Պատգամավո՞ր, թե՞ քաղաքապետ

Պատգամավո՞ր, թե՞ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետի ու ավագանու թեկնածուներն արդեն քրտնաջան ձեռնամուխ են եղել քարոզարշավին։ Հանդիպումների են գնում, տարբեր թաղերում մարդկանց խնդիրներին արձագանքում, խոստումներ տալիս, լայվեր մտնում։ Անգամ ընտրական շտաբներ են բացել։ Այսօր, օրինակ, տեղեկություն տարածվեց, որ Աջափնյակում ԲՀԿ-ի համար ակտիվ աշխատանքներ է տանում Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը, որը ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանի հետ խնամիական կապի մեջ է։ Թեկնածուից մեր լրագրողը հետաքրքրվել է՝ ո՞ւմ զանգով է Սահակյանն իր համար աշխատում, թե՞ ազգակցական կապով է պայմանավորված աջակցությունը, Զոհրաբյանը նշել է, թե ինքը տեղյակ չէ՝ ովքեր են աշխատում, կազմակերպչական հարցերով ինքը չի զբաղվում․ «Չեմ կարծում, համենայն դեպս, որ Արման Սահակյանն այդ մարդկանց ցուցակում է»։



Եվ կատակել է, որ իր ազգականներից շատերն իրեն չեն ընտրելու՝ ունեն նախընտրած այլ թեկնածուներ․«Իմ ազգականներից մեկն, օրինակ, ասել է, որ գնալու է Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկի, շատ մոտ ազգականներից մեկն էլ՝ Անահիտ Թարխանյանին»։ Իսկ ժամանակից շուտ քարոզարշավ անելու վերաբերյալ ասել է․ «Այնպես չէ, որ ես նոր եմ գնում ահազանգերի ետեւից։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես որեւէ ահազանգ՝ կլինի քրեակատարողական հիմնարկներից, աղբավայրերից, թե գրավաճառներից, որ իրենց տեղահանում են հատկացված տեղերից, արձագանքել եմ»։ Դիտարկմանը, որ նախկինում չէր մագլցում շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վրա, նշել է․«Չի եղել նման առաջարկ, չի եղել նման միջադեպ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչի տակ փորձում են ենթատեքստ տեսնել, բայց ես անում եմ պատգամավորի իմ գործունեությունը»։