերահսկողության տակ: Այդ իրադարձություններից մեկ դար հետո Թուրքիայի նախագահը կգտնվի Բաքվում եւ վերստին կխորհրդանշի, որ ժամանակակից Ադրբեջանը նույնպես Թուրքիայի հովանու ներքո գոյություն ունեցող կազմավորում է: Իսկ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի Ռուսաստանի նախագահ Պուտինը: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Այսօր էլ, երեւում է, Ադրբեջանի գալիքը պայմանավորված է ռուս-թուրքական հովանավորությամբ:



Ի՞նչ է Ադրբեջանի նախագահին խորհուրդ տալու Էրդողանը: Ամենայն հավանականությամբ՝ ավելի ու ավելի մերձենալ Ռուսաստանին: Ի՞նչ ծրագրով է Բաքու ուղեւորվելու Ռուսաստանի նախագահը: Ըստ երեւույթին՝ շատ կարեւոր: Այլապես մեկ ամսվա մեջ Ադրբեջանի նախագահին երկրորդ անգամ հանդիպելու անհրաժեշտություն չէր առաջանա: Անհանգստոցնո՞ղ է այս իրավիճակը: Անշուշտ: Քանի որ Ադրբեջանի գերնպատակն է իր խնդիրների կարգավորումը տեղավորել ռուս-թուրքական մեծ պայմանավորվածությունների համատեքստում: Ընդամենը երկշաբաթյա տարբերությամբ Բաքվում Թուրքիայի եւ ապա Ռուսաստանի նախագահների ներկայությունը կարելի է համարել ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունների խորհրդանշան:



...1920թ. օգոստոսին Բաքվում գումարվեց Արեւելքի ժողովուրդների համագումարը, որտեղ Հայաստանը հռչակվեց «միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Մեկ ամիս չանցած՝ քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ: Պատերազմում թուրքերին եւ ռուսներին աջակցում էին հայ բոլշեւիկները: Հետեւանքները հայտնի են: Եթե որեւէ մեկը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն չլինելու դեպքում թուրքական օկուպացիայի հարյուրերորդ տարում Ռուսաստանի նախագահը Բաքու չէր այցելելու, խորապես սխալվում եւ գրեթե նույն դերն է կատարում՝ ինչ Միկոյանը եւ Մռավյանը՝ 1920թ. աշնանը: