Կրթության տեսչական մարմինը թաքցրել է խախտումը, որի հետեւում Աշոտյանն է

Կրթության տեսչական մարմինը թաքցրել է խախտումը, որի հետեւում Աշոտյանն է
Ինչպես հայտնի դարձավ ոստիկանության մերձ աղբյուրներից, Կրթության տեսչական մարմինը վերջերս բախվել է մի խրթին հարցի, որի թելերը նրանց տարել են դեպի ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյան։



Պարզվում է՝ երկու-երեք տարի առաջ Աշոտյանը Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն է նշանակել մեկին, ում փաստաթղթերը չեն համընկնում պաշտոնի նկարագրին։



Հեղափոխությունից հետո պատահական ստուգումներից մեկի ժամանակ ջրի երես է բարձրացել այդ հարցը, սակայն Աշոտյանին հավատարիմ-երախտապարտ տեսչականները ամեն կերպ ձգձգել են կեղծիքի հրապարակումը, քանի որ պարզվում է՝ Աշոտյանը լավություն է արել արյունաբանության ինստիտուտի տնօրենին (քոլեջի տնօրենը նրա քրոջ տղան է), որն էլ իր հերթին Սերժ Սարգսյանին է ժամանակին «բուժած» եղել։



Հիմա Տավուշի մարզային ոստիկանները չգիտեն ինչպես վարվել, և հարցը չորրորդ ամիսն է՝ մնում է բաց։



Կրթության տեսչությունից մեզ փոխանցեցին՝ բողոք են ստացել, որ Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենը պաշտոնի հետ փաստաթղթային անհամապատասխանություն ունի, տեսուչները, ստուգումներ իրականացնելով, հայտնաբերել են․ «Մենք դիմել ենք ոստիկանությանը, իրենք էնտեղ ուսումնասիրություն են անցկացրել, այնուհետեւ մեզ պատասխան են ուղարկել, որ հարուցված է քրեական գործ։ Մարզի կրթության վարչությունից մենք նաեւ ստացել ենք, որ քրեական գործ է հարուցված եւ ընդհանուր առմամբ ընթանում է քննություն։ Ամբողջական ինֆորմացիա, որ կարողանամ ձեզ տրամադրել, չեմ կարող, պետք է դիմեք մարզի կրթության վարչություն»։



Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ հետաքննություն է իրականացվել, որի հետեւանքով որոշում է կայացվել սեպտեմբերի 3-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը մերժել՝ քրեական դատավարության օրենսդրության 35 հոդվածի 1-ին մասի 1-ին հատկանիշներով (բացակայում է հանցագործության դեպքը)։



**Աննա Պապիկյան**