ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը դասընթացներ է կազմակերպում

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը դասընթացներ է կազմակերպում
ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հարկային եւ մաքսային ծառայողների համար յուրաքանչյուր տարի, համաձայն տարեկան ուսումնական եւ վերապատրաստման պլանների, անցկացնում է դասընթացներ: Կազմակերպվող դասընթացները լինում են ուսումնական (առավելապես՝ մեկօրյա) եւ վերապատրաստման (քառօրյա) դասընթացներ: Յուրաքանչյուր ծառայող տարեկան առնվազն մեկ անգամ մասնակցում է վերապատրաստման դասընթացին՝ ավարտին անցնելով թեստավորում համակարգչային եղանակով:



Ինչ վերաբերում է մասնավոր ոլորտի համար կազմակերպվող դասընթացներին, հարկ է նշել, որ ուսումնական կենտրոնն ունի մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ կազմակերպվում են դասընթացներ հարկային եւ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, հաշվապահական ստանդարտների եւ ձեւակերպումների, գնումների մասին օրենսդրության, ինչպես նաեւ մաքսային օրենսդրության եւ ընթացակարգերի վերաբերյալ, որոնց մասնակցում են կազմակերպությունների ղեկավարներ, գլխավոր հաշվապահներ, հանրային հատվածի հաշվապահներ, մաքսային բրոքերներ, գնումների համակարգողներ, ինչպես նաեւ անհատ ձեռներեցներ եւ ֆիզիկական անձինք:



Մոտ օրերս՝ սեպտեմբերի 11-14-ը, ուսումնական կենտրոնը կազմակերպում է «ՀՀ հարկային օրենսգիրքը» թեմայով քառօրյա դասընթաց, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գլխավոր հաշվապահներ, հաշվապահներ, նաեւ ընկերությունների ղեկավարներ, անհատ ձեռներեցներ եւ ֆիզիկական անձինք: Միաժամանակ, նույն օրը Ուսումնական կենտրոնում կմեկնարկի «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով մեկօրյա դասընթացը:



Ուսումնական կենտրոնը մինչեւ տարեվերջ նախատեսում է շարունակել վերոնշյալ դասընթացների պարբերաբար կազմակերպումը, ինչպես նաեւ կազմակերպել դասընթացներ գնումների համակարգողների, հանրային հատվածի եւ սկսնակ հաշվապահների ու մաքսային բրոքերների համար: Դասընթացներին մասնակցողները հնարավորություն են ստանում ծանոթանալ օրենսդրության եւ ընթացակարգերի մեջ կատարված փոփոխություններին, ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:



**ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին**