Ճիշտ կլիներ նախ Խաչատուրովին հետ կանչելու գործընթաց ձեռնարկվեր, նոր որպես մեղադրյալ ներգրավվեր

Ճիշտ կլիներ նախ Խաչատուրովին հետ կանչելու գործընթաց ձեռնարկվեր, նոր որպես մեղադրյալ ներգրավվեր
Հայաստանը, ինչպես հայտնի է, նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթաց։ ՀՀ կառավարության այս քայլը եւ հատկապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործի հարուցումն արժանացել են քննադատությունների, թե ինչու ենք նման արկածախնդիր քայլի գնում, երբ մեծ դժվարությամբ է մեզ հաջողվել ՀԱՊԿ-ում քարտուղարության պոստը ստանձնել։ Կառավարության պատճառաբանությունը կապված է Մարտի մեկի հետ, որի վերաբերյալ հարուցված քրեական գործով անցնում է նաեւ Խաչատուրովը։ Մերոնք ուզում են հետ կանչել նրան, փոխարենն այլ անձ ուղարկել։ Բայց Ռուսաստանից ու նաեւ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, մասնավորապես՝ Բելառուսից, արդեն հստակ մեսիջներ կան, որ հետ կանչելու դեպքում արդեն այլ թեկնածու չենք կարողանա առաջադրել, եւ ռոտացիոն կարգով պաշտոնը կանցնի Բելառուսին։



ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ կլիներ նախ ձեռնարկել ՀԱՊԿ-ից Խաչատուրովին հետ կանչելու համապատասխան ընթացակարգ, հետո նոր նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։



«Մենք պետք է նկատի ունենանք, որ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, եւ այս դեպքում, կարծում եմ, շատ ավելի նպատակահարմար եւ խոհեմ կլիներ, որպեսզի մենք նախնական որոշակի գործընթացներ իրականացնեինք ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի շրջանակում, եւ եթե հետկանչման որոշակի մեխանիզմներ կային, ապա նախեւառաջ համապատասխան քայլեր ձեռնարկվեին, նոր միայն դրանից հետո քննության առարկա լիներ կոնկրետ անձի՝ որպես մեղադրյալ ներգրավելու խնդիրը»,- ասաց Կորյուն Նահապետյանը։



**-Ռուսաստանի, նաեւ Բելառուսի նախագահի կողմից ուղղակի կամ անուղղակի ակնարկներ եղան, որ եթե հետ կանչենք Խաչատուրովին, այլեւս չենք կարողանա այլ թեկնածու առաջադրել, եւ քարտուղարությունը կանցնի Բելառուսին։ Կա՞ նման հավանականություն։**



-Ես կարծում եմ՝ ոչ միայն ակնարկներ են հնչել, այլ նաեւ կոնկրետ հայտարարություններ են եղել, եւ կոնկրետ դեպքերում նման հայտարարությունները պետք է ամբողջապես տեղավորվեն ՀԱՊԿ համապատասխան փաստաթղթերի շրջանակում։ Եթե այդ փաստաթղթերը նախատեսում են համապատասխան ընթացակարգեր, բնականաբար, յուրաքանչյուր անդամ պետություն կօգտվի իր հնարավորությունից՝ ելնելով իր շահերից եւ իր հնարավորությունից։



**-Տեսակետ կա, սակայն, որ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ-ում, թե մեկ ուրիշը, մեկ է՝ դրանից որեւէ օգուտ չկա մեզ համար։**



-Գիտե՞ք, ես չեմ ուզում թերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի դերը, բոլոր դեպքերում մենք պետք է կարեւորենք այդ կառույցը, որին մենք անդամակցում ենք, եւ որի շրջանակներում մենք լուծում ենք մեր երկրի անվտանգության հետ կապված կարեւորագույն խնդիրներ։ Այն, որ այդ կառույցում նույնպես կան որոշակի խնդրահարույց հարցեր, դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է թե՛ Հայաստանի նախագահության շրջանում եւ թե՛ նաեւ դրանից առաջ։ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մենք տարբեր խնդիրներ եւ հարցադրումներ ենք հնչեցրել, այդ թվում նաեւ այս կառույցի առավել ակտիվ ներգրավվածության ուղղություններով մեր տարածաշրջանում, նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներով։ Բայց ուզում եմ փաստել, որ այդ կառույցը մեզ համար չափազանց կարեւոր է, եւ մենք պիտի ջանքեր գործադրենք, որ կառույցն ավելի ամրապնդենք։



**-Խաչատուրովն արդեն մեկ տարի է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է։ Այս մեկ տարվա ընթացքում որեւէ շոշափելի արդյունք կարո՞ղ ենք մատնանշել, որ ունենք հենց Խաչատուրովի շնորհիվ, եւ դրա համար արժի պայքարել, որ նա շարունակի մնալ այդ պոստում։**



-Դուք շարունակում եք գերկենտրոնացնել անձի դերակատարումը։ Ես այստեղ առավելապես կուզենայի տեսնել, որ կան որոշակի սկզբունքներ, կանոններ եւ ընթացակարգեր՝ այս կառույցում ձեւավորված։ Եվ, բնականաբար, եթե գործում է ռոտացիոն սկզբունք, եւ այդ ռոտացիոն սկզբունքով գլխավոր քարտուղարի պաշտոնը որոշակի ժամանակահատվածում հասանելի է եղել ՀՀ ներկայացուցչին, ապա ընտրվել է կոնկրետ թեկնածու, եւ ՀԱՊԿ ղեկավար մարմնի կողմից կայացվել է համապատասխան ընտրություն։ Դուք գիտեք, որ երկար ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է ՌԴ ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, եւ ամբողջ խնդիրը կայացել է նրանում, որ կանոնները պետք է գործեին այնպես, ինչպես ամրագրված էին համապատասխան փաստաթղթերով։



**-Բայց միշտ դժգոհում էին, որ չեն գործում առնվազն մեր մասով․ Ադրբեջանը ոտնձգություն էր կատարում Հայաստանի սահմանների նկատմամբ, իսկ ՀԱՊԿ-ն դա անարձագանք էր թողնում։ Հիմա ունե՞նք այդ առումով բարելավում Խաչատուրովի քարտուղարության պայմաններում։**



-Կարծում եմ, որ մեր ակնկալիքները որոշ դեպքերում չափազանցված են, եւ դա գալիս է նրանից, որ առանձին վերլուծաբաններ լավ տեղեկացված չեն ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերին, թե որ դեպքում ՀԱՊԿ համապատասխան ուժերը կարող են ներգրավվել։ Եթե ծանոթ լինեն, կարող են շատ պարզ հասկանալ, որ եթե այդ փաստաթղթերով նախատեսված չէ միջամտության որոշակի հնարավորություն, ապա չէր էլ կարող միջամտել։ Եվ այդ առումով, եթե մենք ունենք նոր մոտեցումներ ՀԱՊԿ-ի հետագա ռազմավարության հետ կապված, նրա կատարելագործման հետ կապված, կարծում եմ՝ նաեւ նոր իշխանությունները կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել։



**-Լավրովի այն հայտարարությունից, թե մեր պայմանավորվածությունները շարունակում են մնալ ուժի մեջ, կարելի՞ է ենթադրել, որ եթե Խաչատուրովին մենք հետ կանչենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստը չենք կորցնի եւ կկարողանանք այլ թեկնածու ներկայացնել։**



-Այս պահին միանշանակ չեմ կարող գնահատել։ Իհարկե, ես կարեւորում եմ այս կազմակերպության հետագա հեղինակության հետ կապված խնդիրը։ Եվ մենք, լինելով այդ կազմակերպության անդամ, պետք է ուղղակի հեղինակությունն ամրապնդելու ողջամիտ քայլեր ձեռնարկենք, այլ ոչ թե հակառակը։ Եվ չձեռնարկենք հապճեպ գործողություններ, չհասկացված գործողություններ, որոնք կարող են որեւէ կերպ վնասել կառույցի հեղինակությունը, որի մասն են կազմում։ Եվ այդ առումով հուսով եմ, որ այն սխալները, որոնք թույլ տրվեցին վերջին ժամանակահատվածում, դրանք ճիշտ կգնահատվեն, ու նաեւ համապատասխան հետեւություններ կանեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**