Երկրի ապաշրջափակումը՝ ահա Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 օրակարգը

Երկրի ապաշրջափակումը՝ ահա Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 օրակարգը
Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումով, ինչպես նաեւ սեպտեմբերի 8-ին Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցով պայմանավորված՝ երկրի փորձագիտական շրջանակներում, ինչպես նաեւ լրատվական հարթակներում նորից ակտիվացել են արցախյան զարգացումներին վերաբերող քննարկումները:



Անշուշտ, կարելի էր դրանց ուշադրություն չդարձնել, եթե դրանք չընթանային այնպիսի տրամաբանությամբ, որը, ինչպես թշնամի պետությանը, այնպես էլ այս գործընթացներում դերակատարություն ունեցող գերտերություններին հնարավորություն կտա մտածելու, որ ինչպես առաջներում, այնպես էլ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը եղել եւ մնում է արցախյան հիմնահարցը:



Այնինչ այլեւս ժամանակն է, որ ինչպես Հայաստան պետությունը, այնպես էլ այս երկրում ձեւավորված քաղաքացիական հասարակությունը շահագրգիռ բոլոր կողմերին հասկացնեն՝ որ Արցախի Հանրապետությունն այլեւս դե ֆակտո գոյություն ունեցող եւ կայացած պետություն է, հետեւաբար, նրա հետ կապված խնդիրներն այլեւս չեն կարող Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար օրակարգային առաջնահերթություն համարվել: Դրանք առաջնահերթություն կարող են լինել միայն եւ միայն Արցախի Հանրապետության համար:



Այս առումով Հայաստանի Հանրապետության համար Արցախի հարցն առաջին հերթին դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ առկա հարց է, որը Հայաստանի Հանրապետությանը վերաբերում է այնքանով, որ Արցախի Հանրապետությունը հայկական պետություն է, որի բնակչության 99 տոկոսը հայեր են, եւ, հետեւաբար, այդ երկրի նկատմամբ ադրբեջանական ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետությանը կստիպի, որ վերջինս, իր ողջ ռազմաքաղաքական կարողություններն օգտագործելով, համապատասխան քայլեր ձեռնարկի՝ երաշխավորելու այդ անկախ հայկական պետության եւ նրա բնակչության անվտանգությունը:



Այսօր այս տեսակետից Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրն այլեւս մեր երկրի ապաշրջափակումը պետք է համարել: Եվ քանի որ Անդրբեջանն ու Թուրքիան, շրջափակելով Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն ոտնահարել են «աշխարհի հետ հաղորդակցվելու նրա բնական եւ անօտարելի իրավունքը», այլ նաեւ փորձ են անում Հայաստանի ապաշրջափակումն օգտագործել որպես «ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերմանը» համարժեք զիջում, ուստի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Բաքվին հասկացնել, որ Հայաստանի ապաշրջափակումն արցախաադրբեջանական հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ Հայաստանը կգնահատի որպես բանակցություններից խուսափելու համար օգտագործված նախապայման եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված թշնամական գործողություն եւ, հետեւաբար, իրեն իրավունք կվերապահի նախիջեւանյան երկաթուղու վերագործարկման համար, անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառել:



Այս առումով մենք վստահ ենք, որ այսօր արդեն ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ այս երկրի քաղաքացիական հասարակությունը ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ գործընթացում ներգրավված բոլոր կողմերին պետք է հստակ մեսիջներ ուղարկի այն մասին, որ Հայաստանի Հանրապետության համար, բացի «Հայաստանն ապաշրջափակելու օրակարգից», Ադրբեջանի հետ բանակցելու այլ օրակարգ ուղղակի չի կարող լինել: Եվ որպես հաստատում իր կողմից որդեգրվող այս նոր մոտեցման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի լուր աշխարհի պետք է հայտարարի, որ հետայսու հայ-ադրբեջանական ռազմաճակատի ցանկացած հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված ցանկացած սադրանք կպատժվի ոչ միայն արցախյան ռազմաճակատում, այլեւ ռազմաճակատի հայաստանանախիջեւանյան հատվածում:



**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**