Մշտադիտարկում ենք միմյանց

Մշտադիտարկում ենք միմյանց
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները համարում է զորավարժություն` պատերազմից` ԱԺ ընտրություններից առաջ: Շատերն են այդպես մտածում` անտեսելով, սակայն, որ Երեւանի ընտրությունը, այնուամենայնիվ, ՏԻՄ ընտրություն է եւ իր տրամաբանությամբ խիստ տարբերվում է ԱԺ ընտրություններից: Իմ կարծիքով` Երեւանի քաղաքապետի ընտրությունն ԱԺ ընտրություններից առաջ ոչ միայն զորավարժություն լինել չի կարող, այլեւ նախավարժանք, ինչն իր հարցազրույցում (մի փոքր ավելի ուշ) փաստում է նաեւ ինքը` Էդմոն Մարուքյանը, երբ սկսում է խոսել ԱԺ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր համագործակցության մասին: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չհամագործակցեցիք Երեւանի ընտրություններում, որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ հասկանայիք, թե ինչ ընդհանուր գաղափարներ եւ ինչ ընդհանուր ընտրազանգված ունեք: Դատելով Մարուքյանի խոսքից` իրենք նույնիսկ անակնկալի են եկել, երբ իմացել են, որ «Ելք» դաշինքի անդամ «ՔՊ»-ն արդեն քննարկել է Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցը եւ նույնիսկ քաղաքապետի սեփական թեկնածու ունի: Ես պարոն Մարուքյանին կառաջարկեի այդ շփոթմունքը հաղթահարելու համար մի փոքր ետ գնալ եւ հիշել ապրիլ-մայիսյան ցույցերը, որոնց ժամանակ, թույլ տվեք ասել, պառակտվեց «Ելք»-ը: Նաեւ մի զավեշտալի դեպք հիշեցնեմ պարոն Մարուքյանին, եթե, իհարկե, մոռացել է: «Լուսավոր Հայաստանից» չէ՞ր այն երիտասարդը, որը քիթը բռնել էր, երբ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆակել էր վառում ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանն այն գործիչը չէր, որ միայնակ տարած հաղթանակից հետո այդ հաղթանակի դափնիները կիսեր ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ կոկորդիլոսի արցունքներ թափող Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի հետ: Սա պետք է հասկանա (գուցե նաեւ հասկացել է) Էդմոն Մարուքյանը, որ անիմաստ հույսեր չկապի առաջիկա ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի բարյացակամության հետ:



Չար լեզուները նաեւ ասում են, որ Երեւանի ընտրություններից առաջ «Ելքի» տրոհումն «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքների միտումնավոր է կատարվել, որ քաղաքապետարանում այդ ուժերը կոալիցիա կազմեն, եւ «հեղափոխականները» հնարավորություն ստանան տնօրինելու մայրաքաղաքի բյուջեն եւ մյուս հարցերը: Ես դժվարանում եմ հավատալ այս խոսակցություններին, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքն այսօր խոսում է ՀՀԿ-ի ընտրական ռեկորդները գերազանցելու մասին, իսկ իրեն չսատարողներին որակում «սեւ ուժեր»: Սա ահազանգ պետք է համարել բոլորի, այդ թվում եւ «Լույս» դաշինքի համար:



Էդմոն Մարուքյանի հարցազրույցում, որի ժամանակ նա գովերգում է «Լույս» դաշինքն ու դաշինքի առաջատար Արտակ Զեյնալյանին, կա մի հետաքրքիր դրվագ, որտեղ նա խոսում է մյուս քաղաքական ուժերի ուղղությամբ իրենց մշտադիտարկումների մասին: Մարուքյանը նշում է, որ դա չեն անում մյուսներին քննադատելու, սեւացնելու նպատակով, այլ որովհետեւ նրանց համարում են մրցակից եւ փորձում են չկրկնել նրանց: Անշուշտ, գնահատելի մոտեցում է, բայց անհասկանալի է, թե ինչու է այս մասին խոսում Էդմոն Մարուքյանը եւ ոչ թե, ասենք, «Լույս» դաշինքի շտաբի պետը, որի անունն ընդհանրապես հայտնի չէ որեւէ մեկին: Մենք գիտենք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սիրում է, առհասարակ, միջամտել քաղաքապետների ընտրություններին: Հիշենք թեկուզ Վանաձորի ընտրությունները, երբ նա համարյա ձեռնամարտի էր նետվել մրցակից ուժի թեկնածուի հետ: Այսօր էլ՝ ընտրարշավը չսկսված, Մարուքյանը հայտարարում է, որ «Լույս» դաշինքի թեկնածուն ամենալավ քաղաքապետը կարող է լինել եղած թեկնածուներից: Ըստ երեւույթին, սա էլ Մարուքյանի մշտադիտարկման հետեւանքն է, բայց, եկեք ընդունենք, ԱԺ պատգամավորին ոչ հարիր զբաղմունք` այս դեպքում:



Մինչ Էդմոն Մարուքյանի այս դիֆերամբը, Արտակ Զեյնալյանին՝ որպես իրավապաշտպանի, ես էլ էի համակրում: Էդմոն Մարուքյանը, սակայն, փորձում է հավատացնել, որ Զեյնալյանը նաեւ լավ բժիշկ եւ հայտնի ազատամարտիկ է: Շատ ներողություն, պարոն Մարուքյան, հավանաբար, կարիք կա, որ Դուք մի փոքր ավելի հանգամանալից խոսեք «Լույս» դաշինքը գլխավորող թեկնածուի մասին, այլապես նման նորությունները չի կարելի հընթացս ասել եւ առաջ անցնել: Նշեք, օրինակ, մարտական գործողությունները, որոնց մասնակցել է Արտակ Զեյնալյանը: Ինձնից մի նեղացեք, խնդրում եմ, պարզապես մեր շուրջը դեռ կան ազատամարտիկներ, որոնք կարող են ճիշտ չհասկանալ Ձեզ:



Եվ էլի մեկ մշտադիտարկում՝ արդեն իմ կողմից: Պարոն Մարուքյան, իմ դիտարկումներով` Դուք բավականին հաճախ եք հյուրընկալվում խիստ որոշակի շրջանակների սպասարկող լրատվամիջոցներում, ինչը չի կարող պատահական համարվել: Կարծում եմ` անհիմն չեն նաեւ այն պնդումները, որ «Լույս» դաշինքին սատարում են նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ, որոնք այդ նույն շրջանակների մարդիկ են: Այնպես որ՝ նուրբ պահեր շատ կան, որոնք կարող են բացահայտվել, եւ հանկարծ կպարզվի, որ Երեւանի ընտրություններն ամենեւին էլ մեր իմացած անմեղ ընտրությունները չեն եւ ծառայելու են ժողովրդի համար աննկատ ու սահուն կերպով նախկին իշխանության «նոր» դեմքերին պաշտոնների բերելու «սուրբ» գործին: Այստեղ ես կարող եմ Ձեզ հետ համաձայնել, որ Երեւանի ընտրությունները զորավարժություն են ԱԺ ընտրություններից առաջ:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**