Ում մերժել, ում չմերժել

Ում մերժել, ում չմերժել
Ինչքան կարելի է եզրակացնել վերջին շրջանի իրադարձություններից՝ մենք դեռ երկար պիտի «մերժենք» նախկիններին, ապրենք նրանց դեմ կռվելով, նրանցից ոմանց հանդուրժելով, բայց նրանց մեջ տեսնելով մեր վատ ապրելու պատճառները։ Երեկ, օրինակ, Երեւանի պետական համալսարանի «Ռեստարտ» նախաձեռնությունը նոր ակցիա է արել՝ համալսարանի պատից կտրել-հանելով ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Ոմանք կասեն՝ «հասնում է՝ տասը տարի կեղեքել է մեզ», մյուսները կմեղադրեն, թե՝ չի կարելի պատմությունը ջնջել՝ մենք 90-ականներին ջնջել-ավիրելու մի մեծ ու վտանգավոր փուլ ենք անցել, երրորդները կհանդիմանեն, թե սա՞ է ձեր «սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը»։



Անձամբ ես ժամանակին դեմ էի անգամ Լենինի արձանը հանելուն՝ պատմական անցյալի դեմ վանդալիզմով չի կարելի պայքարել եւ պատմությունից պետք է դասեր քաղել ու մտածողության հեղափոխություն անել, ոչ թե բոլշեւիկյան։ Մանավանդ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի հետ նրա բոլոր թիմակիցներն ու համախոհները, նրա տարեկիցներն ու բոլոր «մեղավորներն» են հեռանում։ Պետք էլ չէ, ի վերջո՝ մարդիկ պետք է ապրեն եւ աշխատեն, անգամ եթե նրանք «հանցավոր կլանի» անդամ են եղել։



Ասենք՝ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը գերադասելի Հովիկ Աբրահամյանից կամ Խոսրով Հարությունյանից․ նրանք՝ բոլորն էլ մեր նախկին վարչապետներն են եղել։ Բայց երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային խորհրդի կազմում կրկին առաջադրվեց Վազգեն Մանուկյանը, եւ ենթադրվում է, որ հենց ինքն էլ կզբաղեցնի ՀԽ նախագահի պաշտոնը։ Կամ ինչո՞վ չեն բավարարում այսօրվա իշխանություններին Հրանտ Բագրատյանը, Պետրոս Մակեյանը եւ շատ ուրիշներ, որոնց պոտենցիալը չի օգտագործվում, իսկ, ասենք, Վիճակագրության կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանը դեռ կա։