Ոչ Պուտինն է բարկացած և ոչ էլ Փաշինյանը` վախեցած

Ոչ Պուտինն է բարկացած և ոչ էլ Փաշինյանը` վախեցած
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա լավ առիթ է դարձել հայաստանյան հասարակությանը ռուսական հաթաթաների հերթական չափաբաժինը ներարկելու համար: Հայաստանում իշխանափոխությունից հետո դեռ երբեք հայկական լրատվամիջոցներում ռուսաստանցի քաղաքագետների ու քաղաքական մեկնաբանների այսպիսի առատություն չէր եղել: Սրա բուն պատճառը, իհարկե, տարածաշրջանում աստիճանաբար ուրվագծվող նոր իրավիճակն է, սակայն Հայաստանում ռուսական քաղաքագիտական մտքի այս մասշտաբով ծավալմանը նպաստում են նաեւ հայ քաղաքագետների եւ քաղաքական մեկնաբանների շփոթվածությունն ու համավորիկ լռությունը: Ի՞նչ է պատահել ձեզ, պարոնայք, չէ՞ որ դուք այնքան ակտիվ էիք օրեր առաջ ու բանակներ էիք կազմել Քոչարյանի դեմ: Բա հիմա խոսեք, երբ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը վարչապետ Փաշինյանին մեղադրում է գրեթե Հայաստանի պետականությունը ոչնչացնելու մեջ:



Կարծում եմ` դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանն այսօր ոչ թե հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության խնդիրներով է մտահոգ, այլ փորձում է շատ ավելի մեծ ձուկ որսալ` ի դեմս Ադրբեջանի եւ Ալիեւի: Բնականաբար, Ղարաբաղի խնդրի շահարկումն այստեղ առանցքային հարց է դառնում, ինչը չի կարող չմտահոգել Հայաստանին, որովհետեւ Ռուսաստանն իսկապես վտանգավոր խաղ է սկսել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ, որը նախապես չի համաձայնեցրել ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս ազդեցիկ պետության` Իրանի հետ: Ի դեպ, Փաշինյանի հետ հանդիպման նախօրյակին Պուտինն այցելելու է նաեւ Թեհրան, որտեղ նրանից, հավանաբար, կհետաքրքրվեն, թե ինչպես է պատկերացնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ արեւմտյան կապիտալից եւ կոմունիկացիոն ծրագրերից հսկայական կախվածություն ունեցող Ադրբեջանի անցումը հակաարեւմտյան տարածք: Խաչատուրովի եւ Քոչարյանի հետ կապված այս ողջ պատմությունը, որ Մոսկվան սահուն կերպով հասցրեց ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ շնորհելու «սարսափելի» մտքին, լուրջ մարտահրավեր է` ուղղված առաջին հերթին Արեւմուտքին եւ, ըստ էության, շատ քիչ կապ ունի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի հետ:



Հազիվ թե ՀԱՊԿ-ում լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակ ունեցող Ադրբեջանն ավելի վտանգավոր լինի Հայաստանի համար, քան անարգել կերպով արեւմտյան սպառազինություններ ձեռք բերող եւ մեր անվտանգության միակ համակարգի` ՀԱՊԿ-ի դեմ պայքարող Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա միանշանակ է, որ այն կարող է վերջնականապես կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, որովհետեւ ցանկացած ուժային լուծում կնշանակի արդեն պատերազմ հենց ՀԱՊԿ-ի ներսում, ինչն այդ կազմակերպությունը թույլ տալ չի կարող: Հայաստանին, սակայն, նույնիսկ նման սցենարը չի կարող չմտահոգել, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան առանցքի վրա Ռուսաստանի մեծ խաղն ինքնին վտանգավոր է եւ կարող է արժանանալ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի բուռն արձագանքին` Հարավային Կովկասը դարձնելով առճակատման նոր թատերաբեմ:



Ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետներն այս նուրբ հարցի մասին, բնականաբար, չեն խոսում եւ փորձում են ՀՀ իշխանություններին միակողմանի մեղադրել իրենց դաշնակցային պարտավորություններում թերանալու, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն ստեղծելու, Ղարաբաղի հարցում հստակ կողմնորոշում չունենալու, Եվրոպայի հետ սիլիբիլի անելու եւ այլնի մեջ: Նույն մտայնությամբ նրանք վարչապետ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա ներկայացնում են որպես մի պրոցեդուրա, որի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը, իբր, պատրաստվում է խիստ խոսակցություն ունենալ նրա հետ: Սա ամենաքիչը ծիծաղելի է արդեն, որովհետեւ Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումներին «մի փոքր» ավելի են տեղյակ, քան այն նույն քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնց գործը հասարակությունների հետ աշխատելն ու որոշակի տրամադրություններ հասունացնելն է: Նկատենք նաեւ, որ մինչ օրս ո՛չ Մոսկվան եւ ո՛չ էլ Երեւանը չեն խոսում Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգի մասին: Հայտնի չէ, թե ինչ են քննարկելու նրանք, սակայն ենթադրություններ են շրջանառվում, թե Պուտինը «բարկացած է», իսկ Փաշինյանը` «վախեցած»: Նման ստերով միայն հասարակություններ կարելի է կերակրել, մինչդեռ քաղաքական շրջանակները, հատկապես՝ հայաստանյան, շատ լավ են հասկանում, որ ամենեւին էլ պատահական չէ, որ մինչեւ Փաշինյանի հետ հանդիպումը Պուտինը հանդիպում է Ադրբեջանի, իսկ հետո՝ նաեւ Իրանի ղեկավարության հետ:



Մեր քաղաքագետներն այս ազդակները պետք է վերլուծեն, որ ռուսաստանցի վերլուծաբանները չկարողանան իրենց այսպես ցուցադրել հայկական լրատվամիջոցներում: Նրանց այս կարգի ելույթներն ու հարցազրույցներն առանձնապես չեն նպաստում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, բայց, փոխարենը, ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունների կողմից միմյանց վրա Ռուսաստանից տղա բերելու թյուր տպավորություն են ստեղծում եւ էլ ավելի պառակտում մեր առանց այդ էլ ներսից պառակտվող հասարակությունը:



Օգտվելով առիթից` հերթական անգամ դիմում եմ մեր բոլոր նախկին նախագահներին` մի կողմ դրեք անձնական ամբիցիաները եւ հանդես եկեք միասնական հայտարարությամբ, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, ոչ մի կերպ չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ որեւէ խնդիր չի հարուցել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի համար:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**